«Ռուսաստանը, հանդիսանալով Սովետական Միության իրավահաջորդը, հավակնություն ունի այսօրվա իր քաղաքականությամբ վերականգնելու նախկին Խորհրդային միության իր կարգավիճակը: ԽՍՀՄ-ին մաս է կազմել Հայաստանի սոցիալիստական հանրապետությունը, որն արդեն 25 տարի գոյություն չունի: Այն երկրի քաղաքական ղեկավարությունը, որը հանդես է գալիս որպես Խորհրդային միության հավակնորդը, հանդիսանում է իմ երկրի անվտանգության երաշխիքը, որն աբսուրդ է: Ինչքանո՞վ է դա տրամաբանական, և ինչքանո՞վ է դա ելնում Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ պետության, ազգային անվտանգության շահերից»,- այսօր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի կազմակերպած`«ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն, որպես պաշտպանության ժամանակակից մոդել», թեմայով քննարկման ժամանակ իր մտահոգությունները բարձրացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա նշեց, որ ՆԱՏՕ-ն՝ որպես քաղաքական դաշինք, իհարկե, խնդիր ունի ամեն անգամ որոշելու, թե անդամ բոլոր երկրների համար ո՞րն է ամենամեծ սպառնալիքը. «Եթե թեկուզ մեկ երկիր գտնի, որ այդ սպառնալիքն իր համար չէ, այդ որոշումը չի ընդունվում: Բայց ՆԱՏՕ-ն միաժամանակ կառույց է, որն աշխատում է ստանդարտների վրա, այսինքն՝ անդամ երկրների զինված ուժերի, քաղաքական, սոցիալական կառույցների նվազագույն չափորոշիչների համապատասխանեցմանը: Այսինքն, էական ձգտում ունի, որ իրական բարեփոխումներ կատարվեն, որպեսզի արտաքին մարտահրավերները հեշտ հաղթահարվեն»: Այդ տեսակետից, Սաքունցը կարևոր է համարում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի սերտաճումը:
Բանախոսն անդրադարձավ նաև ղարաբաղյան հիմնախնդրին՝ նշելով, որ դա միակ կոնֆլիկտն է, որտեղ խաղաղարար ուժեր չկան և խաղաղություն գոյություն ունի. «Ես չգիտեմ, թե ինչի՞ց է առաջ գալիս խաղաղապահ ուժերի գաղափարը, ո՞վ է ուզում այնտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնել: Առանց խաղաղապահ ուժերի կա կոնսենսուս և, պատերազմ, փառք Աստծո, չկա: Հիմա եթե որոշ կողմերի դուր չի գալիս այս ռեժիմը, դա այլ հարց է: Ո՞վ է ուզում այնտեղ ինչ-որ խաղաղապահ ուժեր մտցնել, բոլորովին այլ ուսումնասիրության հարց է, բայց եթե մեր անվտանգության միակ գործոնը պայմանավորված է ռազմականով, այն էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում, ես դա համարում եմ ամենամեծ վտանգը և անվտանգության առաջին մարտահրավերը Հայաստանի համար, հենց Ղարաբաղի խաղաղության համար, որովհետև կոնֆլիկտի խաղաղ կարգավորման բոլոր մնացած բաղադրիչները դուրս են մղվում բանակցությունների սեղանից: Այսինքն՝ մենք որպես պետություն ուզում ենք գնալ այնպիսի մի անվտանգության համակարգ, որտեղ մի երկիր է որոշում և միայն մի գործոն՝ ռազմական, թե՞ ուզում ենք տեղավորվել անվտանգության մի մոդելի մեջ, որտեղ կան հավասար գործընկերային հարաբերություններ և յուրաքանչյուր անդամ ունի որոշիչ ձայն»:
Արթուր Սաքունցի կարծիքով, մենք պետք է կարողանանք ելնել մեր շահերից, եւ եթե ուզում ենք մի գործոնից կախվածություն ունեցող երկիր ունենալ, այդ թելը ցանկացած ժամանակ կարող ենք կտրել, բայց կունենանք շատ տխուր վիճակ ու, ցավոք, միտումները գնում են այդ ուղղությամբ:
«Ես վստահաբար ասում եմ՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո, Աստված հեռու տանի, Մաքսային միությանն անդամագրվելուց հետո, անհատական գործողությունների ծրագիրը դադարեցվելու է, որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարը արդեն հայտարարել է՝ մենք կյանքում չենք անի որևէ արտահայտություն, որը դեմ է մեր դաշնակցին»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:
Կարդացեք նաև
Արձագանքելով Արթուր Սաքունցի դիտարկումներին, ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-Հայաստան խորհրդարանական պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն էլ ասաց, որ Հայաստանի առջեւ կանգնած չէ նման խնդիր`անդամակցել այս կամ մյուս անվտանգության համակարգին: Բայց, Թեւան Պողոսյանի կարծիքով եւս, լավ կլիներ, որ Հայաստանն ընտրեր ՆԱՏՕ-ի անդամակցության տարբերակը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ