Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես տեղեկացրել ենք, ընթանում էր քաղաքագետ-վերլուծաբան Սուրիկ Սուրենյանցի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նա ըստ մեղադրանքի, 2012թ. հուլիսի 26-ին հանդիպելով Հեղինե Սարգսյանի հետ, խոստացել էր նրա որդուն ընդունել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր:
Ըստ գործի նյութերի, նա վերցրել էր Հեղինեից 530 հազար դրամ գումար: Սուրենյանցը մինչ գործը ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնից դատարան կհասներ, հափշտակած գումարը վերադարձրել էր: Սուրենյանցի նկատմամբ դատարանը հայտարարել էր հետախուզում, քանի որ նա անհայտ պատճառներով դատական նիստերին չէր ներկայացել:
Այսօր, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ նշանակվել էր Սուրենյանցի գործով դատական նիստ, սակայն պարզվեց, որ նա դիմել է դատարանին՝ իր նկատմամբ կիրառել համաներում: Դատարանը (նախագահող դատավոր՝ Մխիթար Պապոյան) հիմք ընդունելով եւ նկատի ունենալով, որ Սուրենյանցն ունի մինչեւ 3 տարեկան երեխա, քրեական գործի վարույթը կարճել էր, քրեական հետապնդումը դադարեցրել, իսկ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը վերացել էր, նրա նկատմամբ կիրառվել էր ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ հոկտեմբերի 3-ի որոշումը:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ