Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Բոլոր ողջամիտ առաջարկներն ընդունել ենք»

Սեպտեմբեր 20,2013 11:11

Ինչ փոփոխություններ են կատարվել գրագողությունն արգելող օրենքի նախագծում՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս օրինագիծը կոչված է կարգավորելու լրատվական դաշտում «քոփի-փեսթերի» բումը, երբ սնկի նման աճած եւ մեկ-երկու աշխատակից ունեցող կայքերը համակարգչի ստեղնաշարի մեկ-երկու հարվածով լրատվական կայքերից արտագրում եւ իրենց կայքերում տեղադրում էին տարբեր խմբագրությունների պատրաստած հոդվածները, լրահոսը, ու ագրեսիվ կերպով զավթում լրատվական դաշտը:

Օրինագիծն առաջին ընթերցումից երկրորդն ընկած կարճ՝ 24-ժամյա ժամանակահատվածում որոշ փոփոխություններ է կրել, եւ ԱԺ առաջիկա նիստերից մեկում արդեն կընդունվի փոփոխված տարբերակով:

«Առավոտը» օրինագծի համահեղինակ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե մասնավորապես ինչ փոփոխություններ են եղել: Պատգամավորը նախ շեշտեց, որ առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում հնչած բոլոր մտահոգություններին եւ առաջարկներին անդրադարձ է եղել. «Այն բոլոր հարցադրումները, որ հնչել են Ազգային ժողովում, պատգամավորների կողմից, ինչպես նաեւ՝ իմ ֆեյսբուքյան էջում նախագծի տեղադրումից հետո բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու մեկնաբանությունները, անգամ անձամբ ինձ չհասցեագրված, այլ սոցցանցերում կամ այլ հարթակներում արտահայտված առաջարկները հավաքագրվել են եւ հաշվի են առնվել: Ոչ մի առաջարկ անուշադրության չի մատնվել, բոլոր մտահոգությունները դրվել են քննարկման սեղանին»:

Եղել են որոշ խմբագրական փոփոխություններ, հստակեցումներ, սակայն բովանդակային առումով, որպես կարեւոր փոփոխություն՝ պատգամավորը նշեց հետեւյալը. «Առաջինը, որի մասին շատ էր խոսվում եւ սխալ մեկնաբանություններ էին հնչում, կապված էր նրա հետ, որ փաստերը, օրվա լրահոսը եւ իրադարձությունները հեղինակային իրավունքի օբյեկտ չեն եւ չեն կարող լինել: Մեկ անգամ եւս ուզում եմ փաստել, որ այո, դա այդպես է, եւ  օրենսդրության մեջ փաստերը, իրադարձությունները եւ օրվա լրահոսը հեղինակային իրավունքի օբյեկտ չեն, եւ օրենքը չի տարածվում դրանց վրա: Բոլորովին այլ հարց է, որ մենք օրինագծում փաստերի ընտրության եւ մեկնաբանման ձեւն էինք համարել հեղինակային իրավունքի օբյեկտ, եթե դա ստեղծագործական  աշխատանքի արդյունք է: Խնդրահարույց համարվեց «ընտրությունը» բառը, դրա համար այդ բառը դուրս բերվեց առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրինագծից եւ մնաց հետեւյալ տարբերակը՝ «օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների եւ փաստերի մասին տեղեկատվությունը հանդիսանում է հեղինակային իրավունքի օբյեկտ, եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների եւ փաստերի արտահայտման ձեւը հանդիսանում է ստեղծագործական մեկնաբանություն»: Խնդիրն այն է, որ փաստը կամ իրադարձությունը կարող է լինել մեկը, բայց կարեւորն այն է, թե ինչ ձեւով է դա մատուցվում, ինչպես է կառուցված, որովհետեւ յուրաքանչյուր լրագրող իր մոտեցումը, յուրօրինակ ներկայացման իր ձեւն ունի, եւ ամեն մեկը կարող է համեմել փաստի մատուցումը մեկնաբանությամբ, կարճ հարցազրույցով, նախնական տեղեկատվությամբ, յուրահատուկ բառապաշարով եւ այլն: Խնդիրն այն է, որ չլինի մեխանիկական «քոփի փեսթ», թող վերցնեն փաստը եւ մատուցեն իրենց ձեւով»:

 Եվս մի էական փոփոխություն, որ կատարվել է օրինագծում, ըստ Ա. Հովհաննիսյանի, հետեւյալն է. «Նախագծում հետեւյալ տարբերակն էր, որ լրատվական նյութը կարելի է տպագիր մամուլից էլեկտրոնային կայք կամ մի էլեկտրոնային կայքից այլ էլեկտրոնային կայք, կամ էլեկտրոնային կայքից դեպի տպագիր այնպես տարվի, որ «չբացահայտվի բուն լրատվական նյութը»: Այս «բուն լրատվական նյութ» բառերը բավականին քննարկումների տեղիք տվեցին, հարցադրումներ եղան, եւ թեեւ ես՝ որպես իրավաբան, կարծում եմ, որ դա խնդրահարույց չէր, որովհետեւ այդ ձեւով էլ դա մեկնաբանելի է, այդուհանդերձ, հարկ համարեցինք անսալ այդ մտահոգություններին եւ մի քիչ ավելի ականջին ծանոթ եւ կիրառելի տերմին օգտագործել, դարձրեցինք «լրատվական նյութի էական մասը», որովհետեւ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին օրենքում» տասից ավելի անգամներ օգտագործվում է «էական» բառը, այդ թվում՝ «էական մաս» արտահայտությունը»:

Մի փոփոխություն էլ, ըստ պատգամավորի, արվել է բլոգոսֆերան, լրահոս մատուցող բլոգները օրինագծում ներառելու նպատակով. «Օրինագծում կիրառվել էր «էլեկտրոնային կայք» հասկացությունը, եւ մի տեխնիկական  հատված բաց էր մնացել: «Զանգվածային լրատվության մասին» օրենքում օգտագործվում է «ցանցային լրատվական միջոց» արտահայտությունը, եւ ըստ օրենքի մեկնաբանության՝ դրա մեջ նաեւ լրահոս անող բլոգերն են մտնում: Այդ իսկ պատճառով մեր օրինագծում «էլեկտրոնային լրատվական կայքեր» բառերի կողքն ավելացվեց նաեւ «ցանցային լրատվական միջոցը», որպեսզի միասնական տերմին լինի՝ ԶԼՄ-ների մասին օրենքի հետ»:

 Օրինագծի քննարկման ընթացքում բավականին քննարկվեց նաեւ «էլեկտրոնային կայքի լատինատառ անվանում» արտահայտությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներն օրինակներով ցույց տվեցին, որ պարտադիր չէ, որ կայքի անվանումը լինի լատինատառ: Դա հաշվի առնելով, ըստ Արփինե Հովհաննիսյանի կատարվել է փոփոխություն. «ՏՏ մասնագետները ասում էին, որ պետք է գրել ուղղակի «տիրույթային անվանում», որովհետեւ կան կայքեր, որոնց դոմեյնները ոչ թե լատինատառ են, այլ՝ հայերեն կամ այլ լեզուներով: Բնականաբար, այդ առաջարկը նույնպես ընդունվեց, բոլոր ողջամիտ առաջարկներն էլ ընդունվել են մեր կողմից»:

 Եվ վերջին կարեւոր փոփոխությունը, որ նշեց պատգամավորը, այն է, որ պատգամավորներից մեկի առաջարկով օրենքի սուբյեկտ դարձան նաեւ «հեռարձակում իրականացնող կազմակերպությունները», որոնք մամուլի տեսություն են ներկայացնում. «Ոչ թե մամուլի նյութերի հիման վրա վերլուծական կամ այլ նյութեր պատրաստելու մասին է խոսքը, այլ զուտ՝ մամուլի տեսություն անողների, որպեսզի նրանք նույնպես մամուլի տեսություն անելիս առաջնորդվեն այս օրենքով եւ ամբողջությամբ չվերաշարադրեն հեղինակային նյութը»:

Արփինե Հովհաննիսյանը նաեւ խոստացավ, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինքը առաջարկով հանդես կգա Ազգային ժողովում այն մասին, որ ինքը պատրաստ է ԶԼՄ-ներին տրամադրել օրինակելի հեղինակային պայմանագրեր, ինչպես նաեւ օրենքի դրույթների մեկնաբանություններ, որոնք ուղեցույց կլինեն, որպեսզի օրենքը կիրառելիս խնդիրներ չառաջանան:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30