«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ ԼՂՀ N զորամասերից մեկում հուլիսի 30-ին, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած Արման Մուրադյանը զորամասի միակ ինքնասպան եղած զինվորը չէ։ Ապրիլի 19-ին նույն զորամասում ինքնասպան էր եղել նաեւ Րաֆֆի Մարաշյանը։ Բայց սա էլ դեռ ամենը չէ. «Ժողովուրդ»–ը բացահայտեց, որ այս տարվա մարտի 20-ին մահացու հրազենային վիրավորում ստացած Վոլոդյա Ավագյանը եւս նույն զորամասի ժամկետային զինծառայող էր:
Այս երեք դեպքերը գալիս են փաստելու, որ ՀՀ ռազմական ոստիկանությունում պարզապես քնած են, քանի որ ամիսների հաջորդականությամբ զորամասում իրավիճակը անվերահսկելի է մնում։ Արդյո՞ք մեկ մայոր, վաշտի հրամանատար ձերբակալելով կամ զորամասի հրամանատար փոխելով՝ հնարավոր է իրավիճակը փոխել։ Դատելով ընթացող զարգացումներից՝ ամենեւին էլ ոչ։ ՀՀ ՌՈ-ն պարտավոր է ոչ միայն գնալ արդեն կատարված հանցագործությունների հետեւից, այլեւ կանխել ու նախականխել դրանք։
Հիշեցնենք, որ երբ զինծառայող Արման Մուրադյանի ինքնասպանության դեպքը եղավ, գործով կալանավորվեց զորամասի գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Էմիլ Ավետիսյանը, Վոլոդյա Ավագյանի մահվան փաստով ձերբակալվեց մի ժամկետային զինծառայող, Րաֆֆի Մարաշյանի ինքնասպանության դեպքից հետո «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է վաշտի հրամանատար Զավեն Նազարյանը։ Իսկ զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանին առավել «դաժան» պատիժ են տվել՝ փոխել են նրա պաշտոնը։ Երբ զրուցեցինք Ա. Մուրադյանի հոր՝ Էմիլ Մուրադյանի հետ, նա հայտարարեց, թե իր տղային ինքնասպանության է հասցրել զորամասի մայոր Էմիլ Ավետիսյանը։ Իսկ Վ. Ավագյանի ծնողները առայժմ ոչինչ չգիտեն իրենց որդու մահվան մասին։ Միայն ասվել է, որ իրենց որդին պատահականության զոհ է դարձել։ Թե ինչ պատահականության մասին է խոսքը, նրանց դեռ ոչինչ հայտնի չէ:
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում