Վաղը Գյումրու «Յոթ վերք» եկեղեցու տարածքում անցկացվող ճաշի փառատոնին մասնակցելու նպատակով հանրապետության երկրորդ քաղաք կժամանի նաև ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը:
Aravot.am –ը Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից հետաքրքվեց` մի՞թե վարչապետը Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ գալիս է Գյումրի`նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու ու որոշակի հարցեր քննարկելու նպատակով: Մեզ փոխանցեցին, որ այս նպատակով գրեթե ամեն օր Շիրակի մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրվում, և ամեն օր կառավարության տարբեր օղակներից ներկայացուցիչներ են մասնակցում, այնպես որ կարիք չկա, որ Տիգրան Սարգսյանը թատրոնի շենքի վերանորոգմանն ու ճանապարահաշինության ընթացքին ծանոթանա կամ հետևի:
Ի դեպ, այսօր Գյումրիում էին նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները, ովքեր շրջել են թատրոնում, հսկել այնտեղ տարվող աշխատանքները, այնուհետ եղել են Ամենափրկիչ եկեղեցու ետնամասում ու Շիրակ օդանավակայան տանող ճանապարհին, որոնք նույնպես վերանորոգվում են Վլադիմիր Պուտինի և հայ-ռուսական տնտեսական ֆորումին մասնակցող ռուս պատվիրակների պատվին:
Մարզպետարանցիների փոխանցմամբ՝ վարչապետը Գյումրի է գալիս ճաշի փառատոնին մասնակցելու. նա մեկ ամիս առաջ մասնակցել է «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կազմակերպված հացի փառատոնին, որը նրան շատ է դուր եկել, հիմա էլ պատրաստվում է գալ ու վայելել ճաշի փառատոնը: Մեզ նաև տեղեկացրեցին, որ վարչապետը մտադրված էր Գյումրի այցելել դեկտեմբերի 2-ից հետո, Վլադիմիր Պուտինի այցից հետո, սակայն, իմանալով ճաշի փառատոնի մասին, որոշել է անպայման գալ Գյումրի:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ