Կոմիտաս 5 հասցեի մի խումբ բնակիչներ այսօր Երեւանի Քաղաքապետարանի առջեւ էին հավաքվել եւ հանդիպում էին պահանջում գլխավոր ճարտարապետի հետ:
Նրանց դիմավորեցին քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալն ու քաղաքաշինական ծրագրերի կարգավորման բաժնի պետ Արբակ Վարդանյանը: Կոմիտասցիներին քաղաքապետարանի ներկայացուցիչները հրավիրեցին ներս՝ քննարկելու խնդիրը:
«Թող հելնենք վերեւ, մեր բանակցությունների եւ զրույցի մասին բնակիչները կպատմեն»,- լրագրողների մուտքը քննարկման դահլիճ արգելելով ասաց պարոն Վարդանյանը:
Մինչեւ քաղաքապետարան գնալը, բնակիչները հենց դրսում բողոքեցին, որ շինարարությունը կանգ չի առնում. «Շարունակում են փորել ու փորել: Էն էլ Կոմիտաս 7 շենքի տակ: Ինչ է մե՞ղր է էդտեղ քսված»:
Կարդացեք նաև
Պարոն Վարդանյանն էլ բացառեց, որ 7-րդ շենքի տակը փորվում է. «Հնարավոր չէ փորել, եթե փորեն, Կոմիտասի 7-րդ շենքը կփլվի»:
Բնակիչներն էլ շարունակեցին. «Բա էդ ենք ասում` փլվում է: Էսքան ժամանակ մի ղեկավար եղե՞լ է այնտեղ, մի ճարտարապետ եկե՞լ, տեսե՞լ է»:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը նաեւ վստահեցրեց, որ կառուցապատողի ներկայացրած նախագիծը վերադարձրել են նրան՝ պահանջելով փոփոխություններ կատարել ու նորը ներկայացնել. «Շենքի հատակագծային սահմանների նվազում, փոփոխություններ, եւ ամեն ինչ արվելու է, որ նորմերին համապատասխանի»:
Պարոն Վարդանյանն էլ չշարունակեց ու բնակիչներին հորդորեց զրույցը շարունակել քաղաքապետարանում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ