Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագիտականի խորհուրդը 28 տարեկանին դարձրել է դոկտոր

Հունվար 27,2014 13:32

Անցյալ տարվա վերջին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան է շնորհվել Դավիթ Հարությունյանին: Նա ընդամենը 28 տարեկան է եւ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի որդին: Երիտասարդ դոկտորին բարձրագույն գիտական աստիճան է շնորհվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 014 խորհրդում: Ընդ որում, պարոն Հարությունյանը ՀՊՏՀ 014 խորհրդի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, ակադեմիկոս Յուրի Սուվարյանի (լուսանկարում) ասպիրանտն է եղել:

Aravot.am-ը պարոն Սուվարյանից հետաքրքրվեց՝ արդյոք անվանի մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի ու գիտության մյուս երախտավորների նման տաղանդավո՞ր էր իր ասպիրանտը, այնպիսի բացառիկ աշխատանքներ ունի ոլորտում, որ վաստակել է 28 տարեկանում դոկտոր դառնալու իրավունքը: «Դավիթ Հարությունյանը իսկապես խելոք երիտասարդ է, վերջերս էլ մի քանի անգամ երիտասարդության ոլորտում մրցանակների է արժանացել: Նրա գիրքը՝ վճարային հաշվեկշռի հիմնախնդիրների մասին, որը հիմնականում դոկտորական է դարձել, մրցանակի է արժանացել»,-ասաց նա:

Յուրի Սուվարյանը չցանկացավ հեռախոսով մեկնաբանել ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանի այն հայտարարությունը, թե ամենաանորակ ատենախոսությունները տնտեսագիտության ոլորտում են: Բայց խոստացավ առաջիկայում ծավալուն մեկնաբանություններ ներկայացնել՝ երես առ երես հանդիպման ժամանակ:

ՀՊՏՀ 014 խորհրդի նախագահը չհիշեց, թե մինչեւ 30 տարեկան քանի՞ դոկտոր կա կամ կա՞ արդյոք, մյուս կողմից էլ հավելեց. «Միշտ ասում ենք, որ պետք է խրախուսել երիտասարդներին, որ գիտության մեջ կարողանան առաջ գնալ: Դրա համար պետք է կարեւորել ոչ թե տարիքը , այլ կատարած գործը: Պետք է կարեւորել, արդյոք այն աշխատանքը, որ նա կատարել է՝ ունի՞ արժանիքներ: Տարիքն ի՞նչ խնդիր է, էլ ինչի ենք ասում պետք է գիտությունը երիտասարդացնել»:

Քանի որ Aravot.am-ի տեղեկություններով, ժամանակին պարոն Սուվարյանը դժգոհ է եղել Դավիթ Հարությունյանի թեկնածուականից, սակայն ստացվում է՝ դոկտորական աստիճան է շնորհում, նաեւ այդ մասին հարցրինք: «Մի քանի տարի առաջ իմ ասպիրանտն էր, թեկնածուականից դժգոհ չեմ եղել»,-ասաց մեր զրուցակիցը:

Aravot.am-ի հարցը՝ 28-ամյա երիտասարդին դոկտորի աստիճան շնորհելու մեջ դերակատարություն ունեցե՞լ է այն հանգամանքը, որ Դավիթ Հարությունյանի հայրը տնտեսագիտության ինստիտուտի տնօրենն է՝ Յուրի Սուվարյանը տրիվիալ որակեց, բայց նաեւ շտապեց պատասխանել. «Ես էլ չգիտեմ»:

Հավելենք, որ ըստ ԲՈՀ-ի տվյալների, ՀՊՏՀ 014 խորհրդի կողմից վերջին տարիներին կրկնակի անգամ ավելի գիտական աստիճաններ են շնորհվում՝ ԵՊՀ 015 խորհրդի համեմատությամբ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ 014 խորհրդի կողմից է տնտեսագիտության ոլորտում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան է շնորհվել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի պաշտպանությունն անցավ փակ դռների հետեւում, չնայած, ըստ կարգի  ատենախոսությունների պաշտպանությունը բաց է եւ խորհրդի անդամների հարցերի սպառվելուց հետո՝ հարցեր տալու իրավունք ունեն դահլիճի բոլոր ներկաները, այդ թվում՝ լրագրողները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Հայաստանում այլևս ոչինչի վրա զարմանալ պետք չէ: Միանգամից ակադեմիկոս էլ ընտրեք և վերջ: Մենք և մեր փառապանծ գիտնականները…….??????

  2. ՀՀ քաղաքացի says:

    Ի լրումն Ara Kirakosyan -ի ասածի

    Ուրեմն զարմանալ պետք չէ, որ կա չդադարող արտագաղթ…

  3. David says:

    Հայը ծնված օրից ակադեմիկ է, Էյնշտեյնն ու Նյուտոնը երազել անգամ չէին կարող:Հիանում եմ հայ աքլորի ծուղրուղույով…Դրսից կարմիր ներսից փուշ մասուրով…Հիանում եմ անկրկեսի ծաղրածույով,թյուրիմացությունների հանճարով:

  4. karen says:

    Այդ խորհուրդը պետք է փակել:Գիտնական կարող է դառնալ այն տնտեսագետը,ով ինչ-որ բանով էս երկրի էկոնոմիկան կզարգացնի:Բոլոր տնտեսագետների,այդ թվում էդ տղայի հորը, Սուվարյանին պետք է զրկել գիտական տիտղոսներից :Ցեխ են բացել,ռուսերենից հայերեն թարգմանում են մեկ դիսերտացիա ու գիտնական են ձևանում:Պաշտպանողների 90 տոկոսը գրադարան էլ չի գնացել,նրանց ոչ ոք գրադարանում չի տեսել:Էլ ոնց են պաշտպանել:Դա կոչվում է պսեվդոգիտություն:

  5. Լիանա says:

    Ցավոք մենք հայերս սիրում ենք քննադատել առանց պարզաբանելու: Իսկ ո՞վ ասաց, որ դոկտորականի շնորհման համար կա սահմանված նվազագույն տարիք: Որտե՞ղ է գրված, որ դոկտորի թեկնածուական հայտ ներկայացնելիս առաջնահերթ նայում են անձնական տվյալներին՝ տարիքը, ու՞մ որդին է, ընտանեկան և սոցիալական կարգավիճակը, իսկ հետո նոր ծանոթանում աշխատանքի բովանդակությանը, թեկնածուի նվաճումները գիտության ասպարեզում: Համոզված եմ, որ եթե Դավիթ Հարությունյանի տարիքը լիներ ոչ թե 28, այլ օրինակ 48, հասարակության կողմից կնդունվեր նորմալ, իսկ աշխատանքը կլիներ արժանի: Նման վերաբերմունքի պատճառով է, որ շատ ու շատ երիտասարդներ լքում են հայրենիքը: Արտերկրում նույնիսկ 25-26 տարեկան դոկտորները զարմանք չեն առաջացնում, իսկ մեր երկրում նման մարդկանց հասարակությունը պարզապես կեղծ է համարում առանց որևէ հիմքի: Եկեք փոխենք մեր վերաբերմունքը, ընդունենք ու պարծենանք, որ ունենք նմանատիպ շատ ու շատ տաղանդավոր երիտասարդներ, այլ ոչ թե ՆԱԽԱՆՁԵՆՔ նրանց:
    Ժողովուրդն ասում է. աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց խակ է:

    • Ara Kirakosyan says:

      Հարգելիս! Այստեղ նախանձի հարց չկա, այստեղ ավելի շատ բարոյականության հարց կա: Ինչպես կբացատրեք այն, որ սույն պարոնը 28 տարեկանում պաշտպանում է դոկտորական որի h-index-ը զրո է? Սա ապացուցում է մի բան միայն, նա նույնիսկ թեկնածու լինել արժանի չէ: Սա է խնդիրը, իսկ այն, որ նա արդարանում է, թէ արտասահմանում տպվելը թանկ հաճույք է իրականությանը չի համապատասխանում: Խոսքն իհարկե չի վերաբերում open access կարգի ցածր ռեյտինգ ունեցող ամսագրերին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031