Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունը կին ձեռներեցներին տեղերն է նստեցնում

Դեկտեմբեր 18,2013 13:58

Կանայք` հարկային ու վարկային ճնշող քաղաքականության մասին

Երեկ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Գյումրու քաղաքապետարանի ու Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կին ձեռներեցների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ու թեեւ ցուցահանդեսը ամանորյա թեմայով էր` գունեղ, բարձր տրամադրություն հաղորդող տաղավարներով, սակայն անչափ տխուր էր ձեռներեց կանանց շոշափած թեմաները: Նրանց մեծ մասը նեղված էին կառավարության` իրենց հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից: Օրինակ` զրուցակիցներից մեկը` «Շերամ» զարգացման կենտրոնը ներկայացնող Կարինե Հովհաննիսյանը, ասաց. «Մենք մեր երեխաների աշխատանքները քիչ ու միչ վաճառում ենք միայն ցուցահանդես-վաճառքի մասնակցելով, եթե չլինեն նման միջոցառումներ, հնարավոր չէ վաճառել: Մի պայման չեն ստեղծում, որ մենք էլ մեզ լավ զգանք, դժվարությունները շատ են, ու գիտեք, դրանք կապված չեն ֆինանսի հետ…… որ մի գործ դնես, ֆինանս հաստատ կճարես, ուղղակի կառավարության կողմից ստեղծված խոչընդոտները շատ են: Հայ կանայք հնարամիտ են, կգտնեն էդ աղբյուրը, որ ստեղծեն, բայց կառավարությունը ճնշում է, չեն կարող անել այն, ինչ կարող են, անմիջապես հարկային դաշտն է խեղդում: Եթե ինչ-որ բան պիտի անեն, որ մի քիչ օգուտ ստանան, դա հարկայինն է տանում, բնական է, որ այդ պայմանով ոչ ոք չի ցանկանա իր միտքը, գաղափարը դուրս հանի, ներկայացնի: Կառավարությունը հայ կանանց միշտ նստեցնում է իրենց տեղը»,- ասաց մեր զրուցակիցը:

Տարբեր տեսակի քաղցրավենիքներ, չրեր պատրաստող Արագածոտնի մարզի Օշական գյուղի «Գյուղի տատիկ» ընկերության հիմնադիր Վերա Զաքարյանն էլ ասաց, որ իր արտադրանքը էկոլոգիապես մաքուր է, արտահանում են ինչպես եվրոպական երկրներ, այնպես էլ Ռուսաստան ու ԱՄՆ, բայց դժգոհ է, որ պետությունը չի նպաստում բիզնեսի զարգացմանը: «Երբ մենք 2003 թվականին սկսել ենք մեր բիզնեսը, շատ դժվար էր, հիմա շատ ավելի հեշտ է օրենսդրության առումով` հարկային, մաքսային առումով, բայց հիմա ուղղակի խանգարում են ֆինանսական խնդիրները: Շատ դժվար է վարկեր ձեռք բերել, վարկերը բանկերում թանկ են, գրավի առարկայի խնդիրը կա. սա է հիմիկա դժվարությունը: Ինչքան ունենանք գումար, այնքան կարող ենք արտադրել, եւ կսպառվի: Նոր տարուց հետո գրեթե ապրանք չի մնում, սպառումը շատ մեծ է: Թեեւ Հայաստանի փոքր ու միջին ձեռներեցության կենտրոնը օգնում է, բայց նրանց վարկերն էլ այնպիսին են, որ հենց հաջորդ ամսվանից պետք է վերադարձնես անպայման: Գյուղմթերքի վերամշակման առումով այդքան նպատակահարմար չեն, ավելի շատ որպես առեւտրային վարկ կաշխատի, բայց մեր դեպքում արդյունավետ չէ. կան բաներ, որոնք սեզոնային են եւ ժամանակ են պահանջում, որ դառնան ապրանք՝ վաճառքի համար: Այս առումով կարծում եմ, որ ՓՄՁ-ի վարկերը մի քիչ ավելի դժվար են, հետո գրավի առարկայի խնդիրը կա: Տոկոսաչափը իջել է, 10 տոկոս ենք վճարում, պետությունը 4 տոկոսով սուբսիդավորում է, սակայն գրավի առարկայի եւ հաջորդ ամսվանից անմիջապես վճարելու խնդիրը դժվարացնոմ է օգտվել այդ վարկերից»,- ասաց մեր զրուցակիցը:

«Արաքս» հ/կ-ի նախագահ Ալլա Խաչատրյանն էլ դժգոհեց, որ Հայաստանում հնարավոր չէ փոքր ու միջին բիզնես զարգացնել, որովհետեւ օրենքներում փոփոխությունները ի շահ հասարակության ու ժողովրդի չեն կատարվում, այլ պետական չինովնիկների: «Եթե իրենք ուզեին, որ բիզնեսը ծաղկեր, մենք ունենայինք աշխատատեղեր, վաղուց մենք կունենայինք էդ աշխատատեղերը: Մենք ունեինք անհատ ձեռներեցներ, ովքեր գործ դրեցին, մի տարի հետո սկսեցին փակել հենց հարկային դաշտի պատճառով, մարդիկ հոգնեցին ու թողեցին Հայաստանը. էսօր շատ քիչ հայեր են մնացել: Զորօրինակ այս միջոցառումը՝ երբ մի բան լինում էր, այստեղ տեղ չկար կանգնելու, ամբողջ հասարակությունը գալիս էր տեսնելու, սովորելու, բայց տեսնում եք, որ էս հրաշալի ֆոեն դատարկ է, շատ քիչ մարդ է մասնակցում: Սա պետք է ապացույց լինի, որ պետական չինովնիկները աչքերը, հայացքները թեքեին դեպի մարզեր եւ մտածեին ժողովրդի մասին. ժողովրդի մասին մենակ հայտարարություններով չէ, որ խոսում ու ասում են` սա արեցինք. ոչինչ չի փոխվել»,- ասաց Ալլա Խաչատրյանը: Ըստ նրա՝ եթե թույլ տային, յուրաքանչյուր հայ կստեղծեր իր աշխատատեղը, մինչդեռ մարդիկ իրենց սեփական տները վաճառեցին հիմնած բիզնեսի համար արված պարտքերը փակելու նպատակով:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031