Այսօր Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն»-ից առաջադարված պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Կապանի Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրից: Կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ պատահական չեն ընտրել քարոզարշավի մեկնարկի համար այս սրբազան վայրը եւ ուխտն էլ նվիրված էր բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որոնք բխում է ազգի, ժողովրդի շահերից:
«Հենց այնպես չընտրեցինք այս վայրը, շատ ենք կարեւորում այն ամենը, որը մեզ փոխանցվել է մեր պապերի կողմից՝ որպես պատգամ: Երբ Գարեգին Նժդեհի մասունքները ամփոփվել են Սյունիքի հողում, հենց այնպես չի եղել, նախաձեռնողները շատ են կարեւորել աճյունն այստեղ ամփոփելու գործողությունը, որովհետեւ հենց սրանով է պայմանավորված մեր ուժի զգացումը, մեր ազգայինի գիտակցումը: Գալիս ենք այստեղ՝ այն սուրբ վայրը, ստանում ենք այն ուժը, ոգին, որը պատգամվել է մեզ եւ ստանալով այն՝ փոխանցելու ենք բոլոին համատարած, ողջ հայությանը»,- նշեց Կապան ժամանած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով իր թիմակիցների հետ քարոզարշավի ողջ ընթացքում լինելու է «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանի կողքին եւ միասին այցելելու են բոլոր տարածաշրջաններ, հանդիպելու ընտրողների հետ:
«Այսօրվա պայքարը մեկ մարդու գործ չէ, բոլորիս համատարած գործողությունը պետք է ուղղված լինի մեկ նպատակի համար, որ ստեղծենք այնպիսի հայրենիք, որ լինի ազգահավաքի վայր: Մենք դա չկարողացանք անել 20 տարիների ընթացքում, այսօր ազգահավաքը սկսում ենք այստեղից»,-ասաց տիկին Փոստանջյանը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը հավաստիացրեց, որ արդարացնելու է բոլորի հույսերը եւ այսօրվանից արդեն իր համար առանձնացրել է առաջնային այն բոլոր քայլերը, որոնք պետք է հետագայում անի խորհրդարանում: Ազատամարտիկ թեկնածուն այսօր երեկոյան Կապանի մշակույթի տան հրապարակում հանդիպում կունենա կապանցի ընտրողների հետ, որտեղ էլ կներկայացնի իր հետագա ծրագրերն ու անելիքները: Առաջիկա օրերին էլ կմեկնի Մեղրի ու Ագարակ:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ