Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, այս ուշ ժամին շարունակում են ոստիկանություն հրավիրել ու հարցաքննել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ողջ շրջապատին, քաղաքապետարանի բոլոր նախկին աշխատակիցներին ու առհասարակ նրանց հետ առնչություն ունեցող մարդկանց:
Հենց այս պահին ոստիկանություն են հրավիրվել «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպության պատասխանատուներն ու աշխատակիցները: Այս կազմակերպության վերադասին կասկածում են փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրված 250 միլիոն դրամ գումարը յուրացնելու մեջ : Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, այն պատկանում է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին ու նրա ամենամոտ ընկերոջը` Արման Բադալյանին:
Խոսքը այն շինկազմակերպության մասին է, որը Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ զբաղվում էր քաղաքի փոսալցմամբ ու ասֆալտապատմամբ: Սակայն վերջիններիս ոչ այնքան հայտնի դարձան իրենց կատարած աշխատանքով, որքան մարզպետարանի ու քաղաքապետարանի դիմաց անցկացրած բողոքի ակցիաներով: Գյումրիում կատարված իշխանափոխությունից հետո շինկազմակերպության բանվորները իրենց պարտքերը պահանջում էին Գյումրու նոր քաղաքապետից`Սամվել Բալասանյանից: Բանը հասավ նրան, որ այս կազմակերպությունը դատի տվեց Գյումրու քաղաքապետարանին` պահանջելով վճարել 427 միլիոն դրամի պարտքը:
Իսկ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես, ավագանու առաջին նիստի ժամանակ, անդրադառնալով այս ընկերությանը ունեցած պարտքին, ասել էր. «Զարմանալի պարտք է`427 միլիոն: Տարվա ընթացքում փոխանցվել է 335 միլիոն` դոտացիայի գումարները, որը որ աշխատավարձ պետք է տրվեր, փոխանցվել է այս ընկերությանը, մեծ գումարներ: Ի՞նչ է կատարվել, 335 միլիոնին գումարենք 427, մոտավորապես 750 միլիոն դրամ այս ընկերությունը ասֆալտապատման աշխատանքնե՞ր է կատարել, այդ ասֆալտապատումը եղել է փոսային նորոգումներով, և դա եղել է հիմնականում հուլիս ամսից հետո: Հուլիս ամսից հետո մենք էդքան աշխատա՞նք ենք կատարել փոսալցման: Ճիշտն ասած, ինձ համար աուդիտ կանչելը ճիշտ կլինի, որպեսզի մանրամասն ուսումնասիրվի` արդյո՞ք սա իրատեսական է համարվում, թե՞ ոչ, որովհետև ես խիստ կասկածում եմ. հուլիսից հետո փոսի նորոգում միայն Սովխոզի վրա եմ տեսել, բենզակալոնկի մոտ, ուրիշ տեղ ես փոսի նորոգում չեմ տեսել: Չունեն լիցենզիա, լիցենզիա չենք կարող գտնել, իրավունք չունեին ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Բացի դրանից չկան պայմանագրեր, պայմանագիրը 400 միլիոնի է եղել, էդ ինչպե՞ս դարձավ 700 միլիոն»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ