Դեկտեմբերի 2-ին Գյումրի ժամանող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ծաղիկներ դնել նաև Ամենափրկիչ եկեղեցու ետնամասում գտնվող երկրաշարժի զոհերի հուշարձանին: Այդ պատճառով էլ ՀՀ իշխանությունները բարեկարգման աշխատանքներ սկսեցին նաև եկեղեցու ետնամասում: Ու որպեսզի ՌԴ նախագահի անվտանգությունն ապահովեն, Ամենափրկիչ եկեղեցին կառուցող Վարդան Ղուկասյանին ևս պարտադրեցին եկեղեցու վրա աշխատող ավտոկռունկը հեռացնել:
Ի դեպ, ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների, այն թե տեղադրելը, և թե հեռացնելը բավականաչափ թանկ է նստում, նույնիսկ խոսք է գնում այն մասին, որ արժի 10 հազար դոլար: Տեխնիկան արդեն հեռացրել են, մեր տեղեկություններով, դրա համար որոշակի գումար պատրաստվում են փոխանցել նաև քաղաքային բյուջեից:
Այսօր կեսօրին ավտոկռունկը հեռացնելիս արտակարգ դեպք է գրանցվել, տեխնիկան շուռ է եկել, և վնասվել է կռունկավարի` 1968 թվականին ծնված Վալերի Ալբերտի Հայրապետյանի գլուխը: Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և բուժօգնություն ցուցաբերելով` դուրս գրել հիվանդանոցից:
Ինչպես Aravot.am –ին տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանը, նրան ենթարկել են ռենտգեն հետազոտության, նրա մոտ կոտրվածքներ չի եղել, սակայն վնասված է եղել գլուխը և կար է դրվել գլխի պատառոտված հատվածին:
Կարդացեք նաև
Տեսանյութը` ՑԱՅԳ հեռուստաընկերության:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ