Լրահոս
Օրվա լրահոսը

Չե՛մ ցավակցելու

Փետրվար 23,2014 15:25

Ոչինչ այնքան անհավանական ու անհավատալի չի լինում, որքան հարազատ մարդու կորուստը… Անճարությունից գիտակցաբար հիմար բաներ ես սկսում մտածել… Մահը խափանելու միջոցներ որոնել… Ակամա հավատում ես հարության գաղափարին… Նայում ես մահվան աչքերի մեջ և ուզում ես գռեհկորեն ժպտալ նրա դեմքին՝ ինքդ քեզ հավատացնելով, որ ուր որ է մահացածն իր աչքերը կբացի ու կհաղթի կյանքը… Կյա՜նքը, որն այնքան մանր ու սովորական է թվում, երբ կա, և այնքան անհասանելի ու մեծ, երբ կորցնում ենք… Կյա՜նքը, որի ծնունդն ենք մենք բոլորս, որից կապված ենք մնում մեր գիտակցության ու զգայարանների անհաշիվ պորտալարերով և ապահով ենք զգում միայն կյանքի՛ մեջ, միա՛յն կյանքի ներսում… Իսկ կյանքից այն կողմ, միայնությունն իր դռներն է բացում կարծես ու ներս է հրավիրում մեզ՝ բոլորիս, չհասկանալով, որ ախր չգիտենք այդքա՛ն մենակ մնալու ձևը, չգիտենք ու ամբողջ մի կյանք չենք էլ սովորում մահվան հետ ընկերանալ եւ երբևէ չենք էլ սովորի:

Չգիտեմ անգամ ինչպե՛ս ընդունել, որ դու չկաս… Ինչպես հասկանալ չգոյությունդ… Ինչպե՛ս ընկալել հայրական ափիդ բացակայությունն իմ գլխավերևից և ինչպես թաքցնել կարոտներս, որպեսզի լաց չլինեմ ամեն անգամ տիեզերքին նայելիս, որպեսզի անհուսորեն չփնտրեմ քեզ, որպեսզի Գառնիի քո առանձնատան արահետով անցնելիս ստիպված չլինեմ հաշտվել, որ ճանապարհի վերջում այլևս կանգնած չես լինի քո իմաստուն ժպիտով ինձ սպասելիս, որ այլևս քո լեռները չեն տեսնի քեզ, որ սենյակիդ պատերից կախված հարյուրավոր վայրի կակաչները կխոնարհեն իրենց գլուխները և որ բանաստեղծությունը, որը գրում եմ, էլ չի ունենա իր ամենանրբազգաց ընթերցողին՝ քեզ, իմ հարազատ, իմ հոգևոր հայր, իմ բարձրաճակատ հայ ու գիտնական, իմ և ՄԵ՛Ր…ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ:

Տարիքը կորցնում է իր կարևորությունը երբ հսկաներն են հեռանում… Իսկ դու Հսկա ես եղել միշտ…Հսկա քո կրծքի տակ բաբախող սրտով, հսկա՝  տիեզերքի մեջ մխրճված քո մտքով, հսկա՝ քո իմաստությամբ ու ժողովրդիդ ու հայրենիքիդ հանդեպ տածած առասպելական հավատով:

Ներիր, որ քեզ նման հսկայի գոյությամբ չապրեց քո ժողովուրդն ամեն օր, որ մեր մեծամասնության մտքերն ու հոգիները տիեզերքից ու հողից կտրված ճոճվեցին մանր ու կենցաղային խնդիրների, քաղաքականության աղտի, հեռուստաեթերային «աստղերի» արանքում, մի կողմ թողած իրական երկնային աստղերը, որոնք լուսավորեցին քեզ ու քո աշխարհը և որոնց լույսից սնվեցիր, սնելով քո բոլոր-բոլոր մտերիմներին ու ընկերներին:

Գիտեմ, այլևս չես բացելու երկնքի կապույտից գույն առած աչքերդ, իսկ ես չեմ հավատալու հարության գաղափարին…Գնալու ես հանգիստ, խաղաղ ու իմաստուն ժպիտը դեմքիդ, որովհետև շուտով, մահն էլ է ինչ-որ բան սովորելու քեզնից, մահն էլ է գեղեցկանալու և քեզանով բարիանալու, իսկ կյանքից՝ դեպի հավերժը բացված  քո ճանապարհին, մնալու են քո վիթխարի գործը՝ քո սերն ու միտքը:

ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ… Չե՛մ ցավակցելու…

Ապրելու եմ քո՛ սիրած հողում, քո՛ սիրած երկնքի տակ, քո՛ սիրով՝ հանդեպ պոեզիան ու երաժշտությունը, քո՛ հավատով՝ հանդեպ յուրաքանչյուր տաղանդավոր երիտասարդի, ում պետք է փայփայել ու սիրել… Ապրելու եմ քո՛ հոգևոր աշխարհի հարստությամբ, որը երբ կա, աղքատությունը հեռանում է՝  գլխահակ, և կյանքի իրավունքից է զրկվում միջակությունը:

ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ…………………………….   Շնորհակալ եմ…

 

Նուշիկ Միքայելյան

23 Փետրվար 2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Hayk says:

    Господи! Как приятно !! У меня ощущение, что я 100 лет не прочитал такое в наших сми! Одни сплетни,политика, митинг, кровь……. Вот чего не хватает: красивая речь про красивых людей!! СПАСИБО!!!

  2. Ռուբեն says:

    Ցավալի լուր էր…
    Նման հսկաների կորստից հետո մարդ իր ներսում դատարկություն է զգում: Ափսոս, որ այդպես է, բայց կարծես սովորական բան է դարձել, երբ հասարակությունն իր արժանավորներին կորցնելուց հետո է միայն սկսում գնահատել նրա կատարած գործի արժեքը: Իսկ այդ առումով Գուրզադյանը հազվադեպ հայ անհատականություններից էր` իր բազմաթիվ շնորհներով (խոշոր գիտնական-աստղագետ, հրաշալի գրող-էսսեիստ, նրբաճաշակ գեղանկարիչ, ճարտարապետության և արվեստի մեծ գիտակ, բնության սիրահար-արշավորդ և ամենակարևորը` իսկական քաղաքացի)
    Սիրելի Գրիգոր Գուրզադյան, վստահ եմ, որ հիշատակդ վառ կմնա քեզ երկրպագողների մոտ: Ուզում եմ հուսալ նաև, որ քո ստեղծագործություններին (դրանք կարծես ինքնատիպ հանրագիտարաններ լինեն) դեռ կծանոթանան ու դրանցով կհիանան նորանոր մարդիկ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում (Գուրզադյանի էսսեները հրատարակված են ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով):
    Թող լույս իջնի գերեզմանիդ` մեծ Հայորդի:

  3. Ճշմարիտ խոսքեր՝ Ճշմարիտ մեծության մասին՝ երևելի ու առինքնող Մտավորական,ով դարեդար ներկա կմնա իրեն ծնած ժողովրդի մեջ՝ իր ուսումնասիրած տիեզերքի չափ մեծ մեր մյուս հանճարեղ զավակների հետ միասին: Շնորհակալ եմ ,հարգելի՛ հեղինակ, Ձեր անդրադարձի ու այս դժվար պահին Նրան արժանի խոսքեր գտնել կարողանալու համար…

  4. Ռուբեն says:

    Հավերժ փառք քեզ իմ սիրելի Գուրզադյան, Աստված հոգիդ լուսավորի:
    Հիրավի հսկայական է Գուրզադյանի վաստակը համաշխարհային աստղագիտության բնագավառում, հրթիռաշինության մեջ….
    Հայ ժողովուրդը կորցրեց իր տաղանդավոր գիտնականներից մեկին, իր «հսկաներից» մեկին, որը հավերժ կմնա մեր հիշողություններում….

  5. Բեռանժ says:

    Ազնուափայլ Տիկին Նուշիկ Միքայէլեան,
    Հոյակապ է Ձեր գրութիւնը, որի համար իմ անկեղծ շնորհաւորանքներն ու շնորհակալիքները:
    Ձեր գրչին ցանկանում եմ` անսպառ մելան, Ձեր հոգուն` անհատնում վեհութիւն եւ Ձեր մտահոգութիւններին` բարեյաջող փարատում:
    Աստծոյ ողորմութիւնն ենք յայցում այդ մեծ հայրենասէրի հոգու խաղաղութեան համար եւ ցաւակցում ենք համայն Հայութեան եւ իր ընտանիքի անդամներին, այս անփոխարինելի եւ ցաւալի կորստի առթիւ:
    Հայրենակցական խորը յարգանքներով`
    Բեռանժ, Վիեննա

  6. Անի says:

    Եվ մտածել, որ մեր հսկան պիտի չհանգրվանի Կոմիտասի անվան զոսայգու պանթեոնում…

    • Նուշիկ Միքայելյան says:

      Անի ջան…Մտածել անգամ չեմ ուզում այդ մասին…Բորբոքված եմ ահավոր…Պատրաստ եմ ամե-ն բան անել այդ որոշումը փոխել տալու համար…Այսօր և դեռ շատ երկար ժամանակ մեր երկիրն այսպիսի մեծություն չի ունենա…Էլ ո՞ւմ պետք է թաղել կոմիտասի անվան պանթեոնում…Տվե՛ք անուններ…Ո՞ւմ………………………….

  7. Անի says:

    Գուցե սխա՞լ են հայտարարել, գուցե կուղղե՞ն այդ վրիպումը… ինչ որ տեղ, ինչ որ բան սխալ է…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728