Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը՝ ՀՀ իշխանություններին. «ՀՀ քաղաքացիները չեն մոռացել մարտի 1-ը» (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Փետրվար 19,2014 16:06

Այսօր մի քանի քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ եւ ուղղակի մտահոգ հայաստանցիներ «Հաղթանակ» զբոսայգու մոտից շարժվեցին դեպի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն՝ իրենց զորակցությունը հայտնելու ուկրաինացի ժողովրդին, եւ դատապարտելու Կիեւում կատարված արյունահեղությունը: Ցույցը կրում էր «Մենք եւս Մայդանում ենք» խորագիրը:

Ցույցի մասնակիցները  կոչ արեցին միջազգային ժողովրդավարական եւ քաղաքացիական ուժերին, կառավարություններին՝ հնարավոր բոլոր միջոցներով սատարել և աջակցել Ուկրաինայի քաղաքացիներին՝ պահանջելով Ուկրաինայի իշխանություններից դադարեցնել բռնությունները սեփական քաղաքացիների նկատմամբ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատահական չի համարում միջոցառման սկզբնակետը՝ «Հաղթանակ» զբոսայգին: «Մեր նպատակը երեկ Մայդանում Յանուկովիչի կողմից Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ բռնի գործողությունների դատապարտումն է, որը, ցավոք սրտի, ավարտվեց այս պահին առնվազն 21 մահացու դեպքով, կան նաեւ 40-ի չափ ձերբակալվածներ, շուրջ 1000 վիրավորներ: Սա, իհարկե, անմիջականորեն ասոցացվում է մեզ մոտ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ: Մի բան հստակ է՝ 2008 թ. մարտի 1-ի հանցագործությունը չդատապարտելը կամ դրա պատասխանատուներին պատասխանատվության չենթարկելը իրապես ծնում է եւ շղթայական ռեակցիայի էֆեկտով տարածվում է նաեւ մյուս երկրներում, որին ականատես եղանք հանձինս Ուկրաինայի:

PrevPhoto
NextPhoto

Մենք բարձրաձայնում ենք, որ բռնապետությունը ազգային պատկանելություն չունի, իրավունքների համար պայքարը նույնպես չունի ազգային պատկանելություն … Միաժամանակ դատապարտում ենք ակնհայտ ապօրինի եւ մարդատյաց գործողությունները, պահանջելով ՝անհապաղ պատասխանատվության ենթարկել անձամբ Յանուկովիչին: Այդ մարդը բառացիորեն մի ամբողջ օր հարկ չհամարեց հանդես գալ հրապարակավ եւ հայտնել իր պահանջները ու զբաղվեց ակնհայտ խաբեությամբ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Յանուկովիչը եւ ՀՀ իշխանությունները՝ հանձին Սերժ Սարգսյանի, որպես ուղեցույց վերցնում են ՀԱՊԿ-ի Բորդյուժայի ցուցումները գունավոր հեղափոխությունները կասեցնելու ուղղությամբ, փոխանակ կատարելու ԵԽ անդամ պետությունների պարտավորությունները, որոնց հիմքում ընկած է Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան»:

Արթուր Սաքունցը հայտարարում է. «Մենք չէինք կարող անտարբեր լինել, սա նաեւ մեսիջ է հայաստանյան իշխանություններին, որ ՀՀ քաղաքացիները  չեն մոռացել մարտի 1-ը: Իսկ բռնապետները թող հույս չունենան, թե կարող են իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին տարանջատել ըստ ազգային պատկանելության, որ տիրեն: Սա նաեւ «մեսիջ» է Ռուսաստանի բռնապետ Պուտինին, որը անգամ հաշվի չառավ օլիմպիադան»: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728