Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՌԴ ղեկավարին ուղղված նամակը բովանդակում է նաև դիմում մյուս երկու Համանախագահներին»․ Հայկ Քոթանջյան

Հոկտեմբեր 18,2013 18:50

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանի անունից ս.թ հոկտեմբերի 18-ին հրապարակված հայտարարության տեքստը փոխանցվել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ն.Գ. Ջոն Հեֆերնին, Ռուսաստանի Դաշնության դեսպան Ն.Գ. Իվան Վոլինկինին, Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Անրի Ռենոյին:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ` ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ  «ՂԱՐԱԲԱՂԻ ՊՐՈԲԼԵՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊՐՈԲԼԵՄՆ Է» ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայտնի գրող, հրապարակախոս, Վերակառուցման ժամանակաշրջանի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանի Բաց նամակը` ուղղված ՌԴ Նախագահ Վ. Պուտինին, ՀՀ-ում և ԼՂՀ-ում ստացավ լայն հասարակական հնչեղություն: Երկու հայկական հանրապետությունների հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչները բաց նամակի դրույթների և թեզերի վերաբերյալ արտահայտեցին տարբեր, երբեմն` տրամագծորեն հակառակ տեսակետներ ու գնահատականներ: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր պարտքն է համարում հրապարակել որոշ նկատառումներ:

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում մտքի և խոսքի ազատությունը օրինական ինքնորոշման շնորհիվ հռչակվել է որպես հիմնարար արժեք: Ինքնորոշման նման նվաճում է նաև քաղաքացիների իրավունքների և արժանապատվության հարգումը, որը երաշխավորվում է ՀՀ և ԼՂՀ սահմանադրություններով: ՈՒստի  չի կարող կասկածի տակ դրվել իր տեսակետն արտահայտելու և գնահատականների մասին բարձրաձայնելու պրն. Բալայանի իրավունքի հարգումը: Օտար, այդ թվում` մեր ընդդիմախոս, պետությունների ներկայացուցիչների  հետ քաղաքական պրոբլեմների քննարկումների ժամանակ դրսևորելով բացություն և զսպվածություն` մենք չենք կարող այլ վերաբերմունք ցուցաբերել մեր հայրենակիցների նկատմամբ, հատկապես մի մարդու, որը կանգնած է եղել Ազգային-ազատագրական շարժման ակունքներում և իր շոշափելի ներդրումն է ունեցել անկախ հայկական պետականության ստեղծման ու կայացման գործում:

Որպես ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր` Զորի Բալայանը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդում հայկական պատվիրակության, ԼՂ Ազգային խորհրդի ամենաակտիվ գործիչներից և ԼՂ վտարանդիական կառավարության (Մոսկվա) կազմակերպիչներից մեկը:

Հարկ է նշել, որ նամակի մի շարք քննադատական մեկնաբանությունների հիմքում քաղաքական գործընթացների ոչ գծային էության «գծային» (պարզեցված) ընկալումն է: Կարծում ենք, որ նամակի ավելի ուշադիր ընթերցման դեպքում նշված վեճի ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ հարցեր ինքնին կվերանային:

Կցանկանայինք նաև ուշադրություն հրավիրել Զորի Բալայանի դիմումի քաղաքական ուղղվածության հարցին: Համակարգային պատմական-քաղաքական էքսկուրսում, որի լեյտմոտիվը հայ ժողովրդի նկատմամբ ողբերգական սխալների կրկնության անթույլատրելիությունն է, կարմիր թելով անցնում է հեղինակի մտահոգությունը` կապված Մինսկի գործընթացի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման, այդ թվում` անկախ արցախյան պետության իրավաքաղաքական և տարածքային ուրվանկարի, հեռանկարների հետ: Կարելի է չհամաձայնվել հեղինակի առանձին թեզերի և եզրակացությունների հետ, սակայն չի կարելի անտեսել այն գլխավոր գաղափարը, որ ԼՂՀ անվտանգությունն ու զարգացումը կարող են ապահովվել միմիայն Արցախի պատմական սահմաններում, և դրան այլընտրանք չկա:

Նամակի հեղինակը փոխզիջումների սահմանների անկողմնակալ որոշման նպատակով Մինսկի խմբի Համանախագահի` Ռուսաստանի Դաշնության ղեկավարի քննարկմանն է ներկայացնում փաստերի գիտականորեն հիմնավորված գնահատականների պրոբլեմը, ներառյալ` խորհրդային տարիներին հայ բնակչության էթնիկական զտումների ենթարկված Նախիջևանի ԻԽՍՀ-ն:

Զորի Բալայանի նամակը նպատակաուղված է այն բանին, որ ռուսաստանյան պետության ղեկավարը ձեռքի տակ ունենա Անդրկովկասի քաղաքական պատմության` գիտականորեն ճշտորոշված փաստերի առումով հավաստի և համակարգված շարադրանք, որը հիմնավորված է միջազգային գիտական հանրության կողմից ճանաչված աղբյուրներով:

Ռուսաստանի ղեկավարին ուղղված նամակը որոշակի առումով բովանդակում է նաև դիմում մյուս երկու Համանախագահներին` ԱՄՆ-ին և Ֆրանսիային, արտահայտելով մտահոգություն այն առիթով, թե գոյություն ունի լուրջ վտանգ, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գնահատումների ձևավորման և որոշումների ընդունման ոլորտ կարող են ներթափանցել իրական պատմության համակարգային կեղծման հակագիտական արգասիքները, որոնք շռայլաբար վարձատրում է Ադրբեջանում հաստատված և արդեն ժառանգական դարձած կոռումպացված բռնակալական վարչակարգը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, նկատի ունենալով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Զորի Բալայանի նամակում բովանդակվող  գնահատականների և առաջարկությունների կարևորությունը և բացությունը, պատիվ ունի սույն հայտարարությունն ու Բաց նամակը ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում Մինսկի խմբի Համանախագահ պետությունների դեսպանություններ` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության նախագահներ, մեծարգո պարոններ Վլադիմիր Պուտինին, Բարակ Օբամային և Ֆրանսուա Օլանդին այն հանձնելու համար, և խնդրում է մեծարգո նախագահներին քննել Բաց նամակի հեղինակի գնահատականներն ու առաջարկությունները և դրանք նկատի ունենալ համապատասխան որոշումներ կայացնելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031