Ի՞նչ իրավահարաբերություններ կլինեն Հայաստանի Հանրապետության եւ այս պահին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ, եթե Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, հաշվի առնելով, որ անդամակցության դեպքում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսային սահման է լինելու: Այսօր նման հարց ուղղեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ:
Զարուհի Փոստանջյանի այդ հարցին ի պատասխան ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Արթուր Ղազինյանն ասաց, որ առանց Ղարաբաղի հարցի կարգավորման, ավարտական մասնակցություն Մաքսային միությանը կամ Եվրոմիությանը, չի պատկերացնում:
Պարոն Ղազինյանի ներկայացմամբ՝ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունների ժամանակ էլ խնդիր էր ծագել, թե ինչպես պետք է լուծվի Ղարաբաղում արտադրված ապրանքների նկատմամբ մաքսային ռեժիմը, որը սահմանվում է Եվրոպական միության հետ: Այս հարցը բավական արդյունավետ շահարկեցին ռուս փորձագետները, իբր թե՝ ինչո՞ւ եք գաղտնի պահում, ինչի՞ չեք ասում, դե էդքան «դուխով» եք՝ ասեք, գաղտնի բանակցություններ եք վարել. «Դա չհրապարակվեց, փոխվեց քաղաքականությունը: Այսինքն՝ ինչպիսի լուծում էր տրված ասոցացման համաձայնագրով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ սահմանի առկայության դեպքում` ես չգիտեմ: Մյուս կողմից էլ, եթե անգամ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, դրա քաղաքական հետեւանքները ես չեմ քննարկի, եւ նրա հետ ստորագրի ազատ առեւտրի գոտու պայմանագիրը, կամ Արցախի հետ միասին ձեւավորի Մաքսային միություն, դա հնարավոր չէ, լինելով Մաքսային միության անդամ: Այդ հնարավորությունը պատկանում է Մոսկվային, մենք չենք կարողանալու մաքսային կանոնակարգեր եւ տուրքեր սահմանել: Որեւէ պետության հետ պայմանագիր ստորագրելու իրավասությունը պատկանելու է Մոսկվային»:
Իսկ, որ որեւէ մի պետություն պայմանագիր կկնքի, պարոն Ղազինյանի կարծիքով՝ միամտություն է:
Կարդացեք նաև
Քննարկմանը ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն էլ Հյուսիսային Կիպրոսի օրինակը բերեց եւ հարց բարձրացրեց, թե պետք է ուսումնասիրել ինչպե՞ս է Թուրքիան, լինելով ԵՄ մաքսային ռեժիմի մեջ, իր հարաբերությունները կարգավորում չճանաչված պետության հետ:
Քննարկման ժամանակ հարց հնչեց` արդյո՞ք հնարավոր է խուսափել Մաքսային միությանը անդամակցելուց, Արթուր Ղազինյանը իրավական ամենակարճ եւ հասկանալի ճանապարհը նշեց` Սահմանադրական դատարանի կողմից ՄՄ անդամակցելը հակասահմանադրական ճանաչելն է. սրա բոլոր հիմքերը կան: Մանրամասն` տեսանյութում.
Նելլի ԲԱԲԱՅԱՆ