Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսի բնակիչները բողոքում են քաղաքային աղբանոցի գարշահոտությունից

Նոյեմբեր 24,2013 19:08

Իսկ քաղաքապետի եղբայրը քաղաքային աղբավայր համարում է իր սեփականությունը եւ սպառնում է այստեղ մուտք գործող լրագրողներին:

«Առավոտին» են դիմել Արարատի մարզի Մասիս քաղաքի  մի խումբ  բնակիչներ` իրենց դժգոհությունն արտահայտելով քաղաքի էկոլոգիական ոչ բարվոք վիճակից:  Բնակիչներն ասում են, որ իրենք գրեթե ամեն օր եւ օրվա տարբեր ժամերին հարկադրված են շնչել քաղաքի մերձակայքում գտնվող քաղաքային աղբավայրի այրվող ծուխն ու գարշահոտությունը: Բնակչուհի Մարգարիտա Մարգարյան ասաց. «Երկար ժամանակ է, արդեն քանի տարի,  շնչում ենք այդ օդը: Աղբանոցը մտնում է մեր տները, ամռանը լուսամուտ բացել չի լինում, հենց բացում ենք, աղբի գարշահոտությունը տուն է մտնում: Հետաքրքիր է, որ այդ իրավիճակը ստեղծող մարդկանց մի±թե այդ օդը հաճելի է, նրանց չի± անհանգստացնում դա: Արդեն շատ երկար ժամանակ է, որ մենք բողոքում ենք,  ստորագրահավաք ենք կազմակերպել, դիմել տարբեր ատյանների, բայց անարդյունք: Մենք անձամբ գնացել տեսել ենք, որ այդ աղբը այրում են:  Էլ չգիտենք՝ ում բողոքենք այս անօրեն երկրում»: Բողոքավոր  բնակիչներից մեկն էլ ասաց. «Այդ թունավոր գազերը նպաստում են խրոնիկ, բրոնխային հիվանդությունների, ինֆարկտի,  այստեղ գրեթե բոլորը բրոնխիալ հիվանդություններ ունեն: Մի օր գնում ենք գյուղ Ռանչպար, այն աստիճանի է ծուխը, մառախուղ է ստեղծում, որ  տեսանելիությունը զրոյական է: Եվ իրենք այն մարդիկ են, որ չես կարող հաստատել, կասեն` դու ես` ես չեմ,  դու ես այրում, ես չեմ այրում: Մենք Մասիսում գնում ենք դանդաղ մահվան»:SAM_0125

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքային աղբանոցի հարցը բարձրացվել  է նաեւ ԱԺ ամբիոնից` «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից: Պատգամավորն այս առնչությամբ դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, մի շարք հարցեր ուղղել եւ պահանջել հիմնավոր գրավոր պատասխաններ: Սրան ի պատասխան սկսվել են ուսումնասիրություններ տարբեր գերատեսչությունների կողմից. աղբավայրն ուսումնասիրվել է Բնապահպանության, Քաղաքաշինության, Տարածքային կառավարման եւ Առողջապահության նախարարությունների, Արարատի մարզպետարանի կողմից: Պետական Հիգիենիկ եւ համաճարակային  տեսչության Արարատի մարզային կենտրոնը 2011թ-ին  Արարատի մարզպետին ուղղված գրությամբ Մասիսի քաղաքային աղբավայրի վերաբերյալ նշել է. «Աղբավայրի տարածքը շրջապատից մասնակի է մեկուսացված ցանկապատով, ապահովված է պահակային ծառայությամբ: Աղբավայրը ունի պահեստավորման տեղամաս: Կառուցված է փոսորակ` սպառման թափոնների շերտերով կուտակման, խտացման եւ հողով ծածկման համար: Ստորգետնյա ջրերը աղտոտումից զերծ պահելու նպատակով աղբավայրն ապահովված չէ կուտակված սպառման խտացված ծավալի խորությունում առաջացող կեղտաջրերի հեռացման համակարգով: Սպառման թափոնների աղբավայրը չունի տնտեսակենցաղային գոտի, կոնտեյներների  եւ աղբատար փոխադրամիջոցների լվացման հարթակ եւ սարքավորումներ, տեխնիկական ջրի պահուստային տարողություն: Աղբատար փոխադրամիջոցների թափքերի եւ անվադողերի լվացումը եւ ախտահանումը աղբավայրի տարածքում չի կատարվում, կատարվում է «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսության ԲԲԸ-ի տարածքում»:SAM_0128

Այստեղ նշվել է նաեւ, որ աղբավայրի աշխատակիցները` 23 հոգի չեն ենթարկվել պարտադիր նախնական  եւ պարբերական բժշկական զննության, ինչը կառավարության որոշման պահանջ է:

Այս գրությանը մոտ  մեկ տարի անց հաջորդել է Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի գրությունը Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, որում մարզպետը նշել է, որ ուսումնասիրության արդյունքում աղբանոցում նկատվել է այրման օջախներ եւ ցանկապատի մի մասի բացակայության պատճառով աղբը տարածված էր շրջակայքում: Մարզպետը առաջարկել էր նաեւ, նոր աղբանոցի ստեղծման հետ կապված բարդությունները նկատի ունենալով, աղբանոցը թողնել նույն տարածքում` ամբողջությամբ ցանկապատելով այն եւ աղբը լցնել սահմանված կարգով, ինչպես նաեւ` խստորեն արգելել աղբանոցի տարածքում աղբի այրումը: Գրեթե նույն խնդիրներն են վեր հանված նաեւ ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գրությամբ` ուղղված Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Այստեղ նշված է նաեւ. «Բացակայում է աշխատող անձնակազմի վարչակենցաղային շենքը իր սանիտարակենցաղային շենքերով` հանդերձարան, ցնցուղարան, սանհանգույց, սնունդ ընդունելու կետ»:

Բնապահպանության նախարարությունը իր ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ «Մասիսի կ/տ» ԲԲԸ-ի կողմից թափոնների անձնագրավորում չի իրականացվել, թափոնների գրանցամատյան չի կազմվել եւ համապատասխան հաշվառում  չի իրականացվել»:

Թե այսքանից հետո աղբավայրում ինչ բարեփոխումներ են կատարվել եւ այսօր ինչ վիճակում է այն, որ շարունակում է դժգոհությունների տեղի տալ, փորձեցինք տեսնել տեղում: Մեզ դեպի աղբավայր ուղեկցեց մեկ այլ բնակչուհի` Անի Գաբրիելյանը, ով, ինչպես նկատելի էր, աղբանոցի վիճակի դեմ պայքարող ակտիվիստներից է եւ ճանապարհին  պատմեց,  հատկապես գիշերները աղբանոցի այրումը անանցանելի մառախուղ է ստեղծում տարածքում եւ տարիներ ի վեր իրենց բողոքներն անպատասխան են մնում: Հարկ է նշել, որ աղբավայրը տեսանելի աչքով անգամ շատ ավելի մեծ տարածք էր զբաղեցնում, քան 4.9 հա-ն, ինչպես տրված է  տարածքային քարտեզում:  Աղբանոցում մի քանի տեղ մենք տեսանք այրվող օջախներ, աղբավայրը   մեր գտնվելու վայրում ցանկապատված չէր, եւ աղբն անարգել տարածված էր շրջակայքում: Մեր այցելության պահին աղբ էր տեղափոխում նաեւ Շենգավիթ համայնքի աղբահանության մեքենան եւ մեր հարցմանն ի պատասխան՝ վարորդն ասաց, որ իրենք Շենգավիթ համայնքի աղբը ավելի քան երեք տարի է, ինչ բերում են այստեղ թափում: Աղբավայրից դուրս եկող մեքենաները չէին լվացվում: Ասել է թե, նախկին մարզպետի, Առողջապահության նախարարության  դիտողություն-առաջարկություններից մեկ տարի անց էլ աղբը շարունակվում է այրվել, եւ տարածքը ամբողջությամբ ցանկապատված չէ: Այսինքն բարեփոխումները, գոնե մեզ համար տեսանելի չէին: Մինչ մենք ուսումնասիրում էինք աղբանոցի տարածքը, մեզ մոտեցավ մի ավտոմեքենա, որից դուրս եկան երկու տղամարդ: Նրանցից մեկը հրամայական տոնով մեզնից պահանջեց իջնել ավտոմեքենայից: Տպավորություն էր, թե ակամա մասնակից են դառնում գողական-տղայական «ռազբորկայի»: Հարցիս, թե ինչումն է խնդիրը, ինչն է այդպես զայրացրել իրենց, նրանցից մեկը հարցին հարցով պատասխանեց, թե ինչու ենք առանց իր թույլտվության մտել իր սեփական տարածքը, մեղադրելով, թե միգուցե մենք եկել ենք այրել տեղի աղբը »õ, իմանալով, որ լրագրող է, շարունակեց.  «Էս երկրի սաղ մուտիլովկեքը դուք եք անում: Ես 32 տարի ինքնաթիռ եմ վարել, իսկ դու ես երկրի համար մի բան չես արել: Դուք ո±վ եք վաբշե: Ձեզ  ո±վ ա թույլ տվել մտնել իմ սեփական տարածք: Ես քու տունը մտնու±մ եմ, քու սեփական տարածքը մտնու±մ եմ: Արա դու քեզնից ի±նչ ես ներկայացնում: Ամենքդ մի հատ միկրաֆոն վերցնում եք ընգնում ես ժողովրդի ջանը, 200 դոլարով մուտիլովկա անելով ֆռֆռում եք, խառնում եք իրար»: Պարոնը պատիվ չհամարեց նաեւ մեզ հրամցնել իր անուն ազգանունը ասելով. «Քու ի±նչ գործն ա ես ով եմ: Ինձ հետաքրքիր ա± դու ով ես` չէ»: Այնուհետեւ անցավ մեզ սպասարկող տաքսու վարորդին` սպառնալով, բա որ հիմա «միլիցա» զանգի, ասի եկել են իր սեփական տարածքը վառել են, գողություն են արել: Իսկ վերջում էլ սպառնաց մեզ` կանանց.
«Մեկ էլ ոտդ ստեղ չտենամ, զգուշացնում եմ»:

Փորձեցինք Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնից ճշտել աղբավայրի սեփականատիրոջ ով լինելը, մտածելով` գուցե սեփականատիրոջ փոփոխություն է եղել, մենք անտեղյակ ենք:  Մեզ ուղղորդեցին դեպի քաղաքապետի սենյակ: Պարզվեց, որ քաղաքային աղբավայրը, որտեղ առանց  «թույլտվության ներխուժել էինք» մենք,  շարունակում է մնալ համայնքային պետական սեփականություն, որը շահագործման է տրվել «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ին 99 տարի ժամկետով: Իսկ իրեն այդ տարածքի սեփականատեր զգացող   հոխորտացող տղամարդը Մասիսի քաղաքապետ Սաշա  Հակոբյանի եղբայր Միշա Հակոբյանն է:   Ի տարբերություն եղբոր` քաղաքապետ Սաշա Հակոբյանը բարեկրթորեն, առանց հիստերիայի, պատասխանեց մեր հարցերին, նաեւ` ափսոսանք հայտնեց եղբոր պահվածքի համար: Քաղաքապետը չհերքեց, որ աղբավայրի տարածքը նկատելիորեն մեծացել է նախնական 4.9 հա տարածքից եւ նշեց,  որ այն ավագանու որոշմամբ ընդլայնվել է  եւ ներկայումս մոտ 11 հա է: Հերքեց սակայն, որ թե գարշահոտությունը խեղդում է քաղաքը, հավաստիացնելով, թե այն միայն ամռանն է մի աննշան զգալի, ձմռանն առհասարակ հոտ չի գալիս: Հերքեց նաեւ, թե աղբավայրում աղբը այրվում է, իսկ մեր տեսած այրվող օջախների առկայությունը կապեց ինչ-որ հոգեկան հիվանդ տղայի հետ, որը այնտեղ այրելով աղբը լուծում է իր «ջեռուցման» հարցը: Շենգավիթ համայնքի աղբաթափությունն էլ չհերքեց քաղաքապետը, ասելով, որ օրենքով դա արգելված չէ,  եթե ընկերություններն իրար հետ պայմանագիր են կնքել: Իսկ քաղաքում առկա դժգոհությունների առիթով Սաշա Հակոբյանը հավաստիացրեց, թե դա քաղաքական ենթատեքստ ունի, թե իրենց քաղաքում «Ժառանգություն» կուսակցության մի քանի անդամներ պարբերաբար անհիմն բողոքներ են ներկայացնում աղբավայրի վերաբերյալ, եւ որ տարբեր գերատեսչություններից եկել,  ստուգել են աղբավարը եւ գնահատել, որ այն հանրապետության առաջին լավագույն հնգյակի մեջ մտնող աղբավայրերից մեկն է: Հարկ է նշել, որ մեր կատարած հարցումները Մասիս քաղաքում շատ բազմաշերտ էին եւ հազիվ թե բողոք արտահայտող եւ մեր կողմից հարցված բոլոր մասիսցիները ժառանգականներ էին դուրս եկել: Իսկ եթե այդպես է, նշանակում է մասիսցիների զգալի մասը «Ժառանգություն»  կուսակցության անդամ է:

Նաիրա ՎԱՆՅԱՆ

 ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ani-Gabe says:

    Մեր քաղաքապետի տան պատերը կամ հակաօդաթափանց են, կամ ոսկեպատ:
    Որպես Մասիս քաղաքի բնակիչ, հավաստում եմ՝ տարվա ցանկացած եղանակի, ցանկացած օր երեկոյան ժամը 7-ից հետո Մասիս քաղաքում օդ չկա շնչելու: Որքան կարող է որևէ մեկը տվյալ աղբավայրում հոգալ սեփական «ջեռուցման» կարիքները այն էլ տարիներ շարունակ՝ անկախ եղանակային պայմաններից, գրեթե ամեն օր: Բացարձակ ապսուրդ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930