«Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը վերաբերվում Ռոբերտ Քոչարյան եւ Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին: Ո՞ր մեկի փաստարկներն է նա առավել համոզիչ ու հիմնավոր համարում»: Պատասխանելով «Առավոտի» այդ հարցին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ուղարկել է հետեւյալ պատասխանը.
«Ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, ՀՀ Նախագահն անշուշտ դրական է վերաբերում: Միաժամանակ նա անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երևույթների մասին ինքնանպատակ բանավեճը, կողմնակից չէ նաև բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու երևույթին: Կողմ է հանգիստ, հավասարակշռված ու ոչ էմոցիոնալ քննարկմանը, որը խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում: Սա, ինչ վերաբերում է բանավեճին ընդհանրապես:
Կոնկրետ Ձեր նշած մտքերի փոխանակությանը նա, անշուշտ, մեծամասամբ ծանոթ է: Հանրապետության Նախագահի կարծիքն այն է, որ վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով: Նախագահ Սարգսյանը մշտապես հորդորել է կառավարության անդամներին հնարավորինի սահմաններում հանգամանալից պարզաբանումներ ներկայացնել մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերի շուրջ, ավելի ակտիվ լինել լրատվամիջոցներում և քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների կողմից հրապարակավ բարձրաձայնվող հարցերի ու խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններ տալու հարցում, հարկ եղած դեպքում նույն խնդրի վերաբերյալ արտահայտվել նորից ու նորից, դիտարկել այն մեկ այլ տեսանկյունից, եթե մեկ անգամ մեկնաբանելուց հետո էլի կրկնվում են հարցերը: Կառավարությունը վերջին ժամանակներում իսկապես շատ ավելի բաց ու ակտիվ է դարձել այս հարցում և վստահություն կա, որ այդպես էլ կշարունակի, քանի որ դա է ճիշտ ճանապարհը»: