Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինյան «տապոռը» եւ մեր մտահոգությունները

Փետրվար 06,2014 14:52

Փետրվարի 1-ին Ռուսաստանի «Ռոսկոմնադզորը» (պաշտոնական անվանումը՝ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն) պաշտոնապես ծանուցեց (տե՛ս դրա գերատեսչական կայքում), որ ուժի մեջ է մտել մի օրենք, ըստ որի՝ այդ ծառայությունը կարող է արգելափակել ցանկացած կայք՝ «զանգվածային անկարգությունների, ծայրահեղական գործողություններ իրականացնելու եւ զանգվածային հրապարակային միջոցառումներին մասնակցելու կոչերի» համար: Արգելափակման մասին որոշումը կայացնում են գլխավոր դատախազը, նրա տեղակալները՝ կայքերի մոնիտորինգի, ինչպես նաեւ (ուշադրություն)՝ «իշխանության մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների ծանուցումների հիման վրա»:

Դատախազության որոշումը ստանալուց հետո «Ռոսկոմնադզորը» անհապաղ կապի օպերատորներին հրահանգում է արգելափակել տվյալ տեղեկատվական ռեսուրսը: Ընդ որում, ըստ «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայության (տե՛ս )՝ օրենքն արդեն փորձարկվել է. արգելափակվել է 4 կայք, այդ թվում՝ «Live Journal»-ը: Նորօրյա գրաքննիչները դա բացատրել են այսպես. «Արգելափակված ռեսուրսները տարածում էին հանրային վտանգավոր տեղեկություններ, որոնք սպառնալիք էին հասարակության եւ անհատի համար» (տե՛ս ): Եվ վերջ: Առանց դատ ու դատաստանի: Ինչ-որ մեկը որոշել է, որ տեղեկությունները սպառնալիք են…

Ռուսական վերնախավի «տապոռային» մտածողությունը գալիս է անհիշելի ժամանակներից եւ կատարելության է հասել Ստալինիզմի ժամանակ. «չկա մարդ, չկա պրոբլեմ»: Արգելել, փակել, մերժել… Եվ հիմա պուտինյան Ռուսաստանում նորից ամեն ինչ ընկավ իր տեղը. «չկա կայք, չկա գլխացավանք»: Կարոտել էին, կարոտել էին սովետական գրաքննիչները, «մատերիալ» գրողներն ու նրանց սերունդները իրենց աշխատանքին: Ու հիմա ի՜նչ ժամանակներն են սկսվում. հանգիստ կարող ես ծանուցում ուղարկել գլխավոր դատախազին, որ այսինչ կայքը «ժողովրդի թշնամի» է, ու վերջ. դատախազությունը որոշում կընդունի այն արգելափակելու մասին: Բա ո՞նց, բա հո չե՞ն թողնի, որ ինչ-որ մի կայք հանկարծ, ասենք, մարզի ղեկավարի վարորդի բաջանաղի բիզնեսը կրիմինալ համարի: Սպառնալիք է անհատին: Արգելափակել: Անմիջապես: Առանց դատ ու դատաստանի: Էսպես գլխավոր դատախազն ու նրա տեղակալները ամեն ինչ կարող են «անկարգությունների կոչ», «էքստրեմիզմ» կամ «սպառնալիք» համարել: Կայք է, ասենք, հայտարարություն է տարածում միտինգի տեղի, ժամի, ելույթ ունեցողների մասին: Ի՞նչ: Ծանուցո՞ւմ: Բայց դա «զանգվածային միջոցառմանը մասնակցելու կոչ» է, ուղղակի կոչ: Ի՞նչ անել, անհապաղ արգելափակել այդ կայքը:

«Բայց թքած Ռուսաստանի վրա, ինչո՞ւ ես էդքան մտահոգվում»,- կհարցնեք դուք:
Պատասխանեմ. էդ մենք ենք ասում՝ «թքա՛ծ»: Դուք Հայաստանի իշխանություններին հարցրեք: Արդեն կան (ու մինչ այս օրենքն ուժի մեջ մտնելն էլ կային) չինովնիկներ, որ պատրաստ են առաջին իսկ հրահանգով նման մի օրենք էլ Հայաստանում անցկացնել: Մանավանդ, որ արգելափակելու փորձն արդեն հայրենի Ազգային անվտանգության ծառայությունն ունի. 2008 թվականի մարտի 1-ից արտակարգ դրություն մտցնելու Քոչարյանի հրամանագրից հետո հենց ԱԱԾ-ն ապօրինի գրաքննություն սահմանեց, արգելափակեց կայքերը, իսկ տպագիր մամուլին թույլ չէր տալիս ներքաղաքական նյութեր հրապարակել, ինչի պատճառով թերթերը 20 օր լույս չտեսան: Բանն այնտեղ էր հասել, որ քոչարյանական աչալուրջ խուզարկուները արգելեցին անգամ «Չորրորդ իշխանություն» թերթի այն համարը, որում ոչ մի ներքաղաքական նյութ չկար. թերթը հոդվածներ էր հրապարակելու պատմությանը հայտնի բռնապետերի վերաբերյալ… Էնպես որ՝ ռուսաստանցի նորօրյա գրաքննիչները կարող են գալ իրենց հայ գործընկերների մոտ դասընթացների՝ «նյուխը» ուժեղացնելու համար…

Իսկ եթե ավելի լուրջ՝ ես իսկապես մտավախություն ունեմ: Քանի որ հայաստանյան իշխող վերնախավը սովոր է ամեն ինչում կապկելու Ռուսաստանին, քանի որ արդեն համաձայնել է մասնակցել «Եվրասիական միություն» անվան տակ նոր Սովետի վերականգնմանը, հետեւաբար, վաղ թե ուշ, ցանկանալու է նաեւ վերականգնել սովետական «փայլուն ավանդույթները», այդ թվում՝ նաեւ պատրաստ է լինելու գրաքննելու կայքերը:
Վլադիմիր Պուտինը սովորական բռնապետ է կամ, էսպես ասեմ, «ծյունինգ» արած բռնապետ: Իսկ նրա նման բռնապետերը սարսափում են ազատ մարդուց ու ազատ խոսքից: Եվ իմ մտավախությունը հենց սա է. հայաստանյան իշխանություններն էլ սարսափում են ազատ խոսքից եւ սեփական իշխանությունը պահելու համար Հայաստանի անկախությունը ռուսական «Գազպրոմին» վաճառելուց հետո փորձելու են նաեւ ձեռնարկել պուտինավարի հերթական քայլը: Մանավանդ որ՝ Բաղրամյան 26-ում նստած են, այսպես կոչված, տեղեկատվական անվտանգության իբր մասնագետները, որ իշխանության համար սպառնալիք են համարում անգամ Աբովյանում եկեղեցու բացման ժամանակ ժողովրդին հյուրասիրելու կադրերի ցուցադրությունը կամ Սերժ Սարգսյանի կորեական «բուժական տուրիզմի» մասին տեղեկությունները: Եվ սրանց մի կայծ է պետք՝ բոլոր ազատ կայքերը արգելափակելու համար:

Միայն մի բան հաշվի չեն առել պուտինյան եւ հայաստանյան «տապոռային» գրաքննիչները. տեղեկատվական տեխնոլոգիաների էս դարում նման արգելափակումը բացարձակապես անարդյունավետ ճանապարհ է:

Բայց սա ուրիշ թեմա է, որին հարկ կլինի անդրադառնալ մի այլ՝ ընդարձակ վերլուծությամբ:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.- Շտապեցի այս հոդվածը հրապարակել, քանի դեռ Սերժ Սարգսյանի աչալուրջ գրաքննիչները Հայաստանում էլ չեն ստեղծել «..կոմնադզոր», որը, հաստատ, իմ այս գրածի մեջ էքստրեմիզմ կտեսներ ու կարգելափակեր «Առավոտն» ու նրա կայքը…

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728