Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՊՆ առաջին բանակային կորպուսի շտաբի պետը ծեծում ու ստորացնո՞ւմ է իր ենթականերին

Ապրիլ 15,2014 17:17

Aravot.am-ին հասած ահազանգի համաձայն՝ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի շտաբի պետ Նորայր Ամիրխանյանը ծառայողական չնչին թերացումների համար ստորացնում ու հայհոյում է ենթականերին:

Պարոն Ամիրխանյանի կողմից նվաստացվել են մարտական պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արտակ Պողոսյանը, փոխգնդապետ Հայկազ Սահակյանը, որին պարոն Ամիրխանյանն ասել է՝ դիմումդ գրի ու գնա: Պարոն Ամիրխանյանի «դռբի տակ է» ընկել նաեւ իրավաբան Արման Մնացականյանը, ում պարոն Ամիրխանյանը, ըստ մեր տեղեկությունների, ասել է «ս…րդ քաշիր այստեղից»:

Ըստ ահազանգի՝ նա ծեծել է նաեւ մի ենթասպայի, որը հարվածով պատասխան է տվել շտաբի պետին:

Մեր փոխանցված տեղեկություններով, պարոն Ամիրխանյանից դժգոհ ու նրա կողմից ստորացված անձինք որոշել են իրենց մեթոդներով պատասխանել շտաբի պետին եւ առաջիկայում «ռազբորկաներ» են սպասվում:

Հիշեցնենք, որ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը պարբերաբար կրկնում է, որ բանակում փողոցային բարքերն ու ժարգոնը պետք է վերանան:

Նույն աղբյուրների համաձայն, պարոն Ամիրխանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է: Նա նաեւ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու մտերիմն է:

Aravot.am-ը զրուցեց նաեւ Նորայր Ամիրխանյանի հետ: Նա վստահեցրեց, որ իր ենթակաների հետ խնդիրներ չունի, մթնոլորտն ու հարաբերությունները նրանց հետ լարված չեն, իսկ հայհոյանքների ու ենթականերին վիրավորելու լուրերը կտրականապես հերքեց. «Մարդիկ կան, ծառայության ժամանակը լրացել է, ուզում են զորացրվեն, մարդիկ կան, որոնց ծառայության ժամկետը լրացել է, ուզում են մնան, բայց չեն համապատասխանում: Հազար նրբություններ կան, բայց ձեր ասածները իրականությանը չեն համապատասխանում: Ում ոնց ձեռ է տալիս՝ սեփական աղբյուրներով ներկայացնում են…. ես գնդապետ տղա եմ, իմ տարիքը, կոչումը, պաշտոնը թույլ չի տալիս նման կերպ վերաբերվել»:

Նա ասաց, որ ինքը չի որոշում` ով մնա ծառայության մեջ, ով` չէ, որ ինչ-որ մեկին ասի` դիմում գրի գնա. «Այնտեղ կա հրամանատար, որը որոշում է` ով մնա, ով` ոչ»:

Նորայր Ամիրխանյանը կրկին պնդեց՝ նույնիսկ տարաձայնություններ էլ չունի ենթակաների հետ, բայց. «Բացարձակ խնդիրներ չկան: Կարող է ծառայության մեջ մեկին ավելի խնդիր դնենք, մեկից ավելին պահանջենք, բայց ինչ վերաբերում է այդ կարգի, որ դուք եք ներկայացնում, աբսուրդ բաներ են»:

Պարոն Ամիրխանյանը մոտ մեկ տարի է, ինչ նշանակվել է շտաբի պետ, մինչ այդ նա Նոյեմբերյանում էր ծառայություն իրականացնում որպես հրամանատար: Մեր տեղեկություններով, անհասկանալի հանգամանքներում նրա մեքենան այրվել էր: Ամենահավանական վարկածը համարվում էր նրանից դժգոհ ու վիրավորված զինվորների կողմից մեքենան այրելու տարբերակը:

Նորայր Ամիրխանյանը, սակայն, հերքեց, թե իր մեքենան այրել են. «Ինչ-որ ասել են՝ հերյուրանք է, իրականությանը չի համապատասխանում: Իմ մեքենան չի այրվել, նման բան չէր կարող լինել»:

Նա բարկացավ այն պնդումներից, թե Խաչատուրովի որդու մտերիմը լինելու հանգամանքն է նրան արտոնություններ տվել. «Հովանավոր ե՞ք ման գալիս, դա ինչ է նշանակում»: Նա, սակայն, ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց ԶՈՒ շտաբի պետի որդու հետ մտերմության հանգամանքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930