Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. Ռոբերտ Քոչարյանը գտել էր բանալին

Հունվար 13,2014 18:09

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի բերած փաստարկները, մասնավորաբար, շինարարության հետ կապված խնդիրների վերաբերյալ, հիմնավոր են. «2000-2008 թվականներին տնտեսության զարգացման բանաձեւը գտնվել էր ու դա շինարարությունն էր, որը իր հերթին զարգացնում էր մյուս ոլորտները»:

Առավել կոնկրետացնելով ասելիքը, մեր զրուցակիցը բերում է թվեր` 2008 թվականին կար մոտ 840 միլիարդ դրամի շինարարական ծավալ, իսկ այժմ` 400 միլիարդից էլ քիչ է: Այսինքն, երկու անգամից ավելի նվազել են շինարարական ծավալները, ինչը նշանակում է, որ ներդրումային միջավայրը նպաստավոր չէ: «Իսկ շինարարությունը դա նշանակում է շինանյութերի արտադրություն, տրանսպորտի ոլորտի աշխատանք, ճարտարապետություն, նախագծային աշխատանքներ, մասնագետների աշխատանքներ: Այն տարիներին մոտ 170 հազար մարդ էր աշխատում: Այսինքն, այս առումով, հիմնվել նրա վրա, որ աշխարհում կա շինարարական փուչիկ հասկացություն, որը նշանակում է գրավադրված ակտիվների, հիփոթեքային ակտիվների փուչիկ, ես չեմ համաձայնի Հայաստանի համար: Աշխարհում, այո կա, բայց Հայաստանին դա բնորոշ չի, որովհետեւ Հայաստանում շինարարության ոլորտում ներդրված գումարները բացարձակ հիփոթեկային հիմքով չեն եղել, եղել են նաեւ այլ բնույթի»,- ասաց Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ-ական պատգամավորի այս հակադարձումները վերաբերվում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` դեռ անցյալ տարեվերջին Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած քննադատության պարզաբանումներին:

Վարչապետի պարզաբանումներին հետեւեց Ռոբերտ Քոչարյանի արձագանքը, որտեղ անդրադարձ կար նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ու ՌԴ-ի հետ ստորագրած գազային պայմանագրերին:

ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցնում է, որ խորհրդարանական քննարկումներում ԲՀԿ-ն քանիցս ասել է, որ այդ ռեֆորմը վստահություն չի ներշնչում: Բերվել են Սլովակիայի, Արգենտինայի եւ այլ երկրների օրինակները, որոնք բավական կարճ ժամանակահատվածում եւ քաղաքական վայրիվերումների արդյունքում հրաժարվեցին այդ համակարգից` գումարները շահառուներին վերադարձնելով: «Ես կարծում եմ, որ դա բավական ռիսկային է, քանի որ, եթե այսօր գումարներ ենք հավաքում, որպեսզի ֆինանսական միջնորդությունները զարգացնենք, ապա համապատասխան գումարներ տալու համար, այդ գումարները պետք է ներդրվեն այնտեղ, որտեղ որ տնտեսական աճն ավելի է, քան Հայաստանում: Այսինքն, դրանց մեծ մասն անպայման դուրս է գնալու եւ հինգ տոկոսը բավական մեծ բեռ է թե քաղաքացու, թե պետբյուջեի համար»:

Ինչ վերաբերվում է գազային համաձայնագրերին, Միքայել Մելքումյանը հատկապես կարեւորում է մինչեւ 2043 թվականը ՌԴ-ին մենաշնորհի տրամադրումը` օտարելով «ՀայՌուսգազարդ» ընկերությանը` անգամ հաշվի առնելով Գազպրոմի ակնառու ներդրումները` կապված հինգերորդ էներգաբլոկի, Իրան-Հայաստան գազային ծրագրերում: Այս մենաշնորհային լիցենզիան մեր զրուցակիցը համեմատում է «ԱրմենՏելի» մենաշնորհային լիցենզիայի հետ, երբ 1998-ին «ԱրմենՏելին» 25 տարով մենաշնորհ տրամադրվեց, ինչի արդյունքները մենք մեր մաշկի վրա ենք զգացել,այդ թվում նաեւ տնտեսության տեխնիկական զարգացման առումով:

Ամփոփելով իր խոսքը,մեր զրուցակիցը նկատում է, որ խոսելով շինարարության մասին, որպես ճգնաժամի հիմնական արգելքներից մեկը, գործող վարչապետին հարց է ուղղում. «Ով էր խանգարում, հինգ տարվա ընթացքում թող դիվերսիֆիկացնեին: Իսկ հիմա, արդյոք, մենք ունենք ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն: Կարծում եմ, որ ոչ: Այն դեպքում, երբ մեր արտահանման 43 տոկոսը կազմում է հանքահումքային արտադրանքը` քսերոմոլիբդենը եւ պղնձի խտանյութը»:

Ինչ վերաբերվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը պատգամավորը ողջունում է, միաժամանակ փաստում է, որ այնտեղ աշխատում է ընդամենը վեց հազար մարդ եւ հարաճուն զանգվածային աճ այդ ոլորտում չի զգացվում:

Միքայել Մելքումյանը հիշեցնում է, որ ԲՀԿ-ն քսանից ավել նախաձեռնություններ է ներկայացրել, որոնց մի մասը արդյունաբերական քաղաքականությանն են վերաբերվում, մասնավորաբար, մարզերում ազատ արդյունաբերական գոտիների ստեղծմանը: ԲՀԿ-ում գտնում են, որ Հայաստանը հայաթափումից փրկելու ուղիներից մեկն էլ մարզերի զարգացումն է:

«Երկրորդ նախագահի հարցադրումները համարում եմ տեղին, հիմնավորված, ինքը, որպես հանրապետության ղեկավար, իր պաշտոնավարման տարիներին գտել էր բանալին: Ես չեմ ասում, որ մինչեւ հիմա շինարարությունը պետք է անվերջ զարգանար, բայց դրան պետք է հաջորդեին ուրիշ քայլեր, որոնք կիսատ մնացին»:

Ռոբերտ Քոչարյանի եզրահանգումը` ուղղված Տիգրան Սարգսյանին ` «նա անհույս է», Միքայել Մելքումյանը համարում է իրենց գործը. «Ես չեմ խառնվում այդ գնահատականներին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031