Իր վերջին ասուլիսում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Գորիսի միջադեպի գործով շուտով սկսվելու են առերեսումները եւ իրենք մասնակցելու են: Սակայն պարզվում է՝ այսօր քննչական գործողություններին մասնակցելու համար հրավիրվել են Արտակ Բուդաղյանը, Հայկ Ալումյանը, զոհի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանը, սակայն նրանցից ներկայացել է միայն Արտակ Բուդաղյանը: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ Հայկ Ալումյանն իր չներկայանալը պատճառաբանել է այլ քրգործով դատական նիստին մասնակցելու առումով զբաղվածությամբ, Էմիլ Բուդաղյանն էլ ծանուցումը ստացել է, ծանուցագիրը ստորագրել է, բայց չի ներկայացել. «Նրանց հրավիրելու նպատակն այսօր կայացրած որոշումն էր՝ համալիր հանձնաժողովային դատաբժշկական, դատաձգաբանական,դատահետքաբանական, դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին: Արտակ Բուդաղյանը չի ցանկացել ծանոթանալ, քանի որ պաշտպանը ներկա չի եղել: Հրավիրվել են նաեւ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի պաշտպանները, որոնք ներկայացել են, ծանոթացել են եւ միջնորդություններ չեն ներկայացրել»: Ըստ Արտակ Հարությունյանի, Բուդաղյանները այս տեղեկատվությունն էլ գուցե մեկնաբանեն՝ որպես ապատեղեկատվություն:
Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանն ասուլիսում հերքում էր տարածված այն տեղեկատվությունը, թե Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ, առերեսումների մասնակցել: Նրա խոսքերով՝ «Ամեն ինչ արվում է, որ տուժած կողմից տեղափոխեն պաշտպանվող սուբյեկտի կարգավիճակի:
Այսօր զինդատախազի տեղակալը հաստատեց եւ պնդեց, որ իրականում Արտակ Բուդաղյանը հրաժարվել է մասնակցել առերեսումների եւ որ դա ապատեղեկատվություն չէ, ինչպես փորձում են ներկայացնել Բուդաղյանները. «Առերեսումների հետ կապված ՊՆ-ի քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել: Հարցաքննվել էր Արտակ Բուդաղյանը, այնքան, ինչքան որ ինքն էր նպատակահարմար գտել, պատմել էր տեղի ունեցածը, այնուհետեւ հրաժարվել էր պատասխանել քննիչի կողմից առաջադրված հարցերին: Երբ ծանոթացել են փորձաքննության եզրակացությանը՝ տեսաձայնային, դրանից հետո արդեն հրաժարվել են մասնակցել առերեսումներին՝ պատճառաբանելով, որ ուշ ժամ է: 19.40 է եղել, իսկ դա ուշ ժամ չէ: Քննչական գործողությունը նաեւ կարող է այդ ժամին կատարվել: Պատճառաբանել են, որ Արտակ Բուդաղյանը վատառողջ է, ունի բարձր ջերմություն, պարոն Ալումյանն էլ ստորագրել է արձանագրության տակ, որ ուշ ժամին դեռեւս պատրաստվում են 3 հոգու առերեսում անել, ի վիճակի չենք մասնակցել եւ չեն մասնակցել: Հիմա սա ապատեղեկատվությո՞ւն է, որ հրաժարվել են մասնակցել առերեսումներին: Կան արձանագրություններ, որոնք վկայում են այդ ամեն ինչը եւ որոնց տակ կա Հայկ Ալումյանի եւ Արտակ Բուդաղյանի ստորագրությունները»:
Ինչ վերաբերում է Հայկ Ալումյանի բացատրությանը, որ Արտակ Բուդաղյանը վատառողջ է, չի կարող մասնակցել առերեսումներին, զինդատախազի տեղակալը ներկայացրեց զինվորական հոսպիտալի ախտորոշումը, որը կատարվել է նույն օրը: Այն է՝ «հիվանդը հետազոտվել է, ստացիոնար բուժման կարիք չի ունեցել եւ հետ է ուղարկվել զորամաս»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ