Հունվարի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված էր ժամկետային զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստ:
Նիստին ներկայացել էին քրեական գործով մեղադրողները՝ Լոռու զինվորական կայազորի դատախազի պաշտոնակատար Արթուր Զաքարյանը, նույն կայազորի դատախազության դատախազ Անտոնյանը: Չէին ներկայացել ամբաստանյալ, Երեւանի բնակիչ Դավիթ Խաչատրյանի երկու պաշտպանները, տուժող Հրաչյա Սարգսյանը:
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը քաղաքացիական հագուստով էր: Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան (Աշխարհիկ) Ստեփանյանը դատարանին հայտնեց, որ իր առողջական վիճակը վատ է, չի կարողանում խոսել: Նրան տուժողի իրավահաջորդի կարգավիճակում փոխարինեց կինը՝ Լուիզա Ստեփանյանը:
Դավիթ Խաչատրյանը չգիտեր, թե ինչու նիստին ներկա չէին իր պաշտպանները: Նա չկամեցավ, որ նիստը կայանա առանց իր պաշտպանների: Դատավոր Զոյա Զաքինյանը հայտարարեց, որ ամբաստանյալի պաշտպանները տեղյակ են եղել նիստի տեղի եւ ժամանակի մասին: Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պարզի պաշտպանների բացակայության պատճառը:
Կարդացեք նաև
Ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց՝ պաշտպաններն իրեն հայտնել են, որ իրենց ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհին վթարի է ենթարկվել, այն էվակուատորով տեղափոխում են: Դատավորը նիստը հետաձգեց եւ հաջորդ նիստը նշանակեց հունվարի 29-ին:
Լյուքս Ստեփանյանի հարազատները եւ համագյուղացիները վրդովված էին դատի հետաձգումից, նրանք չէին հավատում պաշտպանների ավտոմեքենայի վթարին, համոզված էին՝ դա դատը հետաձգելու պատրվակ է:
Դատարանի դահլիճում հնչում էին հարազատների զայրացած խոսքերը, նրանք փորձում էին մտնել դատարանի՝ կողմնակի անձանց համար արգելված գոտի եւ դատավորից պարզաբանումներ ստանալ պաշտպանների ավտոմեքենայի վթարի իսկության մասին:
Քաշքշուկ սկսվեց Լյուքս Ստեփանյանի հարազատների եւ դատական կարգադրիչների միջեւ, հնչեցին հայհոյանքներ: Չնայած կարգադրիչների կազմը համալրվել էր Դիլիջանից, Նոյեմբերյանից, Բերդից ժամանած նրանց գործընկերներով, սակայն նրանք չէին կարողանում վերահսկել իրավիճակը: Կարգադրիչները հասկանալով Լյուքս Ստեփանյանի հարազատների վիշտը, ցանկանում էին մեղմել խիստ լարված իրավիճակը:
Լյուքս Ստեփանյանի ծնողները, նրա հորեղբայրը բարձրացան դատարանի դահլիճի երկրորդ հարկ, հանդիպեցին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի եւ դատավոր Զոյա Զաքինյանի հետ: Շատ հուզված վիճակում նրանք պարզաբանումներ էին պահանջում պաշտպանների դատարան չներկայանալու հետ կապված:
Լյուքսի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը դատական կարգադրիչներին մեկին հուզված ասում էր, որ իր որդին պետք է զինծառայությունից վերադառնար, դառնար դատավոր կամ, դատախազ, սակայն ինքը նրան հողին է հանձնել: Երիտասարդ դատական կարգադրիչի աչքերն արցունքոտվել էին:
Քիչ անց Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը փորձեց իրենց ցած նետել դատարանի երկրորդ հարկի միջանցքից: Դատական կարգադրիչները մի կերպ բռնեցին նրան: Առողջական վիճակը կտրուկ վատթարացած Աշխարհիկ Ստեփանյանին օգնելու համար «շտապ օգնության» խումբ հրավիրվեց:
Բժիշկները մեզ հայտնեցին, որ Աշխարհիկի արյան ճնշումը կտրուկ բարձրացել էր, հասել 200-ի: Նրան բուժօգնություն ցուցաբերվեց:
Լյուքս Ստեփանյանի հարազատներն ու համագյուղացիները չկամությամբ լքեցին դատարանի դահլիճը, խոստանալով, որ հաջորդ նիստին ավելի մեծ կազմով կներկայանան: Նրանցից մեկը դժգոհելով դատական նիստի հետաձգումից, ասաց, որ « գոնե առաջին նիստին պետք չէր կապիկություն անել»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տեսանյութը՝ 1in.am-ի