Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծեծի «ավանդո՞ւյթ», թե՞ ավանդույթների խեղաթյուրում

Մարտ 06,2014 15:14

«Վարդուշին որ զարգեցիր, գիդես ընչի ըդպես վատ էղա, Վարդուշը քուկդ է, ըդոր համար կզարգես։ Վարդուշին կզարգես, էրեխեքիդ կզարգես, էդ ինչխո՞ր կյանքիդ մեջ հեչ մե անգամմ ընձի չզարգեցիր»։

 «Մեր մանկության տանգոն» ֆիլմից այս հատվածը ժողովրդական խոսքի՝ «Եթե ծեծում է, ուրեմն՝ սիրում է», կենցաղային վառ օրինակ է, որը, ցավոք դեռ առկա է մեր կյանքում և շատ հաճախ դառնում է ընտանեկան բռնության արդարացման հեշտ միջոց:

«Կինը բուրդ է, ինչքան ծեծես, այնքան կփափկի»,- այս առածն է միանգամից հիշում «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը,- մեզ մոտ ընտանեկան բռնությունը շատ է ասոցացվում ավանդույթների հետ, փորձում ենք ինչ-որ մի կերպ արդարացնել դա՝ ասելով, որ դա մեր մտածելակերպից, մեր նորմերից, ավանդույթներից է գալիս, որ կինը պետք է ներքևում՝ ստորին օղակում լինի, տղամարդը՝ ավելի բարձր օղակում… նորմալ է եթե տղամարդը բռնության որևէ տեսակ կիրառի, նաև ծեծն է նորմալ։ Բացատրում է այսպես՝ բա քո ամուսինն է, ի՞նչ կա դրա մեջ, որ մի հատ էլ հարվածի»։

Հայաստանում ընտանեկան բռնության տարատեսակ դրսևորումները և նույնիսկ ծեծը շատերը բացատրում ու արդարացնում են ազգի ընտանեկան ավանդույթներով: Կնոջը ճնշելու կամ բռնության ենթարկելու պրակտիկան նույնիսկ ի հայտ է գալիս լեզվամտածողության մեջ՝ եթե կնոջը չծեծեն, կիմանա, թե այրի է, ծեծը դրախտից ա դուրս եկել, կինը արտասուքով կլինի, մարդը զանգակ, կինը՝ բամբակ…

Կնոջը բռնության ենթարկելու պատմությունները նաև հայ գրականության մեջ են առկա։ Թերևս բոլորն են հիշում Նար-Դոսի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքի՝ կնոջը անընդհատ ծեծող և ի վերջո նրան սպանած հերոսի արդարացումը դատարանում՝ «Մի մուշտի էր տվի, էլի, ուրիշ բան խո չեմ արել»։ Պարզվում է՝ «մի մուշտի տալը» արդարացնելու մտածելակերպը նաև այսօր է արդիական։

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավարը նման մոտեցումը շատ ցավալի է համարում. «Որովհետև չեմ կարծում, որ հայ ժողովրդի ավանդույթների ու ընկալումների մեջ մտնում է բռնությունը, ծեծը»,-միանգամայն արդարացիորեն նկատում է Նիկողոսյանը։

Իրականում ավանդական հայկական ընտանիքում կնոջը ներկայացված չափանիշները և պատասխանատվության մակարդակը շատ խիստ են եղել, սակայն նրա նկատմամբ բռնություն կամ ֆիզիկական ճնշումը ընդունելի է եղել միայն ծայրահեղ դեպքում՝ դավաճանության:

Ավանդական հայ ընտանիքի կենցաղը, ծիսակարգը, վարքականոնը ուսումնասիրած պատմաբան-ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանն ասում է, օրինակ, սասունցիները անհավատարիմ կնոջը պատժելու մի դաժան սովորույթ են ունեցել՝ կտրել են նրա սեռական օրգանը կամ կուրծքը։

«Միանգամայն անընդունելի տարբերակ է դա, սա իրոք կարելի է համարել ընտանեկան բռնություն, բայց եթե մեր հասարակությունը այդպիսի բանավոր սովորութային նորմեր չունենար, մենք աշխարհում կճանաչվեի՞նք որպես ամենաբարոյական ազգերից մեկը, մենք կարո՞ղ էինք օտար էթնիկ տարրերի հետ համատեղ գոյատևել և մեր ինքնությունը պահպանե՞լ»,- հարցնում է Նահապետյանը։

Սակայն հայերը անհանդուրժող են եղել նաև ընդունված բարոյական չափանիշներից շեղված տղամարդկանց նկատմամբ։ Իհարկե, նրանց նկատմամբ այդքան դաժան չեն եղել որքան կանանց, բայց մահանալուց հետո որպես պատիժ դիակը տան դռնից չեն հանել, այլ պատի ճեղքից, մարմինն էլ ամփոփել ընդհանուր գերեզմանատնից դուրս։

Նահապետյանն ասում է՝ ավանդական ընտանիքում հայ կինը պարտավոր է եղել հետևել ընդունված ավանդական չափանիշներին` հնազանդություն, հավատարմություն, տնային աշխատանքներին նվիրվելու պատրաստակամություն, իր ու նոր ընտանիքի մշակութային միջավայրին հարմարվողություն և այլն: Հայ կինը մանկուց դաստիարակվում էր ընտանիքի շահերի պաշտպանության և հավատարմության ու ավանդույթների պահպանման, հնազանդության ոգով: Ամուսնուն հնազանդվելը կնոջ կարևոր պարտականություններից մեկն էր, նորահարսներն անգամ իրավունք չեն ունեցել շփվել ընտանիքի արական անդամների հետ, իսկ խոսելու իրավունք ստացել են միայն 2-3 երեխա ունենալուց հետո։

«Կնոջ գնահատականը երեխաներն էր, որոնց քանակով էր բարձրանում նրա դերն ու կշիռը։ Պատկերացրեք ամուլ կնոջ վիճակը, ամուլ կինը ձայն չի ունեցել և համարվել է միայն աշխատող ձեռք»,- ասում է ազգագրագետը։

Մինչդեռ բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Հարությունյանը իր «Հայ կանանց շարժումը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին» հոդվածում մեջբերում է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունու «Հայուհին պատմության առջև» աշխատությունը (1936 թ.), որտեղ հեղինակը պնդում է, որ հին շրջանում և միջնադարում հայ կինը բավականին լայն ազատություններ է ունեցել, արժանավոր դիրք է գրավել հասարակությունում։

Հացունին դա բացատրում է հնագույն քաղաքակրթության ազգային առանձնահատկություններով, ապա քրիստոնեական ավանդույթների արմատավորմամբ, իսկ ուշ միջնադարում հայ կնոջ բարձր դիրքի ու ազատությունների նահանջն ու անկումը պայմանավորում է պետականության վախճանով և այլակրոն, այլաբարո տերությունների պարտադրված ազդեցությամբ։

Արդեն 18-19-րդ դարերում հայ կինը զրկված է եղել իր բարձր դիրքից. ըստ Րաֆֆու «Հայ կինը» աշխատության, ոչ ձայնի իրավունք է ունեցել, ոչ իր անձի տերն է եղել, և «իբրև մարդ զրկված է եղել մարդկային ամեն իրավունքներից»։ Րաֆֆին այս վիճակի բուն պատճառը հիմնականում համարել է բազմանդամ՝ 20-30 անձից բաղկացած ընտանիքը, որի «ամբողջություն պահպանելու համար շատ բնական էր, որ կինկներին ձայն իրավունք չտրվեր», և «տիրող ազգերի բռնաբարությունը, որ ստիպեց քողի տակ պահել հայ կնոջը»։

Անահիտ Հարությունյանը, այդուհանդերձ, նշում է, որ 19-րդ դարում իգական դպրոցներում մասնագիտական կրթություն ստացած կանանց հաջողվեց իրապես փոխել այս իրավիճակը, սկիզբ դնել հայ կանանց շարժմանը. գրագետ, ուսյալ կանայք սկսել են ակտիվորեն ներգրավվել հասարակական կյանքում, հիմնել բարեգործական, կրթամշակութային հասարակական կազմակերպություններ և առաջին հերթին պայքարել կանանց լուսավորության, կրթություն ստանալու իրավունքի ապահովման համար։

Photo Anahit Hayrapetyan«Կանանց շարժումը Հայաստանում 20-րդ դարում» հոդվածի հեղինակ Ջեմմա Հասրաթյանը նկատում է. – «19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին հայ կանանց շարժումը արդեն հասունացրել էր կնոջը ընտրական իրավունք տալու հարցը, հայկական առաջին հանրապետության տարիներին (1918-1920 թ.թ.) կանանց ընտրական իրավունքն ամրագրվել է սահմանադրությամբ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո կանայք դե յուր և դե ֆակտո ստացան բոլոր հնարավոր իրավունքները, որոնցից շատերի համար արևմտյան ֆեմինիստները դեռ տասնամյակներ շարունակ պայքարում էին»։

Այդուհանդերձ, նույնիսկ խորհրդային տարիներին, հատկապես պահպանողական շրջաններում ընտանիքում կնոջը մեծ իրավունքներ չեն ընձեռել։  Օրինակ, 28-ամյա Ժաննա Գևորգյանը ասում է՝ Գյումրիից Վարդենիս հարս գնալուց հետո իր համար բացահայտել է, որ այստեղ «սկեսրայրի հետ հարս լինել» նշանակում է ամուսնու հոր հետ խոսելու իրավունք չունենալ։ Գևորգյանի ընտանիքում, իհարկե, այլևս չի պահպանվում այդ ավանդույթը, բայց սկեսրայրի հետ յոթ տարի (1980-ականներին) չի խոսել նրա սկեսուրը։

«Յոթ տարի սկեսուրս իր սկեսրայրի հետ ժեստերի լեզվով է հաղորդակցվել»,- ասում է Գեղարքունիքի մարզի բնակչուհին, որը Հայաստանի առավել պահպանողական մարզերից է համարվում և որտեղ տղամարդիկ նույնիսկ կարծում են, որ կնոջ՝ սխալ լինելու պարագայում կարող են նրան հարվածել կամ ծեծել։

«Հասարակություն առանց բռնության» հկ-ի ծրագրերի ղեկավարն ասում է՝ իրենց հարցումները ցույց են տվել, որ հատկապես մարզերում նույնիսկ կանայք են ծեծը որպես նորմալ երևույթ դիտարկում։

«Մենք շատ ենք գյուղեր գնում ու անընդհատ տեսնում ենք, որ երիտասարդ կանայք ու աղջիկները այդ մտածելակերպը ունեն, որ եթե իրենք ինչ-որ մի բան սխալ են արել, ուրեմն կարող են պատիժ կրել, ու պատիժը կարող է լինել ծեծը կամ հարվածը ու դա նորմալ է։ Կանանց 53.7 տոկոսը, ըստ մեր հարցումների, պատասխանել է, որ եթե տղամարդը ծեծում է, ուրեմն կինը ինչ-որ բան այն չի արել»,- ասում է Նիկողոսյանը։

Վարդենիսում բնակվող Ժաննա Գևորգյանն ասում է, որ բռնության դեպքերը երբեմն լիովին բացահայտ են, շատ հաճախ բոլոր հարևանները գիտեն, որ այս կամ այն տղամարդը պարբերաբար «ջարդում է» կնոջը։

«Կինը այստեղ մեծ մասամբ համարվում է տան գործերը անող, իրավունք չունի կարծիք արտահայտի, կամ էլ ինչ-որ որոշում կայացնի»,- ասում է 28-ամյա կինը։

Ընտանեկան բռնության յուրաքանչյուր հրապարակված ու չհրապարակված դեպք մեծ ցավով ու զայրույթով է արձանագրում այդ դեպքերը վավերագրող լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը։ 2010-ին մանկատան շրջանավարտ Զարուհի Պետրոսյանի սպանությունը ամուսնու կողմից ստիպեց Հայրապետյանին լուսանկարների միջոցով վավերագրել այդ դեպքերը։ Լուսանկարիչը կարծում է՝ կանայք իրենց ավելի լավ կկարողանան պաշտպանել, եթե առաջին հերթին ծնողների կողմից «ամուսնուն ծառայողի, ստրուկի հոգեբանությամբ չդաստիարակվեն»։

«Մամաների մտքում պետք է հեղափոխություն անել, որ ուրիշ կերպ դաստիարակեն իրենց աղջիկներին։ Հայկական ընտանիքում չեն պատկերացնում, որ աղջիկը կարող է աշխատել, կարիերա անել, էլ չեմ ասում՝ առանձին ապրել։ Կարող է՝ տանը իրեն արքայադստեր պես են պահում, բայց հենց մեծացավ, պետք է անպայման ամուսնացնեն։ Մամաներն էլ աղջիկներին սովորեցնում են երազել ամուսնանալու մասին, ոչ մի բարձր բանի մասին չեն թողնում երազել»,- զայրանում է Հայրապետյանը։

Աննա Նիկողոսյանը ասում է՝ բռնության դեպքերը նվազեցնելու համար կանանց իրենց իրավունքների մասին տեղեկացնելուց զատ շատ լուրջ աշխատանք է պետք տանել նաև տղամարդկանց հետ։

«Որովհետև տղամարդիկ էլ ունեն կրթության, իրազեկվածության խնդիր, ի վերջ տղամարդիկ էլ են նույն այդ կարծրատիպերի զոհերը, փոքրուց սովորեցնում են, հեռուստացույցով նայում են, տեսնում են տղամարդու մոդել, որը կնոջ վրա գոռում է, կնոջը հրամայում է և մեծանում են նման արժեհամակարգով, և ապագա ընտանիքում էլ այդ արժեհամակարգն է գերիշխում։ Բոլորը պետք է փոխվեն, երկու կողմի հետ էլ պետք է աշխատել»,- ասում է Նիկողոսյանը։

Մինչդեռ ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանն ասում է՝ սովորույթները մկրատով հնարավոր չէ կտրել, և նույնիսկ այսօր կարելի է հնից, ավանդութայինից շատ ու շատ բաներ, որոնք համապատասխանում են մերօրյա պահանջներին և նորմերին, վերցնել և պահպանել կենսաձևի մեջ։

«Միշտ ասել եմ՝ հայ տղամարդը պարտավոր է խոնարհվել հայ կնոջ առջև, աշխարհում և ոչ մի մայր, ոչ մի այլ էթնիկ տարր ներկայացնող կին իր ընտանիքին այնքան նվիրումով չի վերաբերել, իր կյանքը անձնազոհ կերպով զավակներին ու ամուսնուն, ընտանիքին չի նվիրել, նրանց այնքան պատասխանատու գուգուրքով չի վերաբերել, ինչպես հայ կինը։ Հայ կինը արժանի է ամենաբարձր գովեստի»,- ասում է Նահապետյանը։

 

Սիրանույշ Գևորգյան

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Լուսանկարները՝ Անահիտ Հայրապետյանի

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:  https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր:   https://twitter.com/4equalrightsarm   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    Սկսեմ նրանից, որ «Եթե ծեծում է, ուրեմն՝ սիրում է» խոսքը, իմ համոզմամբ ողղակի թարգմանված և վերցրած է տիպիկ ռուսական “домострой” կենցաղայն հայեցակարգից`”бьет-значит любит”: «Կնոջ գնահատականը երեխաներն էր, որոնց քանակով էր բարձրանում նրա դերն ու կշիռը…”, հարց է ծագում`Իսկ ինչպես էին վերաբերվում ամուլ տղամարդու կնոջը? Հնարավոր է, իհարկե, որ այն ժամանակ կարծում էին, թե ամուլ կարող է լինել միայն կինը: “…բայց եթե մեր հասարակությունը այդպիսի բանավոր սովորութային նորմեր չունենար, մենք աշխարհում կճանաչվեի՞նք որպես ամենաբարոյական ազգերից մեկը…” – հետաքրքիր է իմանալ աղբյուրը`ինչ նյութ/նյութերի վրա է հենված այս, իմ կարծիքով, անհիմն ու անպատասխանատու հայտարարությունը, հաշվի առնելով, որ վերջին տվյալներով, ամենաշատ պոռնո (մեկ շնչի հաշվով), նայում է Հայաստանի բնակչությունը:
    “Հացունին դա բացատրում է հնագույն քաղաքակրթության ազգային առանձնահատկություններով, ապա քրիստոնեական ավանդույթների արմատավորմամբ, իսկ ուշ միջնադարում հայ կնոջ բարձր դիրքի ու ազատությունների նահանջն ու անկումը պայմանավորում է պետականության վախճանով և այլակրոն, այլաբարո տերությունների պարտադրված ազդեցությամբ։ ” Իսկ միգուցե Հացունին, ինչպես ռուսներն են ասում`”ставит телегу впереди лошади”, ես նկատի ունեմ, որ պետականության վախճանը հենց պայմանավորված էր հայ ընտանիքում կանանց դերի և իրավունքների ոտնահարումով? Ինչու վերջին հազարամյակում մեր չի ծնվել հայազգի Կլեոպատրա, Ժաննա դը արկ, Թեթչեր, կամ թեկուզ Տիմոշենկո(ես նկատի ունեմ վերջինիս հոգու արիությունը, որին կնախանձեն շատ ու շատ տղամարդիկ)? Ինչևե, արու զավակի, և ընդհանրապես երեխայի դաստիարակության գործում, կնոջ դերը անփոխարինելի է: Ինչպես կարող է, ծեծված, նվաստեցրած, խեղճացված կինը դաստիարակել համարձակ, արժանապատիվ ու հզոր տղամարդ? Դա անհնար է հենց ըստ սահմանման(նորից տես մեր ժողովրդի վերջին հազարամյակի պատմությունը):

  2. Գայանե says:

    Շնորհակալություն Արմեն մեկնաբանության համար, ձեր արտահայտած վերջին միտքը առ այն, որ ծեծված, նվաստեցրած, խեղճացված կինը չի կարող դաստիարակել համարձակ, արժանապատիվ ու հզոր տղամարդ, հենց մեր մտահոգության հիմնական առանցքն է և ապացուցում է, որ ընտանեկան բռնությունը ոչ թե լոկալ խնդիր է, այլ ազգային կարևորության, քանի որ ամուր ընտանիքը պետության կայացման առաջին գրավականներից է: Հենց այս մտահոգությամբ էլ մեր նախաձեռնությունը անդրադառնում է այս խնդիրներին տարբեր դիտանկյուններից: Հացունու մեկնաբանությունները կարծում եմ կարելի է քննել երկու կողմից էլ և՛ որպես հետևանք, և՛ պատճառ: Ի դեպ պետության կործանման և հայ կնոջ կերպարի կորցնելու պատճառ Երվանդ Օտյանն էլ համարում էր հենց ԾԵԾԻ բացակայությունը. հոդվածում գրել է. : Այսինքն, կարծիքները լիովին հակադիր են հաճախ եղել, սակայն հենց պատմության այդ դասերը հաշվի առնելով այսօր պետք է առավել համակարգված պայքարենք այս չարիքի դեմ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31