Սեպտեմբերի 14-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվեց ադրբեջանցի երիտասարդ գրող Սեյմուր Բայջանի «Գուգարք» գիրքը: Գրքի հերոսը ադրբեջանցի է, որը սիրահարվել է հայ աղջկա:
Գիրքը Թեքալիում ներկայացրեց Ադրբեջանի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Քաղաքագետի խոսքերով՝ այդ սիրո պատմությունը երջանիկ ավարտ չի ունենում, քանի որ ադրբեջանցին չի կարողանում հաղթահարել կյանքի դժվարությունները եւ «պարտվում է սիրո համար ճակատամարտում»: Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց գրքի ռուսերեն օրինակը: Գրքի հեղինակը, թեև հանդիպմանը ներկա էր, սակայն հրաժարվեց ելույթ ունենալ:
Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ, հանդիպման մասնակից Սամվել Բեգլարյանը հրապարակավ պատրաստակամություն հայտնեց հեղինակի համաձայնության դեպքում այդ գիրքը թարգմանել հայերեն:
Հավելենք,որ Սեյմուր Բայջանը 2007 թվականին եղել է Հայաստանում, տարբեր քաղաքներում մասնակցել բնակիչների հետ հանդիպում-քննարկումների:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ