2007 թվականից հետո Հայաստանից ընտանիքներով արտագաղթողների տոկոսը 40-ից դարձել է 60 տոկոս, այսինքն` եթե նախկինում ընտանիքներով մոտ 40 տոկոսն էր ազգաբնակչության արտագաղթում, ապա վերջին տարիներին շուրջ 60 տոկոսը: Այսօր նման ցուցանիշներ ներկայացրեց միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում՝ վերջերս Ռուսաստանում միգրացիոն օրենքների խստացման վերաբերյալ քննարկման ժամանակ: Տվյալները, ինչպես պարոն Եգանյանն ասաց, վերջին հետազոտության արդյունքներն են, չնայած, որ հետազոտությունը դեռեւս չի հրապարակվել:
Պարոն Եգանյանն ասաց, որ այս լայնածավալ հետազոտության պատվիրատուն կառավարությունն է, հարցումներն անցկացրել է Սլավոնական համալսարանը, եւ ընտրվել է մոտ յոթ հազար տնային տնտեսություն:
Միգրացիոն ծառայության ղեկավարը, ներկայացնելով հետազոտության որոշ տվյալներ, ասաց, որ 2008 թվականից հետո նկատվել է արտագաղթի բավականին մեծ աճ, մշտական բնակության համար Հայաստանից տարեկան մեկնում է 35-36 հազար մարդ: Ըստ միգրացիոն ծառայության ղեկավարի, 1992-94 թվականներին եղել է զանգվածային արտագաղթի առաջին փուլը. այդ տարիներն Հայաստանն ունեցել է 600 հազար մարդկային «կորուստ», 1995-2001 թվականներին կորուստը կազմել է 370 հազար, 2002-2007 թվականներին՝ մոտ 150 հազար:
Ըստ դեռեւս չհրապարակված հետազոտության տվյալների, ինչպես ներկայացրեց պարոն Եգանյանը, երկրից մեկնողների 95 տոկոսը կարճաժամկետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատելու համար, իսկ երկարաժամկետ մեկնողների ծավալը կազմել է 75 տոկոս: Արտագաղթի հիմնական պատճառն, ըստ հարցման արդյունքների, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վատ իրավիճակն է, վստահության պակասն ու դրսում ավելի մրցունակ աշխատատեղերի եւ բարձր աշխատավարձերի առկայությունը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ