«Յանուկովիչն իր անցյալով էլ չի փայլել՝ մինչեւ նախագահ դառնալը: Նա եղել է քրեական աշխարհին մոտ եւ կարծեմ մեկ-երկու անգամ դատապարտվել է իր այդ արարքների համար: Եկավ պատահական, ժողովրդի այդ համաժողովրդական ալիքի վրա պատահական զբաղվեց նրանով, ինչով զբաղվել է: Նա տիպիկ օլիգարխ է, տիպիկ թալանչի: Ցույց տվեցին նրա ունեցվածքը, նրա դղյակները, որտեղ մարդիկ գնացել էին էքսկուրսիաների: Իմ կարծիքով, երկրի ղեկավարը պետք է ապրի այնպես, ինչպես իր ժողովուրդն է ապրում: Թող մի քիչ բարձր ապրի, ոչ մեկը չի ասում: Բայց այդպիսի ահռելի տարբերությամբ երբեք սազական չի ժողովրդի կողմից ընտրված մարդուն»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ունեցվածքի մասին այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Նա հիշեց Լենինի խոսքերը՝ «Վլադիմիր Իլյիչ Լենինն ասում է՝ քաղաքական ղեկավարը պատասխանատու է ոչ միայն նրա համար, թե ինքը ինչպես է աշխատում, այլ պատասխանատու է նաեւ նրա համար, թե ինչպես են աշխատում իր ենթակաները: Երբեմն չի հասկանում, բայց, միեւնույն է, պատասխանատվությունը ընկնում է իր վրա: Այդ պատասխանատվությունը ընկավ Յանուկովիչի վրա եւ դաս պիտի լինի բոլոր նախագահներին»:
Մեր հարցին՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց կենցաղով զիջո՞ւմ են Յանուկովիչին՝ Ռուբեն Թովմասյանը պատասխանեց. «Ես մեր պաշտոնյաների կենցաղին մոտիկ չեմ, չեմ էլ ուզում մոտիկ լինեմ: Չեմ էլ ուզում իմանամ, որովհետեւ ոչ մի պաշտոնյա ճիշտ չի ներկայացնում իր կենցաղային իրավիճակը կամ իր հարստությունների չափերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ