ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը որեւէ մանրամասն չի հաղորդում երեկ ուշ երեկոյան քառյակի հանդիպման ու ընդունված որոշումներին մասին:
Aravot.am-ը տեղեկացրել է, որ երեկ հրաշալի քառյակը շարունակել է հանդիպումը: Այն ավարտվել է կեսգիշերն անց:
Այսօր խմբակցության մոտ իրեն սպասող լրագրողներին Լեւոն Զուրաբյանը համբերություն մաղթեց եւ խոստացավ, որ արդյունքների մասին կտեղեկանանք այսօրվա ընթացքում. «Արդյունքներն այսօր կիմանաք: Դրանք կլինեն բոլորի համար բաց: Մի քիչ համբերություն, այս պահին, ցավոք սրտի, ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ինչ-որ գործընթաց է ընթանում, որը պետք է ավարտին հասնի»: Նա, բայց այդպես էլ չպարզաբանեց` հայտարարությո՞ւն է տարածվելու, թե այլ ճանապարհով է տեղեկություն հրապարակվելու:
Aravot.am-ի հարցին` երեկ երեկոյան որոշում կայացվե՞լ է, Լ եւոն Զուրաբյանը պատասխանեց, որ անհրաժեշտ որոշումները կայացվել են, բայց այդ որոշումների և որոշումներից բխող ընթացքների մասին կտեղեկանանք այսօր`ավելի ուշ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հարցին, թե քառյակի հետագա համագործակցությունն ու դրա ձևաչափը փաստորեն կախված է այսօրվա կոնսուլտացիաներից, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Բնականաբար կոնսուլտացիաներից շատ բան կախված է, եթե կախված չլիներ, ապա դրանք էլ ինչի՞ համար են»:
«Նախագահը, համաձայն Սահմանադրության, դիմել է մեր ֆրակցիային կոնսուլտացիաների համար: Մենք պիտի՞ այդ հարցը քննարկենք»,- իրեն խմբակցության մոտ սպասող լրագրողներին նախատեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա նախատինքին միացավ միջանցքում խմբակցության նիստի մեկնարկին սպասող Գագիկ Ջհանգիրյանը. «Երեխեք ջան, կյանքներս կերաք: Հերիք ա, ասեց`լսիք, վայյյյյյ: Որ բան ունենար`կասեր: էդքան խոշտանգեցիք`տեսաք բան չի ասում…»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ