«Առավոտն» այսօր ծանուցագիր է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, որով առաջարկվում է սեպտեմբերի 9-ին ներկայանալ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Լ. Ա. Պետրոսյանի մոտ թիվ 32102413 քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու համար։
Ավելի վաղ ունեցած զրույցներից պարզ է դարձել, որ հարցաքննության առարկան լինելու է հունիսի 4-ի մեր հրապարակումը՝ «Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին թմրանյութի ազդեցության տա՞կ է կրակել»: Քննիչին հետաքրքրում է, թե ինչպես է հրապարակվել նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը: Թեեւ ակնհայտ է՝ «Առավոտը» տվյալ գործով կողմ չէ, եւ ստորագրություն չենք տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ:
Վերոհիշյալ հրապարակման մեջ մասնավորապես գրել էինք. «Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի մեկին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների ժամանակ նրա որդին՝ ձերբակալված Տիգրան Խաչատրյանը, թմրանյութերի ազդեցության տակ է եղել: Aravot.am-ը այս տեղեկությունը ճշտեց Խաչատրյանների պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանից:
«Բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, ես դեռ արդյունքներից տեղյակ չեմ: Արդյունքները պատրաստ կլինեն ոչ ուշ՝ քան այս ամսվա 20-25-ը: Ես նման տեղեկություն չունեմ, որ Տիգրանը թմրանյութի ազդեցության տակ է եղել, իսկ անգամ եթե եղել է, ապա որեւէ դեր խաղալ չի կարող»,- Aravot.am-ին ասաց պարոն Սահակյանը»:
Կարդացեք նաև
Միանգամից նշենք այն, ինչ երկուշաբթի հայտնելու ենք հարցաքննության ժամանակ:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքի հոդված 5-ի՝ համաձայն
«1. Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:
Մենք մտադիր չենք բացահայտել տեղեկատվության աղբյուրը, եւ նախաքննության մարմինը կարող է փորձել դա իրականացնել դատարանի որոշմամբ, եթե արյան մեջ թմրադեղերի առկայության մասին տեղեկությունը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն է:
“….եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները”
Սա եւս կարեւոր է
Սա նույն բանն է, ինչ որ քաղաքացիական ակտիվիստին բռնի տանում են քաղմաս, մի չորս ժամ պահում, ապա բաց թողնում, ասես ոչինչ չի էլ եղել:
Մի բան չեմ կարողանում ինք ինձ պարզել, այս ՛՛ուրույն ձեռագիրը՛՛ մենթերի՞ց է անցել քաղաքացիական ոլորտ, թե հակառակը…