Արդեն երեք ժամից քիչ ժամանակ է մնացել Արարատի քաղաքապետի ընտրությունների ավարտին: Aravot.am-ը շրջում է քաղաքի բոլոր ընտրատեղամասերում, հետեում ընտրական իրադարձություններին: 18/05 տեղամասում հանդիպեցինք ԲՀԿ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, եւ իր հետ խոսեցինք ընտրական օրվա եռուզեռից.
«Ամենատարօրինակն ու արտառոցը ընտրողների թիվն է, այս պահի դրությամբ մոտավոր 7800 ընտրող է եղել, սա աննախադեպ թիվ է, էսպիսի բան ուղղակի լինել չի կարող, տպավորությունն այնպիսին է, որ Արարատը Հայաստանից կտրված մի առանձին կղզյակ է՝ ժողովրդավարության, բերրիության մի տարածաշրջան, որտեղից ոչ մի արտագաղթ չի եղել, եւ ես չեմ զարմանա, որ մինչեւ քվեարկության ավարտը, այսինքն՝ մինչեւ 20:00, 13 200 բոլոր ընտրողներն էլ ընտրեն»,- ասաց նա մեզ:
Ըստ նրա՝ ընտրողների այս թիվը բավականաչափ մտահոգիչ է:
Ընտրախախտումների մասին նա ասաց. «Մենք պարբերաբար զանգեր ենք ստանում, դեռ երկու օր առաջ հանրահավաքում ես ասացի, որ մենք լրջագույն մտահոգություն ունենք, որ հանձնարարված է մարդկանց, որ քվեարկությունը նկարեն եւ դրա դիմաց վճարվեն: Այսօր արդեն նման դեպք եղավ: Ինքը ընդունեց իր մեղքը, իհարկե շատ զավեշտալի մեկնաբանություն հնչեց, որ հուշ է պահել իր քվեարկությունը: Պետք է ենթադրել, որ Հանրապետականի թեկնածուն Ջոն Լենոնը, Մաքարտնին է: Մի քանի ահազանգեր են եղել քաղաքացների կողմից, որ իրենց հասցեի վրա տեսել են այլոց գրանցումներ: Դրանք բոլորն արձանագրված են»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, որ Հանրապետական թեկնածուի կողմնակիցներն անընդհատ շեշտում են, թե Սամվել Բարսեղյանի հանձնաժողովի անդամները Աբովյանից են, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Նման բան չկա, անդամները Արարատից են»: Նա ավելացրեց, որ իրենց հանձնաժողովի մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր այլ բնակավայրերից են, իրենց նպատակը երկար տարիներ հանձնաժողովներում աշխատած, պրոֆեսիոնալ մարդկանց ընդգրկելն էր: Պատգամավորը նշեց, որ ինքն էլ, իրենց կուսակցության մի քանի պատգամավորներ եւս, պտտվում են ընտրատեղամասերով եւ որպես Սամվել Բարսեղյանի վստահված անձ, հետեւում ընտրություններին:
Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաեւ առավոտյան հնչեցված ահազանգի մասին. քաղաքացիներից մեկը ահազանգել էր, թե Արարատում մեքենաներից մեկից գումար է բաժանվում. «Ահազանգը փոխանցեցինք ոստիկանությանը, կոնկրետ մեքենայի համարներով, վարորդի անունով ես ինքս անձամբ փոխանցել եմ ոստիկանությանը, որքան տեղյակ եմ՝ նրանք դրանով զբաղվում են»,- ասաց նա:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ