Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը առաջիկա օրերին օֆշորային սկանդալի վերաբերյալ նոր բացահայտումներ է հրապարակելու:
«Ես անդրադարձել եմ երկու կազմակերպության, որտեղ փայատեր է վարչապետը: Ավելի լավ կլինի՝ վարչապետը դրա մասին խոսի: Ես առաջիկա օրերին դրա մասին գրելու եմ: Նաիրին կապ չունի վարչապետի անունով գրանցված ընկերության հետ: Այդ ընկերության տնօրենները հույներ են… վարչապետի գրասենյակն էլ մի անգամ տարածել էր, որ վարչապետի ստորագրությունները չկան, բայց հետո պարզվեց, որ ստորագրություններ կան»,- Aravot.am-ին ասաց պարոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի պնդումներին, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի բարեկամ Նաիրի Մեհրեջն է օֆշորային սկանդալի հիմքում է կանգնած եւ ինքը որեւէ կապ չունի:
Պարոն Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել օֆշորային սկանդալում Նաիրի Մեհրեջի անվան շրջանառության նպատակը, Օսկանյանի հետ բարեկամական կապը. «Մենք փաստեր ենք հրապարակում: Քաղաքականությամբ չեմ զբաղվում»:
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը տարեվերջյան ասուլիսում ի պատասխան Haynews. am-ի հարցին ասել էր, որ ինքը կապ չունի Կիպրոսում այդ ձեռնարկության գրանցման հետ այն պարզ պատճառով, որ երբ այդ ձեռնարկությունը գրանցվում էր օֆշորային գոտում, այդ օրը և այդ ժամին ինքը չի եղել Կիպրոսում և ընդհանրապես, երբ դարձել է վարչապետ, ընդհանրապես Կիպրոսում չի եղել:
Կարդացեք նաև
Իսկ պարոն Բաղդասարյանը հիշեցրեց. «Պարտադիր չէ Կիպրոս գնալ ընկերություն գրանցելու համար: Լիազորված անձը կարող է գրանցել, պարտադիր չէ, որ մարդը ներկա լինի գրանցման ժամանակ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ