Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազինյան. «Մարդ ի՞նչ մեղավոր է, եթե ուզում է գիտնական դառնալ, ու հայրը պաշտոնյա է»

Հունվար 30,2014 13:06

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության ոլորտում գիտական աստիճաններ շնորհող ԵՊՀ 001 մասնագիտական խորհրդի նախագահ Գագիկ Ղազինյանը վրդովված է մամուլում տեղ գտած այն տեղեկությունից, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամը, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի որդին և ՀՀԿ-ական Աշոտի Արսենյանի դուստրը իրենց խորհրդում պատրաստվում են իրավագիտության ոլորտում ատենախոսություն պաշտպանել: Ասում է՝ լուրը իրականությանը չի համապատասխանում, բայց նաեւ Aravot.am-ի հետ զրույցում հավելում է. «Պաշտոնյա կամ պաշտոնյայի որդի լինելը քաղաքական կատեգորիա չէ, ամեն ոք իրավունք ունի իր հնարավոր ունակությունները ցուցաբերել: Գիտության մեջ մտնելու երկու պայման կա. առաջին՝ ունենալ բավականաչափ ինտելեկտ, երկրորդ՝ գիտությամբ զբաղվելու բավականաչափ ձգտում՝ անկախ ծնողներից կամ իրենց կարգավիճակից: Մարդ ի՞նչ մեղավոր է, եթե ուզում է գիտնական դառնալ, ու հայրը պաշտոնյա է»: Դառնալով մամուլում աղմուկ հանած թեմային, պարոն Ղազինյանը նշում է. «Արսենյանը պաշտպանել է նախորդ տարի, ո՛չ միաձայն է քվեարկվել խորհրդում եւ դեռ չգիտենք՝ ինչ կլինի: Իսկ մյուս երկուսը մեր խորհրդի հետ կապված պաշտպանության հավակնություն, հայցորդի, ասպիրանտի եւ որեւէ այլ կարգավիճակ չունեն, հետեւաբար չեն կարող հավակնել նման գործառույթի իրականացմանը: Ի դեպ, Արգամ Աբրահամյանի մասին, որը բավականին լավ ուսանող է եղել, ավարտել է մագիստրատուրան, ես նրա մասին տեղեկություն չունեմ: Որքանով տեղյակ եմ, նա գիտությամբ զբաղվելու որեւէ ցանկություն չի ունեցել եւ չունի: Մյուս տղան էլ իրավունք էլ չուներ, որովհետեւ պետք է մագիստրոս լիներ պաշտպանելու համար»:

Aravot.am-ը պարոն Ղազինյանից հետաքրքրվեց, թե անցյալ տարվանից սկսած ԲՈՀ-ի կողմից քանի՞ աշխատանք է վերադարձվել իրենց խորհուրդ: «Ընդամենը երկու թեկնածուական աշխատանք»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի շրջանառվող այն տեսակետը, թե ամենաթույլ բնագավառների թվում են իրավագիտությունը, բժշկագիտությունը եւ տնտեսագիտությունը, ու այդ ոլորտներում ամենաշատն են պաշտպանությունները:

«Մեզ մոտ շատ չեն պաշտպանում, իսկ տնտեսագետների մասին չեմ ուզում ասել, այնտեղ թվերն արդեն խոսում են: Մյուս կողմից էլ, շատ պաշտպանելը դեռեւս չի նշանակում, թե դրանք վատն են: Չի կարելի չկայացած համարել մեր բնագավառը:

Խոսքը կիրառության մասին չէ: Ամբողջ իրավական համակարգը, օրենսդրական, իրավական ակտեր եւ այլն, բոլորը իրավական բնույթի են եւ դրանք չկայացած համարել՝ նշանակում է պետությունն այդպիսին համարել: Ինքս գերադասում եմ ունենալ թերի օրենք, բայց լավ կիրառություն: Ցավոք սրտի, մեզանում հակառակն է. շատ լավ օրենքներ ունենք, որոնք կիրառողների եւ մեր հասարակության անդամների մեղքով արդյունավետ չեն: Կիրառողների մեղքով ասելով, նկատի ունեմ ե՛ւ իրավապահ ,ե՛ւ դատական մարմինները, ե՛ւ օրենքների ու իրավական ակտերի հետ առնչվող պաշտոնյաներին: Հասարակությա՛ն խնդիրն է, որ ունենք նման վիճակ, ոչ թե գիտության»,-կարծում է իրավագիտության ոլորտում գիտական աստիճաններ շնորհող ԵՊՀ 001 մասնագիտական խորհրդի նախագահը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում չինովնիկների՝ գիտնական դառնալու ձգտմանը, Գագիկ Ղազինյանը հետեւյալն ասաց. «Չեմ կարող իրենց փոխարեն մեկնաբանել, բայց նորից եմ ուզում կրկնել, եթե մարդն ունի մտավոր ունակություններ, գիտությամբ զբաղվելու եւ բարձունքի հասնելու ցանկություն ու ժամանակ, հիմք ընդունելով նրա կամ հոր կարգավիճակը, արգելելը սխալ է: Իսկ եթե ձգտումները ոչ բարի նպատակներով են, հասարակության կողմից ո՛չ ընկալելի, նաեւ կան մտավոր ունակություններ, դա համարում եմ ոտնձգություն գիտության նկատմամբ»:

Գագիկ Ղազինյանն ասաց, որ մինչ այժմ չի եղել դեպք, երբ որեւէ ազդեցիկ պաշտոնյայի կամ նրա զավակի իրենց խորհրդի կողմից գիտական աստիճան շնորհվի: Նա խոստացավ նաեւ ներկայացնել պաշտպանությունների ու իրենց խորհրդի հետ կապված ցանկացած տեղեկատվություն: Ըստ խորհրդի նախագահի, ունեն բավականին թվով չանցած աշխատանքներ, ինչ վերաբերում է վերջին երկուսին, դրանց անցել են մեկ ձայնի առավելությամբ: «Եթե մեկ «դեմ» ձայն ավել լիներ, այդ աշխատանքները չէին անցնի: ԲՈՀ-ը որոշել է, որ դրանք պետք է անցնեն կրկնակի պաշտպանություն Աշխատանքներից մեկն ուրիշ խնդիրներ է ունեցել, որը քննարկման փուլում է, հնարավոր է դրա ճակատագիրն այլ լինի…Մի խոսքով՝ ամեն ինչ էլ պատահում է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031