Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի ոճ ու Ազատության հրապարակում կատարվածի իրական մեղավորները

Նոյեմբեր 06,2013 12:05

«Անօրինական իշխանության դեմ Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների գործողություններն օրինաչափ էին»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումները  հեղափոխության դուրս եկած Շանթ Հարությունյանի, նրա կողմնակիցների ու ոստիկանների միջև` այսպես գնահատեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հարցին` իրավաչա՞փ էին ոստիկանների և Շանթ Հարությունյանի կողմնակիցների գործողությունները, նա պատասխանեց. «Ինձ համար այս պահին դժվար է տարանջատել ովքեր էին Շանթի կողմնակիցները և սադրիչները: Ակնհայտ էր, որ սադրիչներ կային: Դա, օրինակ, վկայում է այն, որ Շանթ Հարությունյանի կողմնակիցները գնալու էին Բաղրամյան 26, դա էր նրանց թիրախը ու դեռ չէին հասել այնտեղ, ընդամենը շարժվում էին և նրանց շարժը դադարեցրին»:

Մեր մյուս հարցին`ո՞վ է պատասխանատու վիրավորների համար, պարոն Սաքունցը պատասխանեց. «Ես չէի ուզենա մանրամասների մեջ խորանալ, քանի որ այդ դեպքում կարող ենք կորցնել ընդհանուր պատկերն ու իրավիճակը, որում այդ գործողությունները կատարվեցին: ՀՀ-ում ստեղծվել է մի անելանելի իրավիճակ, երբ հասարակական ինստիտուտները չեն աշխատում. Մաշտոցի 5-ի դեպքը, քաղաքապետարանի մոտ կատարվող գործողությունները, տրանսպորտի ուղեվարձի հետ կապված հարցերը և այլն: Ուստի այս իրավիճակում Շանթի և նրա կողմնակիցների կողմից կատարված գործողությունները վերջին ճիչն էին և այն լիովին համարժեք էր ՀՀ-ում ստեղծված իրավիճակին, երբ իշխանության կողմից այնպիսի վարքագիծ և օրենքներ են ընդունվում, որոնք հակաիրավական են և մարդիկ որպես վերջին միջոց ընտրում են ըմբոստանալու ճանապարհը»:

Հարցրինք`մարտի 1-ի հետ զուգահեռներ տեսնո՞ւմ է, Արթուր Սաքունցը նշեց. «Մարտի 1-ին ժողովուրդն իր կամքը դրսևորում էր խաղաղ ճանապարհով և խաղաղ ցույցի նկատմամբ իշխանությունը գործադրեց բռնություն, և դա գործադրողները մինչև հիմա պատասխանատվություն չեն կրել: Այդ անպատժելիությունը հանգեցրեց ժողովրդի` հանձինս Շանթի ու նրա համախոհների համարժեք գործողությունների»:

Վարդան Հարությունյանը ևս մարտի 1-ի ոճ երեկ Ազատության հրապարակում կատարվածում չի տեսնում ու նշում. «Դա մարտի 1-ի հետ համեմատելի չէ: Մարտի 1-ին որևէ բռնություն կամ բռնության կոչ քաղաքացիների, մարդկանց, ընդդիմության, ցուցարարների կողմից չի հնչել: Դա եղել է իշխանությունների կողմից կազմակերպված, ծրագրավորված ակցիա` ուղղված մարդկանց դեմ, ու մարտի 1-ի հետ համեմատության եզրեր փնտրելն անգամ դատապարտելի է իմ կողմից: Նույնիսկ Շանթի`այն օրերի և երեկվա ելույթները տարբերվում են: Կարծում եմ, երեկ Շանթն ու նրա կողմնակիցները գիտեին ինչ են անում: Շանթը գիտեր, որ անում էր գործողություններ, որոնց դեմ հակազդեցություն պիտի լիներ: Դրան նա սպասում էր, և դա Շանթի համար անակնկալ չէր»:

Հետաքրքրվեցինք` ո՞րն է երեկ կատարվածի իրավական գնահատականը: Պարոն Հարությունյանը պատասխանեց. «Տեղի է ունեցել բռնություն և՛ ոստիկանների, և՛ ցուցարարների կողմից: Պետք է սպասել, որ պարզվի նրանք սադրիչնե՞ր են, Շանթի կողմնակիցնե՞րն են, թե՞ ոչ: Ցանկացած բռնության կոչ ցանկացած դեպքում անընդունելի է»:

Հարցին, արդյոք համարո՞ւմ եք, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են սադրել, նետել պայթուցիկներ և այլն, պարոն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Հաշվի առնելով մեր իշխանությունների գործելաոճը վերջին տարիներին` դա ոչ միայն չեմ բացառում, այլև առաջին միտքը, որ իմ գլխին ծագել է, դա է: Թե ինչպիսի գործողությունների է դիմելու Շանթ Հարությունյանը ոստիկանության ներկայությամբ էր ծրագրում և հայտարարում, հենց փայտերի և պայթուցիկների մասով: Ոստիկանությունը հենց սկզբից պիտի կանխեր: Ուստի այս իմաստով ոստիկանության գործողությունները սադրիչ եմ համարում և վիրավորների համար առաջին պատասխանատուն ոստիկանությունն է»:

Պարոն Հարությունյանը կարծում է, որ շատ բան ժամանակի ընթացքում կպարզվի: Պարզվելու հանգամանքը նա չի կապում նախաքննության հետ ու մանրամասնում. «Նախաքննությունները ՀՀ-ում ոչ թե պարզելու, այլ խճճելու ու փակելու համար են»:

Մեր վերջին հարցին` ոչ իրավաչափ գործողություններ կայի՞ն երեկ կատարվածում , պարոն Հարությունյանը պատասխանեց. «Տեսանյութերը նայելով տեսնում եմ, որ երկու կողմերում էլ պատրաստվել էին և պատրաստվում էին ու անում էին այն, ինչ նախապես ծրագրել էին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930