Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղո՞ւմ, թե՞ դիակիզում. ո՞րն է ճիշտը

Դեկտեմբեր 12,2013 17:38

«2006թ. ԱԺ-ն ընդունել է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենք, որով թույլատրվում է կամավոր դիակիզումը: Սակայն տարիներ շարունակ այս հարցը քննարկվում է, և, այնուամենայնիվ, լուծում չի ստանում, որովհետև դիակիզման երևույթը դեմ է մեր ազգային մտածողությանը, ավանդույթներին, հոգեբանությանը և հոգեկերտվածքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպության ինժեներ Ռազմիկ Հարությունյանն էլ պնդում է, որ մեկ-երկու տարի հետո հուղարկավորման համար նախատեսված տարածքներ այլևս չեն լինի Երևանում. «Գնալով նվազում են գերեզմանոցների համար սահմանված հողատարածքները: Հուղարկավորության համար մեկ ընտանիքին տրամադրվում է 12 քմ հողատարածք, որտեղ տեղավորվում է ընդամենը 4 դիակ: Սա էլ իր հերթին տարբեր վիճաբանությունների պատճառ է դառնում, մինչդեռ, դիակիզման դեպքում 12 քմ տարածքում 45-50 սափոր կարող է տեղավորվել»,- ասում է նա:

Սակայն Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը բոլորովին համաձայն չէ Ռազմիկ Հարությունյանի հետ: Նրա համոզմամբ՝ «գույներն արհեստականորեն խտացվում են». «Հազարամյակներ առաջ հայկական իրականության մեջ եղել են դիակիզման դեպքեր, բայց քրիստոնեության ընդունումից հետո դիակիզում չի եղել: Հայկական ավանդական ծեսը թաղման ծեսն է, և հայկական հողը միշտ էլ հերիքել է: Անընդհատ կրկնում եք, որ մեկ-երկու տարի հետո ահավոր վիճակ է լինելու: Ես կարծում եմ, որ համապատասխան պաշտոնյաները խտացնում են գույները, որովհետև իրականությունն այլ է: Այսօր մեր հասարակության մեջ չկա դիակիզման պահանջ, կա այլ պահանջ. մարդիկ մտահոգ են սոցիալական անարդարության պատճառով: Այս կամ այն գերեզմանոց գնալիս հաճախ կարելի է տեսնել արձաններով և այլ ճոխություններով կառուցված հսկայածավալ «դամբարաններ», բայց հանկարծ լսում ես, որ տեղեր չկան հուղարկավորման համար»,- ասում է վարդապետը:

Նա գտնում է, որ քաղաքապետարանը պիտի իր առջև խնդիր դնի կանոնակարգելու հատկացվող տեղերի չափերը, իսկ ինչ վերաբերում է դիակիզմանը, «մենք պետք է հասկանանք, որ դա ինքնին, որպես երևույթ, խորթ է մեր ազգային մտածողությանը, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է դիակիզվել»,- ասաց Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Մեր երկրում բոլորս մեր ճիշտն ունենք և դա ամեն մեկի համար վերջնականն է:Ուստի զոռբան միշտ իր կամքն է փաթաթում մյուսների վզին:Վերցնենք թեկուզ և կենսաթոշակային պարտադիր ապահովագրությունը: Սա ի միջի այլոց:Իսկ ինչու? այս կարևոր ու վիճելի հարցը չի առաջարկվում լուծել համաժողովրդական հարցման (պլեբիսցիտի) միջոցով:Իսկ Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանին ասեմ,որ անձամբ ինձ համար ազգային մտածողությունը խորթ չէ,սակայն կողմ եմ դիակիզմանը,հենց թեկուզ և նրա համար,որ մնացողները ազատվեն հոգեբանական տանջանքներից: Իհարկե 1-2 տարվա բան չէ,սակայն ընթացքում կդառնա նորմալ,մարդիք կընտելանան:Այս իշխանություններին ընտելացանք չէ?Ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031