Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարեց մի քաղաքացի: Նա քրոջ՝ Սիլվա Վարդանյանի հետ մտել էր ՀՀ նախագահի քաղաքացիների ընդունելության բաժին՝ բողոք ներկայացնելու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի վարույթում գտնվող իրենց բնակարանի եւ իրենց իրավունքների խախտման հայցի վերաբերյալ: Սիլվա Վարդանյանը բավական զայրացած էր: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք զոհ են դարձել դատական համակարգին, եւ որ 3 օր է, ինչ հացադուլ էին հայտարարել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, սակայն իրենց որեւէ մեկը չի մոտեցել, չեն ընդառաջում, իսկ այսօր էլ բանավոր պատասխանել էին, թե իրենց հարցով կզբաղվեն: Այն պահին, երբ մենք զրուցում էինք Սիլվա Վարդանյանի հետ, նրա եղբայրը վազեց դեպի նստավայրի մուտքը եւ բենզինի շիշը գրպանից հանելով լցրեց իր վրա, սակայն վրա հասած ոստիկանները հասցրեցին շիշը խլել նրա ձեռքից եւ առանձնացնել նրան: Քաղաքացուն տարան մոտակա ցայտաղբյուրի մոտ եւ քանի որ բենզինը լցվել էր նրա աչքերի մեջ, անընդհատ լվացվում էր:
Վարդանյանները չէին թաքցնում, որ իրենք շարունակելու են դիմել ծայրահեղ միջոցների: Նրանց երկուսին տարան ոստիկանության բաժին: Ոստիկանության բաժին էին ուզում տանել նաեւ ինձ, ասելով, որ նախապես տեղյակ եմ եղել կատարվածից: Իսկ երբ ասացի, որ ուրբաթ օրը Aravot.am-ում հրապարակայնորեն ահազանգել եմ այն մասին, որ Վարդանյանները մտադիր են անգամ ինքնահրկիզման դիմել, ինձ «բաց թողին»:
https://www.youtube.com/watch?v=VtrEj5IKfJg
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Ադրբեջանցիներին էինք ձեռ առնում…