Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստ, կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանը պատմեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր կողքի խցում փակված է եղել Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը:
Տիգրան Առաքելյանի խոսքերով՝ «Շաբաթօրյակ արեցին, մաքրեցին՝ դրան տարան: Ասեցին գնա, Սուրիկին կբարեւես»:
Տիգրան Առաքելյանը վրդովված եւ վիրավորված էր. «Սպանության համար հետապնդում են դադարեցնում: Մեր խցում մեկը հոնի կոմպոտ է ընդամենը գողացել, արդեն տարուց ավելի է՝ նստած է: Մի քիչ արդար չի՝ մարդասպանը դրսում է, հոնի կոմպոտ գողացողը…նայում ես՝ զարմանում ես: Ոչ թե արդարադատությունը թերի է, չեն կարողանում իրականացնել, այլ արդարադատություն չկա: Դրա հովանավորը թե դատախազությունն է, թե դատավորներն են: Սուրիկի հետ կապված գործը նույնիսկ չթողեցին, որ դատարան հասնի, այսինքն, դատարանը դրան նույնիսկ չի էլ միջամտի: Ի՞նչ է նշանակում՝ մարդասպանին թողնում են դուրս, իսկ մեր նման անզեն պայքարողներին թողնում են կալանավայրերում: Ես չգիտեմ, թե դրա բացատրությունն ով կարող է տալ: Ես չգիտեմ՝ Սերժը, Պուտինը, թե ով, բայց մենք ենք մեր հարցերը լուծողը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ