«Սա Րաֆֆու հավաքը չէ, կամ «Ժառանգության» հավաքը չէ, սա բոլորի հավաքն է, ովքեր մտահոգ են մեր երկրի ինքնիշխանությամբ եւ անկախությամբ: Ես այս հավաքի իրազեկողն եմ, բայց ոչ կազմակերպիչը: Բոլորը՝ ազատամարտիկները, ուսանողները, պատմամշակութային արժեքների պաշտպանները, տրանսպորտային արդարության համար մարտիկները, բոլորը պիտի դուրս ելնեն հրապարակ, քանի որ մեր երկրի պետականությունը, ազատությունը եւ վերջին շրջանում՝ արդեն նաեւ անկախությունը, վտանգի տակ են», -այսօր այսպես սկսեց իր ասուլիսը «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ շատ կցանկանա, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 18-ին Հայաստանի ներկայով եւ ապագայով մտահոգ բոլոր ուժերը լինեն Ազատության հրապարակում: «Իմ կողմից հրավերներ եղել են, բայց որոշումն իրենցն է՝ գան թե ոչ» ,-լրագրողի հարցին ի պատասխան՝ ունի՞ համաձայնություն այլ քաղաքական ուժերի կողմից՝ հավաքին գալու, ասաց պարոն Հովհաննիսյանը:
Ասուլիսի ընթացքում լրագրողները կրկին, ինչպես պարոն Հովհաննիսյանի բոլոր ասուլիսների ժամանակ, հետաքրքրվեցին, թե ինչու նա մինչեւ վերջ չիրականացրեց իշխանափոխությունը, ինչու հետ կանգնեց: Հերթական անգամ պարոն Հովհաննիսյանը նկատեց, որ իշխանափոխությունն արված է, մնում է այն գրանցել եւ դա երկարատեւ աշխատանք է, մեկ օրվա բան չէ. «Ես գրեթե մենակ էի՝ առանց որեւէ քաղաքական ուժի աջակցության, ի տարբերություն մինչ այդ մյուս թեկնածուների՝ Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, որոնց շուրջ հավաքվում էին բոլոր մնացած ընդդիմադիր ուժերը: Միայն ժողովուրդն էր, որ գաղտնի կատարեց իր որոշումը: Սակայն ժողովուրդը պատրաստ չէր հրապարակելու իր գաղտնի որոշումը: Բառիս բուն իմաստով՝ հրապարակելու, հրապարակ գալու: Եվ հրապարակում հայտնվածները հիմնականում այն մարդիկ էին, ովքեր ընտրությունների ժամանակ իմ կողմնակիցը չէին: Ես մենակ էի: Ես չունեի այլ ուժերի աջակցությունը, միայն՝ գաղտնի կերպով իր որոշումը տված ժողովրդի: Եվ ես պատրաստ չէի ժողովրդին տանել արյան բերան»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հարգելի Ռաֆֆի Հովհաննիսյան: Չէ՞, որ Ձեզ մի շատ առողջ ուժ ասել էր, որ վերջացրու հանցագործ
ռեժիմի պարագլխի հետ մուկն ու կատու խաղալ, և եթե չնդունես նրանց գոյությունը, ապա մենք քո
կողքին ենք: Իսկ Դուք այն մոտեցումը ցուցաբերեցիք,՝ որ ոչ շիշը վառի, ոչ էլ քյաբաբը: Եվ ահա
հետևանքը,՝ միակ վստահություն վայելող կուսակցությունը ևս հուսախաբ արեց ժողովրդին: Այսօր
միակ և միակ առողջ ուժը,՝ հասարակական շարժումն է՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ դրոշի ներքո, որն էլ
Ձեզ առաջարկել էր վերը նշվածը: