Լրահոս
Օրվա լրահոսը

Զինդատախազություն. «Զինված հարձակումն էլ ո՞նց է լինում»

Օգոստոս 28,2013 18:37

«Զինված հարձակումն էլ ո՞նց է լինում, թող գան ինձ բացատրեն: Ասում են՝ զենքը լիցքավորված չէր, փամփուշտ չի ունեցել: Այ, եթե զենքը լիցքավորված լիներ եւ փամփուշտ լիներ մեջը, զենքը գար հաներ, նրան չթողնեին խփել՝ դա կլիներ սպանության փորձ: Բայց եթե զենքը լիցքավորված չի եւ ինքը գալիս է ի ցույց բոլորի հանում է,ասում է՝ ո՞ւր է, Սուրիկին ասեք պտի խփեմ, ազգուտակը վերացնեմ՝ 137 հոդված է: Ի՞նչ է վիճարկում ինքը, ես չեմ հասկանում»,- Aravot.am-ի հետ զրույցում զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանն այսպես պատասխանեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի ներկայացրած փաստարկներին, որ Արտակ Բուդաղյանի զենքը լիցքավորված չի եղել, բայց անունը դրել են զինված հարձակում՝ տան վրա:

Ինչպես տեղեկացրել ենք, Հայկ Ալումյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ զինդատախազությունն ապատեղեկատվություն է տարածում եւ փորձում է Արտակ Բուդաղյանին ներկայացնել որպես ագրեսոր, հարձակվող կերպար՝ նրան տուժողից պաշտպանվող սուբյեկտի վերածելու նպատակով: Զինդատախազի տեղակալի մեկնաբանությամբ՝ «Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, որի բովանդակությունը հանրահայտ է: Պարոն Ալումյանը, երբ միջնորդել էր իր  պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, մերժվել էր այդ միջնորդությունը, բողոքարկել էր ինձ, ես էլ էի բողոքը մերժել: Զինվորական դատախազն իմ մերժած բողոքը նույնպես մերժել է: Մեր կողմից նրա բողոքները մերժելու որոշումներում մանրակրկիտ եւ հիմնավորված նշվել է, թե ինչում է կայանում նրա կողմից 137 հոդվածով նախատեսված հանցագործության կատարումը: Դա ոչ միայն մեր որոշումն է: Երբ նախաքննությունը կավարտվի, արդեն փաստաթղթերով ես կարող եմ ցույց տալ եւ իմ ասած ամեն ինչը հիմնավորել, որպեսզի մեկ անգամ եւս հանրությունը համոզվի, որ մենք ապատեղեկատվություն չենք տարածում»:

Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի օրգանիզմում հայտնաբերված թմրամիջոցների հետ կապված տեղեկատվությունը Արտակ Հարությունյանը խուսափեց մեկնաբանել. «Կան հանգամանքներ, որ ես այսօրվա դրությամբ համարում եմ նախաքննության գաղտնիություն եւ չեմ ուզում դրա մասին խոսել: Ժամանակը կգա՝ ամեն մեկնաբանությունը կստանաք»:

Մեր հարցին՝ այսինքն, գաղտնի՞ եք համարում Տիգրան Խաչատրյանի օրգանիզմում թմրամիջոցների առկայության կամ բացակայության տեղեկատվությունը՝ զինդատախազի տեղակալը պատասխանեց. «Հիմա ես չեմ ուզում փորձագետի այդ եզրակացությունը դարձնեմ նորից հրապարակային քննարկման առարկա»:

Մեր հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ այս գործի հետ կապված եւ ընդհանրապես կա անվստահություն՝ զինդատախազության նկատմամբ՝ Արտակ Հարությունյանը պատասխանեց. «Ինձ թվում է, անվստահությունը ստեղծվում է որոշ անձանց կողմից ապատեղեկատվություն տարածելու արդյունքում: Մենք հնարավորինս ուզում ենք հաղորդագրություններով հանրությունը ծանրութեթեւ անի, տեսնի, որ օբյեկտիվ քննություն է գնում»:

Մենք պարոն Հարությունյանին ներկայացրեցինք Գորիսի միջադեպի մասին Հայկ Ալումյանի մեկնաբանությունը, որ «առաջին երեք կրակոցը հնչում է այն ժամանակ, երբ միջադեպն, ըստ էության, արդեն ավարտվել էր, արդեն եղբայրները հեռացել էին այդտեղից, արդեն չկար իրարանցում եւ չկային փոխադարձ գործողություններ»:  Բացի այդ, Հայկ Ալումյանը պնդում է, որ դա Սուրիկ Խաչատրյանի տան վրա զինված հարձակում չէ, քանի որ Բուդաղյանները եղել են Դավիթ Բեկի փողոցում:

Զինդատախազի տեղակալը չհամաձայնեց. «Բա զենքով գալն ի՞նչ է՝ տան վրա: Դա Սուրիկ Խաչատրյանի առանձնատան հարող տարածքն է, փողոց չէ: Այդտեղ ուրիշ բնակելի տներ չկան, առանձնատուն է՝ իրեն հարող տարածքով»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031