Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող ՀՀԿ-ն կրկին հաղթեց ընդդիմությանը

Մարտ 09,2014 21:52

Այսօր հանրապետության 53 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: 40 համայնքներում համայնքի ղեկավարի ընտրություններ էին, 43 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:

Առաջադրվել էին համայնքի ղեկավարի 93 թեկնածու, որոնցից 28-ը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նախընտրական տարբեր փուլերում: Միայն մեկ թեկնածուի գրանցումն է մերժվել` փաստաթղթերի ոչ լիարժեք ներկայացման եւ ընտրագրավը չվճարելու հիմքով: Ավագանու անդամի համար առաջադրվել է 329 թեկնածու, գրանցվել են բոլորը: Նախընտրական շրջանում 19 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել: Գրանցվել էին համայնքի ղեկավարի 64 թեկնածու, որոնցից 36-ը համայնքի գործող ղեկավարներ են: Երկուսը` իգական սեռի ներկայացուցիչներ են:
Բավականին ուշագրավ է թեկնածուների կուսակցական պատկանելության պատկերը. համայնքի ղեկավարի թեկնածուներից 18-ը անկուսակցական են, ավագանու անդամներից 175-ն են անկուսակցական: Իշխող ՀՀԿ-ից առաջադրվել են 40 համայնքի ղեկավարի թեկնածուներ, 110 ավագանու անդամի թեկնածու: Կոալիցիոն ՕԵԿ-ից մեկ համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել: Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրվել է ավագանու անդամի մեկ թեկնածու, ՀՅԴ-ից համայնքի ղեկավարի մեկ եւ 5 ավագանու անդամի: Այլընտրանք ԲՀԿ-ից համայնքի ղեկավարի` 4, ավագանու անդամի 15 թեկնածու: Ընդդիմադիր ՀԱԿ-ն այս ընտրություններին չի մասնակցել:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն Aravot.am-ի հետ զրույցում չցանկացավ բնութագրել ընդդիմության այս պասիվությունը: «Ես կարող եմ փաստել մեկ բան. այն, որ ավագանու անդամների թեկնածուներից որեւէ մեկի գրանցումը չի մերժվել, համայնքի ղեկավարի թեկնածուներից միայն մեկի գրանցումն է մերժվել` ընտրագրավ չվճարելու հիմքով, նշանակում է, որ ընտրական հանձնաժողովներում ընդհանրապես, որեւէ խոչընդոտ գոյություն չունի: Թե ինչո՞ւ համապատասխան կուսակցությունների ներկայացուցիչներն ընտրապայքարին չեն մասնակցում, իրենց պետք է հարցնել»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Ընտրական տեղամասերում այժմ ամփոփման աշխատանքներ են ընթանում, նախնական տվյալները հայտնի կլինեն մի փոքր ուշ, բայց ընդհանուր պատկերը վկայում է, որ իշխող ՀՀԿ-ն իր առաջնային դիրքը կպահպանի:
Ընտրությունների ընթացքը դիտարկել են յոթ հասարակական կազմակերպություններ:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ընտրատարածքներում` հեռախոսակապի միջոցով ստացած տեղեկությունների համարձայն, քվեարկության ողջ օրվա ընթացքում դիմում-բողոքներ չեն ներկայացվել, որեւէ արտառոց խախտման, որեւէ ահազանգ չի եղել: ԿԸՀ-ն նույնպես դիմում-բողոքներ չի ստացել:
Ընտրությունների ընթացքը դիտարկած «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կայքում գործող ինտերակտիվ քարտեզի վրա նշված են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից արձանագրված խախտումները: Նախաձեռնության անդամները դիտորդություն են իրականացրել Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Հայանիստ, Նիզամի, Սայաթ-Նովա, Սիս, Լոռու մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Մարց, Շիրակի մարզի Բասեն և Տավուշի մարզի Հովք համայնքների ընտրատարածքներում: Ընդհանուր առմամբ, կազմակերպության անդամները դիտարկումներ են անցկացրել 13 տեղամասերում:
«Այդ տեղեկությունները ինքներս էլ կփորձենք հասկանալ: Դրանց վերաբերյալ կներկայացնենք նաեւ ընդհանուր տեսակետները, մոտեցումները, անհրաժեշտության դեպքում նաեւ կտեղեկացնենք ձեռնարկվելիք քայլերի մասին, եթե դրանց անհրաժեշտությունը լինի»,- ասաց Տիգրան Մուկուչյանը` միաժամանակ հավելելով, որ օրվա ընթացքում այդ տեղեկություններին նաեւ հետեւել են, արձագանքել ու հաճախ անհասկանալի է, որ դրանք վերագրվում են իբրեւ ընտրական օրենսդրության խախտում ու այդպիսով նպաստում, որ խախտումների թվի մեծացմանը: Ըստ ԿԸՀ նախագահի, օրինակ, մի երեւույթի մասին, չգիտես ինչու, երկու անգամ է գրվում` յուրաքանչյուրն առանձին հաշվելով:
«Դրանցից մեկում, օրինակ, նշվում է որ տեղամասի դիմաց կան քաղաքացիների կուտակումներ: Եթե խոսքը վերաբերվում է նրան, որ շատ ընտրողներ են եկել ու դրսում սպասում են, որ հերթով մտնեն տեղամաս` անհասկանալի է, թե ինչպես սա կարող է կուտակում համարվել: Առավել եվս, որ տեղամասում 15 ընտրողից ավել չի կարող լինել, իսկ նույնիսկ իրենց կայքում չկա նման բան, որ ընտրասենյակում 15-ից ավել ընտրող է եղել: Այսինքն, եթե ինչ-որ մի ժամի մարդկանց հոսքը մեծ է եղել, բնական է, որ նրանք պետք է սպասեին եւ հերթով մտնեին, ու դա անհասկանալի է ընտրախախտում համարելը»,-օրինակ բերեց Տիգրան Մուկուչյանը: Իբրեւ ընտրախախտում է նշվել նաեւ այն, որ տեղամասերից մեկում թեքահարթակ չի եղել: Կամ, որ գյուղերից մեկում, քանի որ անձրեւ էր, ցուցակները տեղամասի ներսում էին փակցվել, ինչն էլ կուտակումներ է առաջացրել: ԿԸՀ նախագահը ճշտել է, որ ընտրացուցակը քվեարկության սենյակում չի եղել, ընդամենը եղանակային ոչ բարենպաստ պայմանները ստիպել են, որ իբրեւ  իրավիճակի լուծում, ընտրացուցակը շենքի ներս տեղափոխեն: Դա, նրա գնահատմամբ, անգամ զավեշտալի է ընտրախախտում որակելը:
Այս բնույթի տեղեկությունները քիչ չեն եւ, ըստ Տիգրան Մուկուչյանի, հանրագումարի պատկերում ընտրախախտումների մեծ թիվ են գրանցում: Մինչդեռ, իրականում, պատկերն այլ է:

Ամեն դեպքում, որեւէ արտառոց ընտրախախտում չկա, այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նաեւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» տնօրեն Սոնա Այվազյանը: Մեր զրուցակիցն ասաց, որ առավել հանգամանալից ընտրախախտումներին կանդրադառնան վաղը կայանալիք մամուլի ասուլիսում: Իսկ ընտրախախտումները հայտնիներն են` կուտակումներ, ուղղորդումներ, ընտրակաշառքի հետ կապված կասկածներ եւ այլն: Սոնա Այվազյանի կարծիքով, գյուղական բնակավայրերում ընտրախախտումներն առավելապես մարդկանց անիրազեկության արդյունք են, ի տարբերություն քաղաքային բնակավայրերի, որտեղ ընտրախախտումները հստակ չարաշահումների կամ հանցագործ խմբերի ներգրավման արդյունք են:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը փաստում է, որ ԿԸՀ-ն արձագանքել է բոլոր ահազանգերին: Եղել է ահազանգ, որ ինչ-որ մեկն ուղղորդում է ընտրողներին: Դրա հետքերով պարզվել է, որ տվյալ գյուղում եւ համայնքի ղեկավարի, եւ ավագանու անդամի ընտրություններ են: Համայնքի ղեկավարի մեկ թեկնածու է գրանցված եղել, ավագանու անդամի թեկնածուների թիվն էլ հավասար է ավագանու անդամների քանակին: «Այսինքն, եթե որեւէ թեկնածու անգամ մեկ ձայն ստանա` ընտրվելու է: Ուստի, ուղղորդումների մասին խոսելն անգամ անընկալելի է»,- ամփոփեց Տիգրան Մուկուչյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ դուք մեր ՕԳՈՍՏՈՍԱՓԱՅԼ եւ ԱՂՈԹՔԱՍԵՐ ըննդդիմությունից այլ բան էինք սպասում???? Իշխանությունը, մեղմ ասած, լավը չի, բայց օրըբ 25` ՔՍԱՆՀԻՆԳ ժամ աշխատում է սեփական իշխանությունը պահելու համար: Ընդդիմությունը վստահ է, որ հալվա ասելով բերանը կքաղցրանա….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31