Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 3-ի մոսկովյան դասերը

Սեպտեմբեր 18,2013 13:05

ԵՄ-ն ավելի հաստատակամորեն կկապվի մեր տարածաշրջանին

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե՝ Հայաստանի համար ինչ-որ լուծում կա՞, թե՞ ամեն ինչ վերջացած է, պատասխանել էր. «Ոչ, վերջացած չէ, եւ մենք հաստատ չենք հրաժարվել Հայաստանից եւ հայ ժողովրդից»: Նա նաեւ նշել էր, որ իրենք նույնպես նույն վիճակում էին, ինչ հայաստանցիները՝ շոկ էր Մաքսային միությանը միանալու վերաբերյալ որոշման մասին հայտարարությունը: Պակաս կարեւոր չէր նրա հստակ ձեւակերպումը, որ ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերություններում էական դեր է խաղում փոխվստահության գործոնը, եւ եթե հավատ եւ վստահություն լինի, այդ հենքի վրա շատ բանի կարելի է հասնել. «Բայց հիմա հավատ եւ վստահություն չկա, չկա ստեղծագործականություն, եւ գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն»:

Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունները, չնայած փոխվստահության բացակայությանը, կշարունակվեն վստահաբար, եւ եթե ոչ Վիլնյուսի գագաթնաժողովում, ապա ապագայում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի: Այս օրերին, երբ իշխող հանրապետականները լծված են Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտնած որոշումը արդարացնելու գործին եւ անվերջ մի միտք են արտահայտում՝ կապված «անվտանգության» հետ, արժեր մտորեին Ֆյուլեի հայտնած մի տեղեկատվության ուղղությամբ եւ փորձեին վերլուծել, թե մեր երկրին այս պահին հատկապես ի՞նչ «անվտանգություն» է անհրաժեշտ՝ ա՞յն, ինչ ենթադրվում է, որ պետք է ապահովի ՌԴ-ն, թե՞ այն առաջնահերթությունները, որոնք Հայաստանը, որպես ինքնուրույն, պետք է հաստատի ու փորձի իրագործել: Անդրադառնալով վերջերս Ս. Սարգսյանի կողմից ԵՄ-ին ուղղված մի հայտարարությանը, թե նախքան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելը ԵՄ-ն պետք է համոզեր Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը, Ֆյուլեն նկատել էր. «Այստեղ կատարած իմ նախորդ այցի ժամանակ՝ հուլիսին, մենք բավական ժամանակ ծախսեցինք Ասոցացման համաձայնագրի տարածաշրջանային հետեւանքները քննարկելու վրա: Մենք՝ ԵՄ-ն, Թուրքիայի հետ մաքսային միություն ունի, եւ երբ ԵՄ-ն բանակցություններ է վարում ազատ առեւտրի համաձայնագրերի շուրջ, այս մաքսային միության գոյությունը ենթադրում է, որ Թուրքիան նույնպես պետք է տվյալ գործընկերոջ հետ նույնանման համաձայնագիր կնքի: Եվ մենք իրականում քննարկել ենք, թե ինչպես կարելի է օգտագործել այս Ասոցացման համաձայնագիրը եւ բացել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության այդ դուռը: Բայց այժմ մենք, հավանաբար, այդպես էլ չենք իմանա՝ դա արդյունք կտա՞ր, թե՞ ոչ»:

ԵՄ-ի, առհասարակ՝ Արեւմուտքի համար Հայաստանի մոսկովյան որոշումը ինչ-որ առումով կարելի է դաս համարել: Թեեւ ԵՄ-ի համար նորություն չեն հետխորհրդային տարածքում ՌԴ-ի ձգտումները, բայց Ասոցացման համաձայնագրի ապագայի առումով այն ավելի ակնհայտ դարձավ: Այս պայմաններում ԵՄ-ն, թերեւս, ավելի հաստատակամորեն կկապվի մեր տարածաշրջանին, իսկ տարածաշրջանի հասարակություններն էլ՝ ԵՄ-ին, որովհետեւ այն քաղաքականությունը, որը վարում են ՌԴ իշխանությունները հետխորհրդային երկրների նկատմամբ վերջին շրջանում, մեղմ ասած՝ չի բխում այդ երկրների ազգային շահերից:

Տեղին է այս առումով հիշատակել ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականում լրագրող Վասլիսի Ֆիլիպչուկի ուշագրավ դիտարկումն այն մասին, թե շնորհիվ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ տեղեկատվական-առեւտրային հարձակումների՝ ԵՄ-ում շուտով Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հակառակորդներ չեն մնա: «Եթե մի օր Ուկրաինան իսկապես դառնա ԵՄ անդամ, ապա լիովին հիմնավորված կլինի դրա համար շքանշան շնորհելը ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Նրա անուրանալի ներդրումը մեր պետության կողմից եվրաինտեգրացիոն ձգտումների աջակցության առումով դժվար է թերագնահատել»,- նկատել էր լրագրողը:

Պատահական չէր նախօրեին Լեհաստանի փոխարտգործնախարար Կատարժինա Պելչինսկայա Նալեչի՝ Վաշինգտոնում արած հայտարարությունը՝ ուղղված ԱՄՆ-ին, որ պետք է ավելի շատ ներգրավված լինել Արեւելյան Եվրոպայում, հատկապես Արեւելյան գործընկերության նախաձեռնություններին: «Մենք հորդորում ենք ԱՄՆ-ին, որպեսզի Վաշինգտոնը ձեռնարկի ոչ միայն բանավոր քաղաքական հանձնառություններ, այլեւ Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ՝ բարձր մակարդակի այցելություններ ունենա ԵՄ-ի Արեւելյան գործընկերության երկրներ»,- ասել էր Պելչինսկայա Նալեչը՝ հորդորելով ԱՄՆ ներկայացուցիչներին մասնակցել Վիլնյուսի գագաթնաժողովին՝ այն կարեւոր համարելով, քանի որ որոշվելու է արեւելյան վեց երկրների ԵՄ-ին ինտեգրվելու ապագան:

Ուկրաինան կարող է դառնալ ՌԴ-ի «մարզ»՝ նշեց օրերս ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին: Deutsche Welle-ին տված հարցազրույցում Բժեզինսկին ասել էր, որ Մաքսային միությունն ունի ավելի շատ քաղաքական դրդապատճառներ, քան տնտեսական: «Բացարձակապես ակնհայտ է, որ դրա էությունը կայանում է հետխորհրդային երկրներին մեկը մյուսի հետեւից հպատակեցնելու մեջ: Ուկրաինան այդ կոնտեքստում ամենամեծ «ավարն է», եւ կարծում եմ՝ ռուսները լի են նրան հպատակեցնելու վճռականությամբ: Իրականում հարցը կայանում է նրանում, թե արդյոք ուկրաինացիները պատրա՞ստ են պաշտպանել իրենց անկախությունը: Այդ պատճառով իրենք՝ ուկրաինացիները, պետք է որոշեն՝ արդյոք կրկին մա՞րզ են լինելու մեծ Ռուսաստանի կազմում»: Բժեզինսկին չէր բացառել, որ Ուկրաինան կարող է հետեւել Հայաստանի օրինակին: «Ուկրաինան, իհարկե, շատ ավելի մեծ երկիր է: Որոշ իմաստով նա ՌԴ-ի հետ ավելի փոխկապակցված հարաբերություն ունի, քան Հայաստանը, որը աշխարհագրականորեն, այսպես ասած, կտրված է»,- ասել է նա՝ հավելելով, որ հեռավոր հեռանկարում ուկրաինա-եվրոպական ավելի մոտ հարաբերությունները ուղի կհարթեն ռուս-եվրոպական ավելի սերտ փոխհարաբերությունների համար:

Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանի «անվտանգությունը» ապահովող Մոսկվան՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո… «Ռազմավարական դաշնակիցը», կարելի է ասել, հայ հանրությանը հերթական «աչքալուսանքը» տվեց. ՌԴ-ն նույն ինտենսիվությամբ շարունակում է զինել Հայաստանի հակառակորդին: Օրերս հայտնի դարձավ, որ ռուսական «Կուրգանմաշզավոդն» Ադրբեջանի պատվերով սկսել է «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգերի (2հ31 ԹպվՈ) արտադրությունը՝ 18 միավոր Ադրբեջան ուղարկելու համար։ «Վենան» նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը, հրետանային եւ ականանետային մարտկոցները, հրթիռային սարքավորումները, զրահապատ թիրախները մինչեւ 13 կմ հեռավորությունից խոցելու համար, որը կարող է ինքնուրույն կառավարել կրակը, հետախուզել թիրախն ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին, դիպուկ կրակել՝ առանց կրակային դիրքի նախապես պատրաստման։

Բայց այս դեպքում, ինչպես հայտնի է, կա մի «ջախջախիչ» հակափաստարկ՝ Ռուսաստանը չվաճառեր, միեւնույն է՝ Ադրբեջանը ուրիշ երկրներից կգներ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Այնպիսի տպավորություն է, թե մեր կյանքի միակ երազանքը “ինչ-որ փաստաթուղթ” ստորագրելն է… Սա ի՞նչ պարզունակ մոտեցում է:
    Այն, որ աշխարհով մեկ մեզ խայտառակ արեցին, որ բոլորին տեսանելի դարձրինք մեզ վաղուց հայտնի փաստը՝ մեր տարրական ազգային արժանապատվության բացարձակ բացակայությունը, որ մենք այնքան “խելոք” ենք, որ մեր անվտանգությունը տանում և սկուտեղի վրա մատուցում ենք մեր ոխերիմ “բարեկամին”, որ Ռուսաստանի նման “երկիրը” պիտի թելադրի մեզ ինչպես ապրել, ում հետ բարեկամ լինել, ում հետ չլինել և նման բազմաթիվ այլ հանգամանքներ, ոչ մեկին չի հետաքրքրում:
    Նույնիսկ Մադոննայի նման մեկը ասում է,- ավելի լավ է մի օր ապրես վագրի նման, քան մի ամբողջ կյանք՝ առնետի… Մեր երեսին թքելու ժամանակն է վաղուց:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30