«Ժառանգություն» խմբակցության քիչ առաջ կայացած նիստում միաձայն ընտրվել է խմբակցության նոր ղեկավար`Զարուհի Փոստանջյանը: Նիստին մասնակցել է նաեւ Ալեքսանդր Արզումանյանը:
Խմբակցության քարտուղարն այսուհետ կլինի Թեւան Պողոսյանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, որը հրավիրվածի կարգավիճակով է մասնակցել խմբակցության նիստին:
Արմեն Մարտիրոսյանը վերահաստատեց, որ Ռուբեն Հակոբյանն անձնական որոշում է կայացրել ու ասաց, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի չմեկնաբանել իր անձնական որոշման պատճառները`վստահեցնելով, որ դա քաղաքական կամ ներկուսակցական խնդրի հետ կապված չէ: Թեկուզ անձնական որոշմանը վերաբերվող դրդապատճառները դարձյալ չմեկնաբանվեցին`բացառելով միջանձնային, ներանձնային խնդիրները ևս:
Ի՞նչ անակնկալ փոփոխություններ են, ինչպե՞ս եք բացատրում այս ընտրությունը, մանավանդ, որ առավոտյան ասել էիք, որ չեք պատրաստվում ստանձնել խմբակցության ղեկավարի պաշտոնը լրագրողների`հարցերին Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մեզ համար պարոն Հակոբյանի որոշումը սպասելի չէր, ինքն անձնական որոշում է կայացրել: Մենք չենք իմացել, որ նման որոշում կլինի, բայց դա կապ չունի ստրասբուրգյան իրադարձությունների վերաբերյալ տարբեր մոտեցումներով: Ես էլի իմ այն կարծիքին եմ, որ մենք տարբեր սերունդների ներկայացուցիչներ ենք`տարբեր մոտեցումներով»:
Տրամաբանական որոշում պե՞տք է լինի նման հայտարարության համար՝ հարցին Փոստանջյանն, ասաց, որ դա անձնական որոշում է եղել եւ պատճառները պետք է Ռուբեն Հակոբյանից պարզել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ