Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում կարեւորում են տպագիր մամուլի դերը

Հոկտեմբեր 16,2013 21:40

Կապանում քչերը գիտեին, որ  այսօր «Հայկական մամուլի օրն է»:  Թերթի կրպակներում սովորականի պես այսօր էլ թերթ գնողներ կային, բայց նրանք էլ տեղյակ չէին, որ հոկտեմբերի 16-ը մամուլի օրն է:

Թեեւ կրպակի աշխատակիցներն ասում են, որ վերջին տարիներին առցանց լրատվամիջոցների ակտիվ գործունեության առկայության պարագայում ընթերցողների թիվը համեմատաբար նվազել է, բայց մշտական ընթերցողները շարունակում են հավատարիմ մնալ  տպագիր մամուլին: «Նախընտրում եմ  թերթ կարդալ, թերթում կարողանում եմ գտնել էն, ինչ-որ չկա հեռուստաեթերում: Սովորաբար տարբեր թերթեր եմ կարդում, որ տեսնեմ ընդդիմադիր թերթն ինչ է գրում, իշխանական թերթն ինչ է գրում: Էսօր  տպագիր մամուլն անհրաժեշտություն է, մամուլը լավ բան է, ինչ-որ չափով ազդեցություն է թողնում, բայց թող ճիշտ բաներ գրեն ու ժողովրդի շահերը  պաշտպանեն, քիչ են գրում ժողովրդի մասին, ավելի շատ կենտրոնացած են կուսակցությունների կամ քաղաքական այլ թեմաների վրա», – ասաց մշտական ընթերցող Ռազմիկ Քարամյանը:

Թերթի կրպակի աշխատակցուհի տիկին Սվետլանան ասում է, որ այսօր երիտասարդները թերթ չեն գնում, հիմնական ընթերցողները միջին տարիքի բնակիչներ են, որոնց թիվն այդքան էլ քիչ չէ Կապանում:   Օրվա ընթացքում ստացած թերթերի օրինակների կեսը կամ կեսից ավելին հիմնականում վաճառվում են, հատկապես  թերթերը շուտ են սպառվում, երբ երկրում կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում:

«Մարդ կա, որ իրա համար թերթը հաց ու ջրի նման մի բան է:

Մոտ 3 տարի  է կրպակում եմ աշխատում, նկատել եմ, թերթերի ակտիվ վաճառքը կապված է կարեւոր իրադարձությունների հետ: Եթե երկրում կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում, գալիս են էդ օրվա թերթերն ակտիվ առնում, նույնիսկ մեկը մյուսին է  տեղյակ պահում, որ գան առնեն:  Թերթերը միշտ կվաճառվեն, եթե  բնակիչներին հետաքրքրող թեմաներ լինեն», – հավելեց կրպակի աշխատակցուհին:

28-ամյա Դավիթ Գեւորգյանը թերթ չի գնում, քանի որ իրեն հետաքրքրող հոդվածները ընթերցում է առցանց մամուլից, որն ավելի օպերատիվ է աշխատում եւ արագ ինֆորմացվելու հնարավորություն է տալիս իրեն:

Տպագիր մամուլում մոտ 30 տարվա լրագրողի աշխատանքային փորձ ունեցող Վահրամ Օրբելյանը, ցավով է նշում, որ այսօրվա սերունդը թերթ չի կարդում: Նրա կարծիքով՝ տպագիր մամուլը դեռ իր կշիռն ունի՝ անկախ նոր սոցիալական մեդիայի ակտիվ գործունեության: Համեմատելով մոտ երեսուն տարի առաջ գոյություն ունեցող տպագիր մամուլն ու ներկայիսը՝ ընդգծում է, որ թեեւ այսօր ավելի ազատ է դարձել մեդիա դաշտը, բայց  նախկինի պես իշխանությունները չեն զգաստանում ու հաշվի չեն նստում մամուլի հրապարակումների հետ: Կապանի թերթի կրպակներում Վահրամ Օրբելյանին բոլորն են ճանաչում, մշտական ընթերցողներից է:

«Ես մի քիչ հին մարդ եմ, ինձ տպագիր մամուլը մագնիսի պես ձգում է: Ես ամեն անգամ թերթ առնելիս, երբ բացում եմ այն, միշտ ներկի հոտն եմ առնում,  դրանով եմ դաստիարակվել…: Տպագիր մամուլն այսօր դեռ իր դերն ունի, կարող է 20 տարի հետո իրավիճակը փոխվի եւ կշեռքի նժարը թեքվի դեպի սոցցանցեր, բայց մինչ այդ կրպակից թերթ գնողներ կլինեն:  Առցանց լրատվամիջոցներում այսօր տեղ են գտնում շատ խայտառակ լեզվով, փնթի, իրար վիրավորող հրապարակումներ,  բայց տպագիր մամուլում էթիկայի կանոնները պահպանվում են», -ասաց «Սյունյաց երկիր» մարզային թերթի լրագրող, խմբագրի տեղակալ Վահրամ Օրբելյանը:

Ի դեպ, այսօր Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը տոնի առթիվ կապանցի լրագրողներին ճաշկերույթի էր հրավիրել եւ շնորհավորել նրանց տոնը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031