Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տղերք, բա հաշիվն ո՞վ ա փակելու»

Նոյեմբեր 27,2013 14:23

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ Հայաստան-ՄՄ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների
եւ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի մասին:

– Մի քանի օր առաջ Իրանը համաձայնության եկավ մեծ «վեցյակի» հետ, Իրանի նկատմամբ պատժամիջոցներն արդեն իսկ թեթեւացվում են, ինչը, ըստ որոշ վերլուծաբանների, նշանակում է, որ տարածաշրջանում Իրանը լուրջ մրցակից է դառնալու ՌԴ-ի համար: Այս համատեքստում եթե վերլուծենք սեպտեմբերի 3-ի հայտարարությունը, արդյոք նախագահ Սարգսյանը չշտապե՞ց:

– Ես համամիտ չեմ այդ տեսակետի հետ, քանի որ Իրանի խնդիրը կարգավորվեց նաեւ շնորհիվ Չինաստանի եւ Ռուսաստանի շատ հստակ դիրքորոշման: Բացի այդ, Իրանը շատ լավ հասկանում է, որ միջուկային ծրագրի հետ կապված խնդիրն այսօր չի լուծվել, դեռ վեցամսյա ժամկետ է ստացել Իրանը, որի ընթացքում պետք է կարողանա կատարել իր առջեւ դրված պահանջները, ԱՄՆ սենատը դեռ պետք է քննարկի պատժամիջոցների հարցը եւ այլն: Ինչեւէ, տարածաշրջանում Իրանն ու ՌԴ-ն հիմնականում գործընկերներ են եղել եւ միշտ դիտարկվել են Հյուսիս-Հարավ ռազմավարական առանցք: ՀԴԿ-ի դիրքորոշումն այնպիսին է, որ Հայաստանն այդ առանցքում պետք է լինի: Հիմա այս առանցքն ավելի կարող է ամրապնդվել: Խնդիրը ես այդպես կդիտարկեի: ՌԴ-ն ու Չինաստանը շատ լավ հասկանում են, որ որքան այդ առանցքը կայուն լինի, այնքան տարածաշրջանում կայունություն կապահովվի:
Իմ գնահատմամբ՝ այս իրականության մեջ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են զարգանալու Թուրքիա-Իրան հարաբերությունները: Այստեղ նրանք իրոք մրցակից են եւ բոլոր խնդիրներում՝ կրոնի, կրոնական առանձնահատկությունների, աշխարհաքաղաքական: ՌԴ-ն այնպիսի քաղաքականություն վարեց, որ եւ Թուրքիան, եւ Իրանը ձգտում են իր հետ առավել սերտ հարաբերություններ ունենալ: Վառ օրինակն է Էրդողանի վերջին հայտարարությունը՝ Թուրքիային Շանհայի համագործակցության կազմակերպությունում ընդունելու մասին, քանի որ Թուրքիան դեռ հույս չունի ՄՄ-ում ընդգրկվելու: Այսինքն՝ մեր աչքի առջեւ լուրջ փոփոխություններ են կատարվում, բայց տեկտոնիկ պլաստները դեռ շարժման մեջ են, եւ ոչ ոք դեռ չի կարող ասել, թե որտե՞ղ եւ ո՞ր կոնֆիգուրացիայով դրանք կանգ կառնեն: Միակ պարզ բանն այն է, որ, ըստ ամենայնի, աշխարհն ընդունեց ՌԴ-ի դերակատարումը: Այսօր միանշանակ կարելի է ասել, որ աշխարհը դարձավ երկբեւեռ՝ ԱՄՆ-Եվրոպա, ՌԴ-Չինաստան-Հարավասիական հատված: Պարզ դարձավ, որ այսօրվա աշխարհում հնարավոր չէ քայլեր անել առանց այս շահերը հաշվի առնելու: Հիմա բոլորը խոսում են, թե ՌԴ-ն ճնշում է գործադրում իր գործընկերների վրա. բայց եկեք հասկանանք՝ դա ճնշո՞ւմ է, թե՞ իր շահերի պաշտպանություն: Իսկ ի՞նչ է՝ մյուս կողմն այդպես չի՞ վարվում:

Դեռ 1997 թվականին մի հոդվածում ես նշել էի, որ եթե կարողանանք իսկապես առանցքային դարձնել Հյուսիս-Հարավ՝ ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան առանցքը, եթե Վրաստանը ցանկություն ունենա, ապա մենք ստանում ենք կայունության երաշխիք եւ դառնում ենք ոչ թե հակադիր, այլ այնպիսի ինքնաբավ միավոր, որն անպայման պետք է գնա համագործակցության: Երբ ՌԴ-ն ու Հարավասիական հատվածը մի փոքր թույլ էին՝ ՆԱՏՕ-ն էր գնում ընդլայնման, ԵՄ-ն՝ ասոցացման ծրագրերով, իսկ հիմա պարզ դարձավ, որ պետք է գնալ համագործակցության ճանապարհով: Օրինակները՝ Սիրիան եւ Իրանը: ԱՄՆ-ն անգամ հաշվի չնստեց Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի դիրքորոշման հետ, քանի որ հասկացան, որ կարող է հակամարտության այնպիսի օջախ ստեղծվել, որն անկառավարելի կարող է դառնալ: ԱՄՆ-ը բավականին կշռադատված որոշում կայացրեց, եւ Բարաք Օբաման այս պահին առանձնանում է քաղաքական ասպարեզում որպես խելամիտ որոշումներ կայացնող՝ ելնելով «ռեալ-պոլիտիկից»:

– Ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայում ընթացող հակապուտինյան դժգոհությունները: Ձեր գնահատմամբ՝ ի վերջո, ո՞ր ուղղությամբ կգնա Ուկրաինան:

– Կարծում եմ՝ արեւմտյան հոսանքը բավականին տարօրինակ իրավիճակ ստեղծեց՝ ձեւավորելով պատրանք, որ եթե ընդգրկվում ենք ԵՄ ասոցացման ծրագրում, ապա մտնում ենք քաղաքակրթության աշխարհ: Ես ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիան արդեն տասը տարուց ավելի ԵՄ ասոցացման ծրագրում է, բայց ԵՄ-ի կազմ Թուրքիային չեն էլ պատրաստվում ընդունել: Այսինքն՝ ես ցանկանում եմ, որպեսզի մենք սթափ գնահատենք գործընթացները, ոչ թե հուզական ձեւով: Վերջապես մենք ուզում ենք պետություն ստեղծել. թողնենք մեր, Ուկրաինայի, ՌԴ-ի ներքին խնդիրները, ինքնին հասկանալի է, դա առանձին եւ շատ լուրջ խնդիր է, բայց եթե մենք կարծում ենք, որ մեր ներքին հարցերը կարող ենք լուծել, եթե գնանք այսինչ կամ այնինչ վեկտորի կողմը, դա մեծագույն սխալ է եւ պատրանք: Եթե սա է ելակետը, ապա միանգամայն այլ մոտեցում եւ վերլուծություն է պետք, եթե պարզապես մեկն ասում է՝ սա է լավը, մյուսն ասում է՝ նա է լավը, դա սիրողական եւ դիլետանտական մոտեցում է, որը, ցավոք, պատել է եւ մեզ, եւ ուկրաինացիներին, եւ մոլդովացիներին, մասամբ էլ վրացիներին: Ինչո՞ւ ԵՄ չի համաձայնվում եռակողմ՝ ԵՄ-Ուկրաինա-ՌԴ բանակցություններ վարել: Ո՞րն է իմաստն այս երկրներին ասոցացման ծրագրում վերցնելու, արդյունքը ո՞րն լինելու է: Թողնենք խոսակցությունները, որ բարեփոխումներ են իրականացնում կամ ուղղորդում են. 22 տարի է՝ բարեփոխում են իրականացնում Հայաստանում, ի՞նչ ենք ստացել, ունե՞նք ավելի լավ դատաիրավական համակարգ, զարգացած տնտեսություն, կառավարման լավագույն համակարգ… Չունենք: Ինչո՞վ ենք հրապուրվում: Բազմաթիվ հարցեր կան:
Ինչ մնում է Ուկրաինային, այդ երկրի վարչապետը ստիպված եղավ բացահայտել, ինչն, ի դեպ, օրերս արեց նաեւ Սերբիան՝ հայտարարելով, որ նայելով այն պահանջներին, որոնք դրված են, հասկանում ենք, թե ինչ է լինելու մեզ հետ: Յանուկովիչը դարձյալ հայտարարեց, որ ճնշման տակ կարող են ձեռնարկություններ փակվել եւ այլն: Այսինքն՝ դու դեռ պատրաստ չես այլ քայլ անելու: Եթե որեւէ երկիր այնքան ինքնաբավ է, որ կարող է որոշել՝ ինչ եւ ինչպես անել, այլ հարց: Այստեղ զգացմունքների տեղ չէ, այլ պարզ հաշվարկի:

Ուկրաինան կհետաձգի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը եւ միգուցե ընթացքում տեսնի, որ ավելի ձեռնտու է այս պահին ՄՄ-ում լինելը: Բայց Ուկրաինան մոռանանք, թող իրենք իրենց հարցերը լուծեն, մենք՝ մերը: Ժողովրդին ասենք, որ այսօր բարիկադներ կառուցելու եւ դրանց տարբեր կողմերում կանգնելու ժամանակը չէ: Եկեք նստենք՝ խոսենք եւ հասկանանք, թե մեր երկրի շահերն ինչ են պահանջում, դա էլ անենք: Իմ օպոնենտներին մի առիթով ասել եմ՝ ՀՀ երեք իշխանություններին իրենց կառավարման տարիներին, բավական հետեւողականորեն, տնտեսության հիմնական հատվածը՝ 70-80 տոկոսը, հանձնել են ՌԴ-ի կառավարմանը: Համապատասխան աշխատանք եւ ներդրումներ են եղել: ՀՀ-ի պաշտպանական ողջ համակարգը խարսխված է ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի գործոնի վրա, հիմա ասում եք՝ «դավայ, դա սվիդանյա»: Էնտեղից էլ ասում են՝ տղերք, բա հաշիվն ո՞վ ա փակելու: Գուցե բավական պարզեցնում եմ, բայց իրականում սա է: Բա որ այն քայլերն անում էիք՝ չէի՞ք մտածում, թե՞ «քցելու» տարբերակով էիք աշխատելու: Այդ քաղաքականության պատճառով է հենց, որ ներսում չենք կարողանում հարցերը լուծել:
– ՌԴ նախագահի սպասվելիք այցը մեծ աժիոտաժ է առաջացրել մեր երկրում, հակապուտինյան բողոքի ակցիաներ անելու կոչեր են հնչում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին, եւ ընդհանրապես՝ ի՞նչ քաղաքական հետեւանքներ կունենա այդ այցը Հայաստանի համար:
– Այս պահին Պուտինի այցը Հայաստան լուրջ իրադարձություն է, գոնե այնքանով, որ ՌԴ նախագահը, ի տարբերություն նախորդ տարիների, անհամեմատ ավելի ճանաչված է աշխարհում՝ որպես առաջնակարգ քաղաքական գործիչներից մեկը, քանի որ իր նախաձեռնություններն ու առաջարկներն իրականացան: Մեծ քաղաքականության մեջ դա էական նշանակություն ունի. սիրես-չսիրես, բայց հաշվի նստել պարտավոր ես:
Հաշվի առնելով, որ որոշումը կա, եւ Հայաստանն արագ տեմպերով դառնալու է ՄՄ անդամ, ըստ իս՝ այս այցի արդյունքում ծրագրերը պետք է հստակեցվեն: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ուշադրությունը բեւեռվի Հայաստանի տնտեսական զարգացման վրա, քանի որ պաշտպանական տեսակետից այսօր առանձնահատուկ խնդիր չունենք:

Ուստի պատահական չէ, որ Պուտինի հետ գալիս է գործարարների մեծ խումբ եւ կայանալու է երրորդ տնտեսական ֆորումը: Ի դեպ, առաջին երկու ֆորումները տապալվել են միայն ու միայն հայկական կողմի պատճառով: Հայկական կողմը բավականաչափ հետեւողական չգտնվեց առաջին ֆորումում ձեռք բերված ծրագրերն իրականացնելու առումով, որոնք ՀՀ մարզերի եւ ռուսական գուբերնյաների միջեւ գյուղատնտեսության զարգացմանն էին վերաբերում:
Հայաստանի կառավարությունը նաեւ պարտավոր է ողջ Հայաստանում փոքր եւ միջին արդյունաբերական զարգացման ծրագրեր ներկայացնել: Ու երբ Պուտինը հայտարարում է Հայաստանի եւ Ղազախստանի հետ հակաօդային պաշտպանական համակարգն ամրապնդելու մասին, պետք է հասկանալ, որ խոսքը հեռանկարային ծրագրերի մասին է, ինչի համար պետական համակարգը եւս պետք է ամրապնդվի: Մենք հիմա պետք է ամբողջ քաղաքականությունը տանենք արտագաղթը կանխելուն, ավելին՝ ներգաղթ ապահովելուն: Ես, համենայնդեպս, այսպիսին եմ տեսնում այս այցի արդյունքը: Իսկ կդառնա՞ Հայաստանը կցորդ, թե՞ չի դառնա՝ կախված է մեզնից: Ոչ ոք ստիպողաբար չի դարձնելու: Ու ինձ համար անհասկանալի են բողոքի ակցիաների կոչերը: Եթե գար, ասենք, Օբաման, ինչպե՞ս էիք ընդունելու: Ի՞նչ տարբերություն: Ամերիկացին ի՞նչ է անում, որ նրան ուզում եք սիրել-հարգել, բայց այս մարդը, որը ձեր տնտեսության 70-80 տոկոսն իր վրա է վերցրել, ուզում եք չհարգել: Եթե շահագրգռված չեք, եթե ձեզ չեն առել, ինչ-որ գրանտ չեն տվել, որ այդ կերպ վարվեք… եթե այդպիսին չեք, ես շատ ուրախ կլինեմ նստել եւ քննարկել երկու ծրագրերի առավելությունները:
Ինձ համար, օրինակ, հասկանալի չէ, որ այսօրվա վարչական համակարգը, որը չորս տարուց ավելի աշխատում էր Հայաստանի՝ ամեն կերպ դեպի Եվրոպա գնալու ուղղությամբ, հիմա 180 աստիճանով փոխվել են ու պիտի բոլորին համոզեն, հաստատեն եւ ամենակարեւորը՝ իրենք համոզված պետք է աշխատեն, որ դեպի ՄՄ ճանապարհն է ճիշտ: Այդպես չի լինում: Ճիշտ է, որ այդ մարդիկ հրաժարվեն իրենց պաշտոններից, եթե անկեղծ են եղել իրենց համոզմունքներում: Դա նաեւ պետության շահերից է բխում: Կարծում եմ, որ եթե այդ որոշումն ինքնակամ չի լինում, պետք է պարտադրական լինի, քանի որ այլ կերպ մեզ ուղղակի չեն հասկանա: Անվստահությունը, որը շատ վատ երեւույթ է, կմնա: Մենք պետք է ունենանք նաեւ մեր երկրի լոբբինգով զբաղվող պրոֆեսիոնալներ, քանի որ բոլորին թվում է, որ եթե իրենք ուզում են Հայաստանի հետ հարաբերությունները լավացնել՝ արդեն լավ է: Դեսպանությունները, ցավոք, այսօր Հայաստանի շահը չեն ներկայացնում: Սա էլ լուրջ խնդիր է:

Զրույցը՝  Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Իրոք, սիրես, չսիրես՝ հաշվի նստել պետք է :Այ, սա պետք է լավ հասկանա Պ.Հայրիկյանը և կեղծ խաղեր չտա:

  2. Ռուբեն says:

    Կան կուսակցություններ, որոնք միջընտրական ժամանակահատվածում հայտարարում են այնպիսի մոտեցումներ, որ արժանանան իշխանական վերնախավի համակրանքին: Իսկ երբ գալիս է նախընտրական շրջանը, սկսում են մատնանշել իշխանությունների բացթողումները և ընտրողներին բացատրում իրենց կուսակցության ծրագրային դրույթների հանճարեղությունը: Ընտրությունների ընթացքում ստանալով չնչին տոկոսներ, մի կարճ ժամանակ սկսում են աղմկել ընտրակեղծիքների թեմայով: Հետո գալիս է միջընտրական շրջանը, որի մասին արդեն ասացի սկզբում:
    Եվ այսպես շարունակ, ինչպես մեզ ծանոթ երգում. “Պտտվիր, պտտվիր կարուսել, ես այդ երգը վաղուց եմ լսել”:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930