«Ես հիմար չեմ, որ թողնեմ ուսանողը դառնա ինչ-որ դասախոսի զայրույթի թիրախը: Ինչքան էլ համոզում եմ, որ նրանք չեն տուժի, միեւնույն է՝ ուսանողները չեն ուզում գրել իրենց հիմնախնդիրների շուրջ»,- ասում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պաշտոնաթերթը հանդիսացող «Մանկավարժական համալսարան» թերթի խմբագիր Սիլվա Ասրյանը: Պատմում է՝ երբ բուհի ուսանողները գալիս, խմբագրից խորհուրդ են հարցնում՝ ինչի մասին գրել, պատասխանում է. «Գրե՛ք Ձեր հիմնախնդիրների մասին, բայց նրանք գնում են ու էլ չեն գրում»:
Աշխարհի տարբեր երկրների համալսարաններում, թե՛ պետական, թե՛ մասնավոր, ընդունված է ունենալ պաշտոնաթերթեր, որոնք նպատակաուղղված են լուսաբանելու բուհերի գործունեությունը, ուսանողների առօրյան, նրանց խնդիրները եւ այլն: Թերթերում սովորաբար տպագրվում են տվյալ բուհի ուսանողները, դասախոսները, տարբեր ֆակուլտետների դեկանները, ռեկտորները, լրատվության ոլորտի աշխատակիցները… Նշենք, որ բուհերի պաշտոնաթերթերը իրացվում են բաժանորդագրությունների միջոցով, բաշխվում գրադարաններին, նախարարություններին, տարածվում բուհական տարածքում եւ այլն, ընդ որում՝ անվճար հիմունքով: Պարզելու համար՝ արդյո՞ք Հայաստանի բուհերի պաշտոնաթերթերը սոսկ տարեգրության դեր չեն կատարում եւ բավարար չափով անդրադառնում են ուսանողներին հուզող թեմաներին, ուսումնասիրեցինք հայաստանյան 5 պետական բուհերի եւ մեկ մասնավոր բուհի պաշտոնական թերթերի վերջին համարները (հիմնականում մայիսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում լույս տեսածները՝ կախված պաշտոնաթերթերի հրատարակման հաճախականությունից): Ուսումնասիրած թերթերի ցանկը՝ ստորեւ:
«Մանկավարժական համալսարան»: Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պաշտոնաթերթն է: Լույս է տեսնում 1965 թվականի մարտի 11-ից, 2003 թվականից՝ ամիսը երկու անգամ՝ 1800 օրինակով (www.armspu.am): «Ապագա բժիշկ» ամսագիր: Երեւանի պետական բժշկական համալսարանի պաշտոնաթերթն է, լույս է տեսնում 1958 թվականից՝ անգլերեն եւ ռուսերեն լեզուներով (www.ysmu.am): «Տնտեսագետ», որը Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնաթերթն է, հրատարակվում է 1977 թվականից՝ երկու ամիսը մեկ հաճախականությամբ (www.media.asue.am): «Պոլիտեխնիկ»: Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի պաշտոնաթերթն է, հրատարակվում է 2002 թվականից, ունի 403 օրինակ: «Հյուսիսային համալսարան» ամսագիրը, որը համանուն բուհի պաշտոնաթերթն է, տպագրվում է 1000 օրինակով: «Երեւանի համալսարան»: Երեւանի պետական համալսարանի պաշտոնաթերթն է, տպագրվում է 1920 թվականից (www.ysu.am): Պարզեցինք, որ հրապարակման ենթակա նյութերից առաջնահերթությունը տրվում է համալսարանական միջոցառումների՝ տոնական արարողությունների, հանդիպումների, գիտաժողովների եւ այլնի լուսաբանումներին: Սակայն մասնագիտական ուղղվածություն ունեցող թերթերի ու ամսագրերի դեպքում, ինչպես օրինակ՝ «Տնտեսագետ», «Ապագա բժիշկ», առկա են նաեւ մասնագիտական բնույթի նյութեր: Ուսումնասիրված բոլոր թերթերում, սակայն, չկային բավարար հեղինակային նյութեր ուսանողների հիմնախնդիրների եւ առհասարակ նրանց առնչվող հարցերի մասին, եղածներն էլ կարելի է մատների վրա հաշվել: «Զգուշացիր՝ ծխելու պատճառով չհեռացվես»,- մեջբերում եմ «Ապագա բժիշկ» պարբերականի սեպտեմբերյան համարից: Ուսանողների իրավունքների, բուհի կանոնադրության մասին, ըստ մեր փոքրիկ ուսումնասիրության, նյութեր հրապարակել էր միայն «Ապագա բժիշկ» պաշտոնաթերթը՝ «Քեզ համար առաջին կուրսեցի» խորագրի ներքո: Նյութերը, որոնք մեծամասամբ զետեղված էին հայտարարությունների տեսքով, վերաբերում էին ուսանողների կրթաթոշակներին, ստուգարքներին եւ քննությունների անցկացման եւ հանձնման, համալսարանի հեռացման եւ վերականգնման կարգին եւ այլն: Հաշվի առնելով համալսարանում սովորող օտարերկրացի ուսանողների քանակը՝ թերթը հրատարակվում է նաեւ անգլերեն եւ ռուսերեն լեզուներով: «Ապագա բժիշկը» վերջին համարներում անդրադարձել էր նաեւ օտարերկրացի ուսանողների առօրյային: Սիրիահայ ուսանողների առօրյան, նրանց վարձավճարների հետ կապված խնդիրները լուսաբանել էին միայն «Տնտեսագետ» եւ «Ապագա բժիշկ» պարբերականները: Ուսանողների համար արդիական խնդիրներից մեկին՝ աշխատանքային թեմային եւս անդրադարձել էր միայն «Տնտեսագետը»՝ «Գործատուն եւ գործառուն հանդիպեցին ՀՊՏՀ հարկի տակ» նյութում: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեռեւս մայիս ամսին հայտարարել էր, որ ուսման վարձերը կթանկանան 20- 100.000 դրամով: Հայտարարությանը հետեւեց դրա իրագործումը: Որքան էլ հետաքրքիր է՝ այս մասին չկար անդրադարձ վերը նշված թերթերի վերջին համարներում: Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պաշտոնաթերթում նոր սահմանված վարձավճարների մասին միայն զետեղված էր հայտարարություն, իսկ «Մանկավարժական համալսարանի» գլխավոր խմբագիրը բացատրում է. «Մեր բուհը միակն էր, որտեղ այս տարի ուսման վարձերը չեն բարձրացել, այդ իսկ պատճառով չենք գրել»: «Հյուսիսային համալսարան» ամսագրի խմբագիր Արփինե Ալեքսանյանն էլ հավաստիացնում է՝ իրենց նոր համարում շուտով լույս կտեսնի տվյալ թեմայով մի նյութ: Նա նաեւ վստահեցնում է՝ իրենք անդրադառնում են այն ամենին, ինչը հետաքրքրում է ուսանողներին. «Վերջերս ուսանողներից մեկն առաջարկեց նյութ գրել այն ուսանողների մասին, ովքեր իրենց ցանկությամբ չէ, որ սովորում են բուհերում, այլ նրանց փոխարեն որոշել են նրանց ծնողները: Ես հավանություն տվեցի նրա առաջարկին, եւ այդ նյութը տեղ կգտնի մեր նոր համարում»:
Մեր ուսումնասիրության արդյունքում բուհերի պաշտոնաթերթերի խմբագիրները նշեցին, որ սովորաբար ուսանողներն իրենք են առաջարկում թեմաներ, եթե լինում են առաջարկներ «լուրջ խնդիրների» լուսաբանման վերաբերյալ, ապա գրում են: «Հյուսիսային համալսարան» պաշտոնաթերթի խմբագիր Արփինե Ալեքսանյանը նշում է. «Առաջարկներ չեն եղել: Բնականաբար, կան խնդիրներ, բայց չկան գրողներ: Ի դեպ, շատ լավ թեմա ասացիք (ժպտում է,-հեղ)»: Սակայն «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի խմբագրի խոսքով՝ ուսանողները ոչ միայն վախենում են գրել իրենց խնդիրների մասին, այլ նույնիսկ խոսել: «Մի անգամ ուսանողներից հետաքրքրվում էի, թե ինչ հարցեր կցանկանան հղել ռեկտորին: Հարցազրույցների շարք էի պատրաստում, ուզում էի իմանալ, թե ինչ խնդիրներ ունեն, այդպիսով ռեկտորը կտար նրանց հարցերի սպառիչ պատասխանները, իսկ խնդիրների բարձրաձայնման դեպքում ձեռնամուխ կլիներ դրանց լուծմանը: Բայց ուսանողները հիմար հարցեր էին տալիս՝ թե նախագահին երբ կհրավիրեք մեր տուն եւ այլն, նրանք ոչինչ չէին ասում իրենց խնդիրների մասին»,-պատմում է նա: Հավելում է. «Ես մեղավոր չեմ: Շատերը նախընտրում են միջոցառումներ լուսաբանել, երիտասարդ սերունդ է, ուզում է հաճոյանալ վերեւներին»:
Կարդացեք նաև
ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ