Ստրասբուրգում, ԵԽ շենքի դիմաց «Մենք դեմ ենք Հայաստանի չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը» կարգախոսով արդեն երրորդ օրն է բողոքի ակցիա են անցկացնում:
Քաղբանտարկյալ, 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերի մասնակից եւ Ֆրանսիայից քաղաքական ապաստան ստացած Գեւորգ Մանուկյանն էլ երրորդ օրն է հացադուլ է հայտարարել: Նա հանդիպում եւ բացատրություն է պահանջում Ֆրանսիա մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից:
Այս պահին էլ ԵԽ շենքի դիմաց նույն կարգախոսով բողոքի ակցիան շարունակվում է: Տասնյակ ցուցարարներ ԵԽ շենքի դիմաց «Սերժիկ հեռացիր» են կանչում:
Հացադուլ հայտարարած Գեւորգ Մանուկյանը Aravot.am-ին ասաց, որ հացադուլն անժամկետ է. «Մինչեւ չհասնեմ իմ արդարացի պահանջին, չեմ դադարեցնելու: Պահանջում եմ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, նա պետք է ինձ բացատրի` ինչու մեզ դարձրեց թափառական: Ես նրան նաեւ ասելիք ունեմ` դադարեցրու արտագաղթը, վերջացրու այդ աղետը, լացս գալիս է, երբ տեսնում եմ` տասնյակ ընտանիքներ ինչպես են օրերով հերթ կանգնում քաղաքական ապաստան ստանալու համար»:
Կարդացեք նաև
Մանուկյանը նաեւ անդրադարձավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի քննադատությանը, թե սեփական երկիրը եվրոպաների պատերի տակ վարկաբեկելը ունի իր անունը։
«Ես պայքարել եմ այս իշխանությունների դեմ դեռ 2002 թվականից, այն ժամանակ դեռ Ռոբերտ Քոչարյանն էր իշխանության ղեկին : Մինչեւ անցած տարի Հայաստանում եմ եղել ու պայքարել, այսօր էլ այստեղից եմ պայքարում: Ի՞նչը չի հասկանում ՀՀԿ-ական պատգամավորը: Անհրաժեշտություն չկա մեր պայքարը իմաստազրկելու: Որտեղ էլ լինեմ պայքարելու եմ, եթե վաղը Հայաստանում լինեմ, պայքարելու եմ Հայաստանում, բայց ինձ արգելվում է Հայաստան գնալը, որովհետեւ որոշ մարմիններ այստեղ ավելի լավ տեղյակ են Հայաստանի իրավիճակի մասին, նրանք վստահ են` եթե գնամ Հայաստան, ինձ հետ մի բան կատարվելու է:
Ես արտագաղթել եմ զուտ քաղաքական հայացքների համար եւ ունեմ փախստականի կարգավիճակ` 10 տարի աշխատել եւ ապրել Ֆրանսիայում: Պատահական ոչ մեկի սա չի տրվում: Ես նորից կրկնում եմ` Սերժ Սարգսյանն ինձնից ներողություն պետք է խնդրի»,- ասաց Մանուկյանը եւ հակադարձեց իրեն ուղղված մեղադրանքին, թե վարկաբեկում է սեփական երկիրը եվրոպաների պատերի տակ. «Ես էլ իրենց մեղադրում եմ Հայաստանը ԵԽ ներսում վարկաբեկելու մեջ: Այդ նույն Կարեն Ավագյանը Եվրոպայի ներսում է խայտառակել Հայաստանը: Ոչ միայն նա, բոլորն են ինձ համոզում, որ բերեն մորթեն Հայաստանում: Ազատության մեջ, ազատ երկրում ապրելով, ունեմ պապեր՝ թաղված Հայաստանում… եւ առաջին հնարավորության դեպքում, երբ զգամ, որ էլ կյանքիս վտանգ չի սպառնում, առաջինը ես եմ վերադառնալու Հայաստան»:
Նա նաեւ հերքեց, թե Ստրասբուրգում բողոքի ակցիային ընդամենը մի քանի մարդ է մասնակցում, ասաց, որ այս պահին տասնյակի հասնող ցուցարարների թիվը գնալով մեծանում է:
Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունն արդեն երրորդ օրն է Ստրասբուրգում է, ԵԽԽՎ-ում նախատեսված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իսկ սեփական ազգդ սեփական պատերի տակ թալանել-կործանելն ի՞նչ անուն ունի:
Հարգելի Գևորգ Մանուկյան, իսկ իմ լացը գալիս էր ամեն մի Հայաստանի գյուղ մտնելով ու դուրս
գալով, ուր բառիս բուն իմաստով ամայություն է տիրում, հատկապես Գյումրիի շրջակայքում: Քեզ
նման լավ մարդիք հանուն ազնվության՝ զոհ են գնում: Իսկ կան նաև փչացած մարդանմաններ,
որոնց համար կա մեկ սրբություն,՝ թալանել ու լափել: