«ԵԽ Կոնգրեսի դիտարկումների մի մասը հիմնավոր է, մյուսը` ոչ: Որոշ մոտեցումներ սուբյեկտիվ են»,-Aravot.am-ի հարցին` արդյոք հիմնավո՞ր են ԵԽ կոնգրեսի դիտարկումները` կապված մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների հետ, այսպես պատասխանեցՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Շարունակելով` պարոն Սաքունցն ասաց. «Ավելի կարևոր է, թե որոնք են այն արդյունքները, որոնց հիման վրա կազմվել են այդ դիտարկումները: Չեմ հասկանում`իրենք իրապե՞ս չեն տիրապետում, թե ինֆորմացիան իրենց այդպես են տրամադրել: Մենք անձամբ Կոնգրեսի հետ չենք հանդիպել»:
Հիշեցնենք, որ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի այսօրվա օրակարգում է 2013 թվականի մայիսի 5-ին Երեւանի ավագանու անդամների ընտրության վերաբերյալ զեկույցը, այս առնչությամբ բանաձեւի եւ հանձնարարականի ընդունումը:
ԵԽ կոնգրեսը մասնավորապես խնդրահարույց է համարում ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունը, նկարահանումների ակտիվ գործընթացը եւ տեղական դիտորդների մեծ քանակը: Այս առիթով Արթուր Սաքունցն ասաց. «Ոչ թե խնդիրը դիտորդների թիվն է, այլ այն, որ այդ ինստիտուտը, կամ մանդատը շատ դեպքում օգտագործվում է որպես վստահված անձի կարգավիճակում հանդես գալու հնարավորություն: Թե չէ խնդիրը դիտորդների որակն ու կազմակերպած աշխատանքն է»:
Կարդացեք նաև
ԵԽ Կոնգրեսը խնդրահարույց է համարել նաև բջջային հեռախոսների օգտագործումը՝ հատկապես ձայների հաշվարկի ժամանակ: Արթուր Սաքունցն այս առիթով ասաց. «Ճիշտ են ասում: Բջջայիններն օգտագործվում են ընտրությանը չեկած քաղաքացիների տվյալները հաղորդելու նպատակով, որ բերման ենթարկեն բացակայողներին: Բայց ընտրության բնականոն ընթացքի խախտում է այն, որ ձայների հաշվարկման ժամանակ տվյալները պարզ հաղորդվում են, դա վերաբերում է իշխող կուսակցությանը, որպեսզի տվյալները համադրվեն ու ստացվի այն վերջնական ցուցանիշը, որը ցանկալի է»:
ԵԽ կոնգրեսը տեսախցիկների առկայության մասին առաջարկություն էլ է կատարել: Սրան Արթուր Սաքունցն այսպես արձագանքեց. «Մեր օրենսդրությունը թույլ է տալիս, որ նկարահանեն: Միայն քվեախցիկն է, որ չի կարելի նկարահանել: Սա կոնկրետ խնդիրների հետ կապված մոտեցում է, որը որպես համակարգային լուծման տարբերակ ընդունելի համարել չի կարելի: Դա այն դեպքերի մասին է, երբ անձի վրա նկարահանմամբ հոգեբանական ճնշում են գործադրում: Ուստի արգելելու ճանապարհով պետք չէ գնալ: Գլուխը բուժելու փոխարեն գլուխը կտրելու մեթոդը անընդունելի է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ