Հեղինակավոր Forbes ամսագիրը, որը թողարկվում է 1917 թվականից և տարածվում ավելի քան 55 երկրում, շուտով կհրատարակվի նաև Հայաստանում: Ստանալով ամսագիրը թողարկելու լիցենզիա՝ Forbes Հայաստանը դարձավ 27–րդ միջազգային հրատարակությունը:
Forbes-ը Հայաստանում ներկայացնում է «Մեդիա Փարթներս» ընկերությունը, որը կազմակերպում է ամսագրի տարեկան 12 թողարկում և www.forbes.am բիզնես պորտալը: Forbes Հայաստանը կթողարկի նաև Forbes Life ամսագիրը և հատուկ համարներ, ինչպես նաև, Forbes-ի կանոնների համաձայն, հանդես կգա բիզնես կոնֆերանսների կազմակերպման նախաձեռնությամբ:
Forbes-ը գրում է ձեռներեցության, ֆինանսների և ներդրումների, տեխնոլոգիաների, առաջնորդության և այլ թեմաներով՝ ներկայացնելով մարդկանց, ովքեր փոխում են աշխարհը: Forbes-ն անցկացնում է լրագրողական հետաքննություններ, ինչպես նաև՝ հրապարակում աշխարհի միլիարդատերերի, ամենաազդեցիկների և հայտնիների վարկանշային աղյուսակները:
Forbes ամսագիրը բիզնես միջավայրում ունի ամենամեծ լսարանը և համարվում է ամենաազդեցիկ մեդիա բրենդը՝ իր հետևում թողնելով Fortune, Bloomberg Businessweek և The Economist ամսագրերը (աղբյուրը՝ MRI, Mediamarket Resreach Incorporation, 2013): Ըստ պաշտոնական տվյալների՝ Forbes-ի ընթերցողները 26-45 տարեկան տնտեսապես ակտիվ անհատներ են, սովորաբար՝ ընկերության տնօրեններ, կառավարիչներ և միջին օղակի ղեկավարներ ու գործարարներ: Ամսագրի լսարանի 61%-ը տղամարդիկ են, 39%-ը՝ կանայք:
Կարդացեք նաև
Forbes Հայաստան ամսագրի հրատարակիչն ու գլխավոր խմբագիրն է Գագիկ Եղիազարյանը, իսկ www.forbes.am պորտալի գլխավոր խմբագիրը՝ Շուշան Հարությունյանը: Forbes Հայաստանը հույս ունի նպաստել պրոֆեսիոնալ և էթիկական մեդիա չափանիշների ստեղծմանն ու պահպանմանը, ինչպես նաև՝ գործարար միջավայրի զարգացմանն անհրաժեշտ որակյալ ինֆորմացիայի տրամադրմանը
Forbes Հայաստան. մամուլի հաղորդագրություն