Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետը նկարում է սարդոստայններով

Մարտ 12,2014 14:15

Հանուն արվեստի՝ Անդրանիկ Ավետիսյանը թողել է հաջողակ բիզնեսը

Անդրանիկ Ավետիսյանը (Ադօ) նկարում է բնական սարդոստայններով: Նման ինքնատիպ ոճը հետաքրքրություն է առաջացրել արտերկրում, իսկ Հայաստանում քչերը գիտեն այդ մասին: «Առավոտի» հետ զրույցում Անդրանիկ Ավետիսյանը պատմում է, որ մեծացել է նկարիչների մթնոլորտում, հայրը նկարիչ է եղել, հոր ընկերները՝ դարձյալ նկարիչներ ու արվեստաբաններ: Իրենց տանը հաճախ են եղել նկարիչ Աշոտ Հովհաննիսյանը (Դեղձ Աշոտը), արվեստաբան Ռոբերտ Աճեմյանը եւ մյուսները: Արվեստագետն ասում է, որ իր ուղեկիցը արվեստն է եղել, չնայած մի շրջան բիզնեսով էր զբաղվում, բայց իր ձեւակերպմամբ՝ ուղեղումս միշտ արվեստն էր: Ժամանակին նկարել է յուղաներկով, ստեղծել աբստրակտ ոճի գործեր: «Միշտ ուշադրություն դարձրել եմ սարդոստայններին, չեմ հասկացել ու այս պահին էլ չեմ հասկանում, թե ինչն էր պատճառը, որ ամեն անգամ, մի 30 վայրկյան կենտրոնանում էի դրանց վրա: 2012 թվականի ամառն էր, հերթական աշխատանքի ժամանակ մի սարդոստայն տեսա պատուհանի մոտ ու սկսեցի մտածել կյանքում ամեն ինչի փոխկապակցված լինելու, մարդկանց մեջ կենդանիներից հատկանիշներ ունենալու մասին: Գլխումս միտք հղացավ, որ սարդոստայնը բնության մեջ էներգետիկ կապի պատկերն է, վերարտադրությունը: Մտածեցի՝ հնարավոր չէ՞ այս նուրբ «մարմնից» ստանալ նկարներ: Հետո սկսեցի ուսումնասիրել սարդերին, նրանց գործած սարդոստայնները: Այժմ մի փոքր սենյակ ունեմ, որտեղ սարդոստայններ հավաքեցի, սարդեր բերեցի բաց թողեցի այդ տարածք, որպեսզի գործեն: Հետո տարբերակ մտածեցի, թե ինչպես ե՛ւ ստացած սարդոստայնները, ե՛ւ բնությունից վերցրածները գունազարդել ու ստանալ նկարչություն»,- պատմում է մեր զրուցակիցը: Հավելում է, թե մինչեւ այս տարվա հունվար ամիսը շատ մարդ չէր տեսել իր աշխատանքները, միայն մտերիմներն էին ծանոթ «սարդոստանային» նկարչությանը: Անդրանիկ Ավետիսյանը համեստորեն պատճառաբանում է, թե չի սիրում նկարվել, ցուցադրել, եթե ցուցահանդես էլ կազմակերպվի, կուզենա իր նկարները ցուցադրվեն, ինքն այդ պահին ներկա չլինի, փակված ստեղծագործի իր արվեստանոցում:

andranik2Նշենք, որ նկարչի աշխատանքները երաժշտական անվանումներ ունեն, կրում են Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Մարիկոնեի եւ այլոց ստեղծագործությունների վերնագրերը: Հեղինակը երաժշտություն-սարդոստայն կապը չի կարողանում բացատրել, ասում է՝ շատ է սիրում հատկապես դասական երաժշտություն եւ աշխատելիս կոնկրետ երաժշտական գործ է տեսնում տվյալ սարդոստայնի յուրաքանչյուր գծի մեջ:

Ինչպես արդեն վերեւում նշել էինք, նրա ստեղծագործությունների վերաբերյալ արձագանքները դրսից են՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից: Դրանց մասին նկարիչներն ու արվեստաբանները տեղեկացել են հեղինակի Ֆեյսբուքի էջից եւ օնլայն պատկերասրահից: Օրինակ, ԱՄՆ-ից վերջերս Art Times ամսագրի խմբագիրն է կապվել իր հետ, ասել, որ այդ ոճը հայտնություն էր:

Անդրանիկ Ավետիսյանը նշում է, որ երբեմն իր նկարների էլեկտրոնային տարբերակները տեսնելով, դրանք լուսանկարի տեղ են ընդունում. «Երեւի նորություն է, դրա համար էլ չեն պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը: Մյուս կողմից էլ՝ կասկածում եմ այդ նորության վրա: Ախր միլիարդավոր մարդիկ են ապրում երկրագնդի վրա, ամեն վայրկյան բոլորը մտածում են, մի տեսակ չեմ կարողանում հավատալ, թե առաջինը ես եմ նման բան ստեղծել: Գիտեմ, որ 16-17-րդ դարերում սարդոստայնից կտավներ են ստացել ու վրան նկարել են, բայց միայն այդքանը…»:

Նկարիչը չի սիրում, երբ իրեն հարցնում են, թե որ ուղղության, ոճի մեջ է ստեղծագործում: «Ինձ համար ոճն էական չէ, ես ուղղակի հաճույքով ստեղծագործում եմ»,- ասում է մեր զրուցակիցը:

Իսկ ինչու նախընտրեց արվեստը եւ ոչ թե բիզնեսը: Այս հարցին էլ արվեստագետը պատասխանում է. «Գերադասում եմ ստեղծագործել, քան բիզնեսի դաժան օրենքներով ապրել: Ճիշտ է, բիզնեսի մեջ հաջողություններ ունեի, բայց զգացի, որ ավելի հանգիստ աշխարհ եմ նախընտրում եւ նույնիսկ վերադարձս բիզնես այժմ չեմ տեսնում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մերի Սարգսյան says:

    Պիկասոն անգամ կնախանձեր

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31