Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշեց բավարարել քննիչ Տոնոյանի միջնորդությունը եւ Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառել դատահոգեբուժական փորձաքննություն՝ նրան տեղափոխելով Նուբարաշեն հոգեբուժարան՝ երկու ամիս ժամանակով:
Ըստ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի՝ սովորաբար դատահոգեբուժական փորձաքննության համար նախատեսվում է 21-24 օր:
Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակել է որոշման եզրափակիչ մասը:
Շանթ Հարությունյանը, ըստ պաշտպան Ինեսա Պետրոսյանի, առարկել է քննիչի միջնորդության դեմ, ասելով, որ ինքը հոգեկան հիվանդ չէ:
Կարդացեք նաև
«Առավոտի» հարցին, թե ի վերջո քննիչը միջնորդության հիմքում ի՞նչ է դրել, ի՞նչ է վկայակոչել, Ինեսա Պետրոսյանն ասաց, որ 2009 թ.-ին առկա է եղել փորձագիտական եզրակացություն, համաձայն որի, ճիշտ է, Շանթ Հարությունյանը չի տառապել հոգեկան հիվանդությամբ, սակայն մեղսագրվող արարքի նկատմամբ դատարանը նրան ճանաչել է անմեղսունակ :
Մեր հաջորդ հարցին, թե ինչպիսի՞ն էր Շանթի առողջական վիճակն այսօր, դատարանում, պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտնեց, որ վիճակը կայուն էր, իսկ թե նրա վրա բռնության հետքեր կայի՞ն, արդյոք նրա նկատմամբ բռնություններ կիրառվե՞լ են նախաքննության փուլում, պաշտպանն ասաց, որ Շանթը չի ցանկացել խոսել այդ մասին, հայտնելով, որ այդ մասին կխոսի շուտով:
Շանթ Հարությունյանը ցուցմունք դեռ չի տվել:
Ի դեպ, այսօր Շանթի որդու՝ Շահենի (լուսանկարում) եւ նրա մյուս հարազատների կողքին էր քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:
«Առավոտի» հարցին, թե այս պահին ո՞ւր տեղափոխեցին, պաշտպանը պատասխանեց, որ նա դեռեւս կտեղափոխվի «Երեւան -կենտրոն» ՔԿՀ, իսկ հոգեբուժան կտանեն մի քանի օրից:
Շանթի որդին՝ Շահենը, պարիսպների հետեւից բղավելով հարցրեց՝ ո՞նց ես, պապ, նա այնտեղից պատասխանեց՝ լավ եմ, սիգարետս վերջանում է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ