Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի դուստրն ու խնամին դատի են տվել «Առավոտին»

Մարտ 06,2014 15:53

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի վարույթ է ընդունվել Նարինե Տիգրանի Սարգսյանի, Հրանտ Ռաֆիկի Սուվարյանի՝ ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի եւ երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի ՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին հայցը:

Նարինե Սարգսյանը գործող վարչապետի դուստրն է, խնամին՝ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանն է:

Դատարանում նրանց ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անահիտ Սարգսյանը:

Դատարանն այսօր ծրարով ուղարկել է լրատվամիջոցին գործը վարույթ ընդունելու մասին որոշումը, վիճարկվող հրապարակումը եւ հայցադիմումը:

Հայցվորի ներկայացուցիչը հայտնել էր, որ «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայքում՝Aravot.am-ի փետրվարի 7-ի «ՀՀ վարչապետի դուստրն ու խնամին տիրացել են իմ ունեցվածքին» հրապարակման մեջ գրվել է. «Քաղաքացիներ Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը պատում են, թե ինչպես են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն ու խնամին՝ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը ապօրինաբար տիրացել իրենց քարե շինությանը»:

«ՀՀ վարչապետի դուստրն ու խնամիները տիրացել են իմ ունեցվածքին: Ինձ թվում էր՝ որպես վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարող, պետք է այս գործին ընթացք տար, եւ ասեր՝ աղջիկ ջան, փեսա ջան, ձեր ախորժակները մի քիչ պակասացրեք: Դրա համար նամակ ուղարկեցի նրան, բայց ոչ մի արձագանք»:

Aravot.am-ի հաջորդ զրուցակիցը՝ Հրանտ Սուվարյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց, թե կապ ունի Խաչատրյանների քարե շինության հետ. «Այդ հողն ընդհանրապես մեզ հետ կապ չունի, հարեւանի հողն է, մենք կապ չունենք:

Այդ հողատարածքի կողքի տունը տղայիս տունն է, իսկ Լեմբերիկ Խաչատրյանի կառուցված քարե շինությունը ՝ ավտոտնակը, գտնվում է նրա հարեւանի ՝ Արթուր Խաչատրյանի հողատարածքում: Իրենք մեզ հետ վաղուց են պայմանավորվել կառուցման հարցում, հիմա չգիտեմ, ինչ խնդիրներ են առաջացել, խնդիրներն իրենց մեջ են: Մենք կապ չունենք»:

Հայցվորը նաեւ մեջբերումներ է կատարել «Առավոտ» տպագիր թերթի փետրվարի 8-ի «Վարչապետի խնամին հողատարա՞ծք է խլել» հրապարակումից:

Այնտեղ էլ նշվում է, որ քաղաքացիները պատմել են, թե ինչպես են վարչապետի խնամին ՝ աղջկա ընտանիքը, ապօրինաբար տիրացել Սուսաննա Դավթյանի եւ Լեմբերիկ Խաչատրյանի քարե շինությանը:

Ըստ հայցի, «մեղադրանքների հասցեատերեր» են հանդիսանում հայցվորները՝ վարչապետի դուստրն ու խնամին:

«Ն.Սարգսյանն ամուսնացած է, հանդիսանում է երկու երեխաների մայր, եւ նման տեղեկատվությունն արատավորում է նրա պատիվն ու արժանապատվությունը», նշված է հայցադիմումում:

Իսկ Սուվարյանի հետ կապված էլ հայցադիմումում կա հետեւյալ միտքը. «Նման տեղեկությունների հրապարակումը կարող է խեղաթյուրել շրջապատի ընկալումը նրա անձի վերաբերյալ եւ արատավորել նրա պատիվն ու արժանապատվությունը»:

Հայցվորները պահանջում են հերքել տարածված «ապատեղեկատվությունը»՝ դատավարության ընթացքում ներկայացվելիք, պարտավորեցնել պատասխանողներին վճարել փոխհատուցում՝ յուրաքանչյուր հայցվորի 300 000 ՀՀ դրամ, զրպարտության համար, եւ փաստաբանին վճարված գումարը՝ յուրաքանչյուր պայմանագրով 250 000 ՀՀ դրամ:

Նկատենք, որ «Առավոտի» այդ երկու հրապարակումներում ներկայացված են ինչպես բողոքող կողմի փաստարկները, այնպես էլ մյուս կողմի հակափաստարկները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Տիգրան Սարգսյանի ընտանիքի լուսանկարը՝ https://tigransargsyan.am/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31