«Գորիկ Հակոբյանը արժանի չի լինի ԱԱԾ պետ կամ պետական պաշտոնյա, նրան տաքսիստի պաշտոնում չի կարելի հաստատել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես մեկնաբանեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հետ կապված վերջին միջադեպը:
Հիշեցնենք, որ նա ցուցարարներին, զոհվածի մորը ոչխար էր անվանել:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը ժամանակին հորդորում էր «Դուք»-ով խոսել ՀՀ քաղաքացու հետ՝ Լեւոն Զուրաբյանը արձագանքեց. «Հենց դա էլ այսօր պարզ ցույց է տալիս, որ այդ բոլորը ֆռռիկներ են, որ իրականում Սերժ Սարգսյանի կողմից այդ ամբողջ քարոզչությունը խաբեություն է: Չգիտեմ, օլիգարխների հետեւից պիտի ընկներ, եվրոպական արժեքներ պիտի բերեր, Դուք-ով պիտի խոսեին քաղաքացիների հետ: Իսկ իրականում մենք ի՞նչ ենք տեսնում: Տեսնում ենք միայն կեղծված ընտրություններ, բռնություն, կոպտություն՝ քաղաքացիների նկատմամբ, արհամարհանք: Այդպես էլ պիտի լինի: Պարզ բան է՝ չընտրված իշխանությունը երբեք քաղաքացու հետ իրեն քաղաքավարի չի պահելու: Միայն ընտրված իշխանությունը գիտի, որ իր մանդատով ինքը պարտական է քաղաքացուն»:
Հարցին՝ այն, որ Գորիկ Հակոբյանը իմանալով, որ տեսախցիկներ կան, իր խոսքն արձանագրվում է, միեւնույն է՝ չի փոխում իր բառապաշարը, դա չի՞ խոսում իր անձեռնմխելիության մասին՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Այդ մարդիկ ինքնահաստատվում են, երբ ինչ-որ մեկին ոչխար են ասում: Նրանց համար ժողովրդավարությունն արժեք չէ: Նրանք կարող են խոսել Եվրոպայի արժեքների մասին, բայց այդ արժեքներից որեւէ բան չհասկանան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ